«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ԹՄՄ «ՀԱՅԿԱՇԵՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

1960-ականներից սփյուռքում մեծ համարում եւ հեղինակություն ունեցող Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունը, բարերարի իսկ նախաձեռնությամբ, վերջին տարիներին իրականացվում է Հայաստանում: Եվ արդեն 4-րդ տարին է, երկրորդ մրցանակաբաշխությունը անցնում է առանց Հայկաշեն Ուզունյանի, սակայն նրա դուստրերիՙ Թալին եւ Անի Ուզունյանների հովանավորությամբ:

Երկու տարին մեկ իրականացվող մրցանակաբաշխությունը կայացավ երեկՙ գրականության եւ հայագիտության ոլորտում կատարած կոնկրետ աշխատանքների համար տրվեց 4 մրցանակ: Հրաչիկ Միրզոյանըՙ «Գրիգոր Նարեկացու բառաստեղծման արվեստը», Սերգեյ Հարությունյանըՙ «Հայ հմայական եւ ժողովրդական աղոթքներ», Յուրի Ավետիսյանըՙ «Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի զուգադրական քերականություն», Գառնիկ Գալստյանըՙ «Ժամադրություն աշխարհի հետ» գործերի համար արժանացան «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի:

«Գիտական կիրքն է առաջնորդել Հրաչիկ Միրզոյանին անդրադառնալու 10-րդ դարի հայ մտածողին եւ ներկայացնելու Նարեկացի մարդուն: Նարեկացիագիտության մեջ այս գործով ունենք նոր խոսք», կարծիք հայտնեց լեզվաբան-բառարանագիր Սերգեյ Գալստյանը: Ինքը` Հրաչիկ Միրզոյանն ընդգծեց նարեկացիագիտության կենտրոնի գոյության անհրաժեշտությունը պնդելով, որ այն վաղուց է հասունացել, բայց դեռ ուշ չէ:

Արմեն Սարգսյանն, անդրադառնալով Սարգիս Հարությունյանի «Հայ հմայական եւ ժողովրդական աղոթքներ» գործին, եզրակացրեց. «460 աղոթքների այս համահավաք հրատարակությունը լուրջ ներդրում է հայ բանահյուսական նյութի ուսումնասիրման ոլորտում եւ եղած պատկերացումներն ամբողջացնելու հնարավորություն»: Ուսումնասիրության հեղինակն ուղղակի կարեւորեց ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունը Հայաստանում իրականցնելը, այն հայության հաղթանակ համարելով:

«Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի զուգադրական քերականություն» ուսումնասիրությունը արեւելահայերենի եւ արեւմտահայերենի ուսումնասիրման անհավասարակշռությունը պակասեցնելու հաջող փորձ է, որ իրականացրել է Յուրի Ավետիսյանը: Ի մի է բերել քերականությունների տարբերությունները, արժանիքները, զարգացման ուղիները, հնարավոր սխալներն ու դրանցից խուսափելու հնարավորությունները», կարծիք հայտնեց լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը: Ինքըՙ մրցանակակիր հեղինակը ԹՄՄ գնահատականը պարտավորեցնող համարեց:

Կալիֆոռնիայում ապրող, ստեղծագործող գրաքննադատությունից ստեղծագործելու անցած Գառնիկ Գալստյանի «Ժամադրություն աշխարհի հետ» ժողովածուն էլ, ինչպես փաստեց գրականագետ Երվանդ Ազատյանը, արժեքավոր պոեզիայի նմուշ է, որ ներառում է հեղինակին հատուկ ջերմությունը, քնքշությունը, զգացմունքայնությունը:

Թալին եւ Անի Ուզունյանները մրցանակներն հանձնելով ընդգծեցին, որ կարեւորում են մրցանակաբաշխության շարունակականությունը եւ մրցանակի արժանացած գործի անգլերեն թարգմանելու անհրաժեշտությունը, որ նույնպես իրականացնում են: «Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնախմբիՙ Ռուբեն Միրզախանյանի, Երվանդ Ազատյանի, Հակոբ Ավետիքյանի, Վաչե Սեմերջյանի կատարած աշխատանքի համար շնորհակալ լինելով հանդերձ, ափսոսում եմ, որ անմիջականորեն չենք կարող մասնակցել գործերի ընտրությանը, բայց հույս ունենք, որ Անի Ուզունյանի կրտսեր դուստրը, որ ավարտել է Մելգոնյան վարժարանն ու հիանալի տիրապետում է արեւմտահայերենին, շուտով կմիանա հանձնախմբի աշխատանքներին», տեղեկացրեց Թալին Ուզունյանը:

Ի հավելումն Երվանդ Ազատյանն իր խոսքում նշեց. «Սփյուռքում ստեղծագործող եւ ստեղծագործողներին այս կամ այն կերպ աջակցող անձինք շատ են եղել ու կան, սակայն հազվադեպ են նրանց մահից հետո զավակները շարունակում վերջիններիս գործը: Ուզունյանների դեպքում ոչ միայն երկրորդ, այլեւ երրորդ սերունդն է ստանձնում մասնակցություն Հայկաշեն Ուզունյանի գործի շարունակության: Ինչը չափազանց կարեւոր ու գովելի է»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4