«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


«ԲԻԹԼԶԻ» ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ

«Բիթլզ»-ի գաղափարատուիՙ Ջոն Լենոնի ծննդյան օրն էր երեկ «Ուրբաթ» ակումբում համախմբել բանախոսներին:

Պուշկինի փողոցում է գործում «BEATLSE» ակումբը: Այն ունի մշտական ու նոր հաճախորդներ: Մարդիկ ակումբ են գալիս լավատեսությամբ ապրող համախոհների միջավայրում գտնվելու եւ տասնամյակներով սիրված խմբի երաժշտությունն ունկնդրելուՙ ամենատարբեր կատարումներով: Ակումբի լինելիությունը հենց այդ նպատակով էլ անհրաժեշտ է համարել Արդահան Տեր-Դավթյանն ու հիմնադրել այն. «Բիթլզի» պրոպագանդումն ի բարին է»:

«Երբ տեսնում ես «Բիթլզ» լսող մեկին, կարող ես մոտենալՙ վստահությամբ, որ գտել ես հարազատ մարդու. մտածողության, սկզբունքների նույնություն կլինի: Շատերի, օրինակՙ Ատոմ Էգոյանի հետ հենց այդկերպ մտերմացանք», երեկ «Ուրբաթ» ակումբում պատմեց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը խմբի այն երկրպագուներից է, որոնք երաժշտության ոլորտում լիվերպուլյան քառյակի ազդեցությունը կրել են եւ խումբ ստեղծել: Նա «Երազողներ» խմբում է եղել, որի գոյությունը խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից անթույլատրելի է համարվել, բայց դա ամենեւին չի թուլացրել հետաքրքրությունը «Բիթլզի» երաժշտության ու մտածողության հանդեպՙ դառնալով կենսակերպ:

«1963-ին առաջին անգամ լսեցի «Բիթլզի» երգերից ու դա հեղափոխություն եղավ ոչ միայն ինձ համար: Նրանց հայտնությունն այդ ազդեցությունն ունեցավ ողջ աշխարհում: Այդուհետեւ նրանց ամեն մի երգը տոն էր ու մինչեւ հիմա էլ 45 տարի է անցել, բայց տոն է ընկալվում», փաստեց Զավեն Սարգսյանը: Խորհրդային տերության ստեղծած արգելքների հաղթահարմանն օգնելու քայլեր էին անում նաեւ բիթլզասեր պաշտոնյաները, ինչպես տեղեկացրեց բանախոսը, Հայաստանի ռադիոպետկոմի նախագահ Ջոն Կիրակոսյանը 1969 թվականին աջակցել է ռեժիսոր Անատոլի Մոկացյանին «Բիթլզի» մասին ֆիլմ նկարահանելու. «Բայց Ջոն Կիրակոսյանից հետո պաշտոնավարելու եկավ Մավր Դավթյանն ու մոտեցումը կտրուկ փոխվեց, եւ այսօր միայն կտորներ կան հեռուստատեսությունում»:

Բոլոր սերունդների բիթլզասերները անկաշառության, լավատեսության, նյութապաշտությունից հեռու կենսակերպի կրողներն են, որն էլ «մատնում է» նրանց: «Եթե անգամ Մոզամբիկում էլ տեսնես «Բիթլզ» լսող մեկին, ում լեզուն չգիտես, հանգիստ կարող ես բարեկամանալ», երաշխավորեց Նարեկը «Բամբիռ»-ից:

Բանախոսները, որ կատարել ու կատարում են «Բիթլզի» երգերից, դրանք համադրում են դասական երաժշտության հետ. «Դասական երաժշտության նման էՙ չես կարող փոխել, պետք է երգես այնպես, ինչպես կա»:

«Բիթլզ» լսող եսՙ ուրեմն ժպիտն ու դրական էմոցիաները չեն պակասի կյանքիցդ», որպես հավաստում-կոչ ասաց Նարեկը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4