«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ՉԵԽԱԿԱՆ «ԱՆԷՍՔՅՈՒԶԴ» ԹԱՏՐՈՆԸ «ՍԱՐՈՅԱՆ-100» ԾՐԱԳՐՈՒՄՙ «ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

«ՀայՖեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում անցկացվող «Սարոյան-100» փառատոնի ծրագրում ներկայացումներով հանդես կգան Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Կանադայի եւ Ռուսաստանի թատերախմբերը, ովքեր կներկայանան ամերիկահայ հանրաճանաչ գրողի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված բեմականացումներով:

Երեւանյան փառատոնին հայ հանդիսատեսին Երեւանի պետական կամերային թատրոնում Չեխիայից ժամանած «Չներված թատրոն» կամ «Անէսքյուզդ»-ը ներկայացրեց Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմականացված տարբերակը: Երեկ Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում թատերախմբի անդամ, հայազգի Անդրան Աբրահամյանի հետ: Երիտասարդ բեմադրիչի խոսքով, Չեխիայում Սարոյանի ստեղծագործությունները հանրաճանաչ են ու անգլերենից թարգմանվել են չեխերեն: Դրանցից 15 անուն Աբրահամյանը Հայաստան է բերել: Իսկ վերոնշյալ ստեղծագործությունը թարգմանված չի եղել:

«Ինձ շատ է դուր գալիս հատկապես «Իմ սիրտը լեռներում է» գործը, որ թարգմանել եմ չեխերեն: Այնուհետեւ փորձեցի այն բեմադրել չեխ դերասանների հետ: Առաջին անգամ պիեսը Չեխիայում ներկայացվել է անցյալ տարի հունվարին եւ արժանացել լավ ընդունելության: Հույս ունեմ հայ հանդիսատեսին նույնպես մեր խաղը դուր կգա», ասաց նա:

Ի դեպ, դերասանները չեխեր են: «Անէսքյուզդը» անկախ թատրոն է, որը նպատակ ունի բեմադրելու ժամանակակից ստեղծագործություններ: Ա. Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ Չեխիայում հայկական թատրոն չկա, սակայն չեխական թատրոնները շատ են բեմադրում սարոյանական պիեսները:

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ նաեւ ոչ պաշտոնական հանդիպում բեմադրիչների, դերասանների, նաեւ սարոյանագետների մասնակցությամբ, որը կրում էր «Սարոյանը եւ թատրոնը» խորագիրը: Հանդիպման նպատակն էր բացահայտել Սարոյանի պիեսների առանձնահատկությունները, օտարազգիների կողմից դրանք բեմականացնելու փորձերը:

Հոկտեմբերի 10-11-ը կանցկացվի Դ. Հինթոնի պարային ֆիլմերի հետահայաց ցուցադրություն

«ՀայՖեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի ղեկավարությունը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը փառատոնի շրջանակներում համատեղ իրականացնում են կինոծրագիր` «Պարային ֆիլմերի համագործակցություն» խորագրով, որի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 10-11-ը կանցկացվի հանրահայտ ռեժիսոր Դավիթ Հինթոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Երեկ հրավիրված ասուլիսում Ազգային պատկերասրահի կինոծրագրերի պատասխանատու Մելիք Կարապետյանը նշեց, որ արդեն 2-րդ տարին է` համագործակցում են «ՀայՖեստ» փառատոնի հետ, որի արդյունքում երեւանյան հանդիսատեսը հնարավորություն է ունենում դիտելու արտասահմանցի նշանավոր ռեժիսորների ժանրային ֆիլմերը:

«Իմ ծանոթությունը Հայաստանի հետ եղել է Փարաջանովի ֆիլմերի միջոցով, այնուհետեւ ռեժիսոր Ալլա Կովգանի շնորհիվ ծանոթացա նաեւ Փելեշյանի գործերին: Այժմ Հայաստանում եմ, փորձում եմ հնարավորինս ծանոթանալ հայկական թատրոնին ու արվեստին, եւ շատ ուրախ եմ, որ իմ գործերն այսօր հասու են նաեւ հայ հանդիսատեսին», նշեց Հինթոնը:

Ներկայացվելիք ֆիլմերից մեկն անցյալ տարի Մոզամբիկում Ա. Կովգանի հետ համատեղ նկարահանված «Նորա» պարային ժապավենն է, որը պատմում է աֆրիկացի հայտնի պարուհու մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Միացյալ Նահանգներում, իսկ երեւանյան ցուցադրումից հետո այն կհյուրընկալվի նաեւ Մոսկվայի կինոթատրոններում: Կցուցադրվեն նաեւ «Թռչունները», «Տարօրինակ ձուկը» ֆիլմերը:

Այդ օրերին Ազգային պատկերասրահում կանցկացվի նաեւ սեմինար` պարային ֆիլմերի ժանրերի վերաբերյալ:

Նշենք, որ Հինթոնը պարային ֆիլմերի ժանրում հանրահայտ ռեժիսորներից է եւ համարվում է աշխարհում պարային ֆիլմերի ակադեմիայի հիմնադիրը: Նրա հայտնի գործերից են նաեւ «Հպվածը», «Մոնոքրոմ մարդու մահացած երազները» եւ այլ գործեր: Նա մի շարք փառատոների դափնեկիր է, աշխատել է «DV8», «Ուենդի Հաուսթոն», «Ռասսել Մալիֆանտ» հայտնի թատերական խմբերի հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4