«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՇԱՑԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը : Նա ներկայացրեց ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանության քննչական գլխավոր վարչության կատարած աշխատանքները, կառուցվածքային փոփոխությունները եւ մի շարք աղմկահարույց քրեական գործերի ընթացքը:

Այնուհետեւ լրագրողների պահանջով պրն Համբարձումյանը անդրադարձավ «Օդնոկլասնիկ» սրճարանի ու դրա հետ կապված սպանությանը, նշելով, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ հայտարարություն տվող կնոջ նկարագրած փաստերը չեն համապատասխանի իսկությանը (խոսքը բռնաբարության պնդմանն է վերաբերում), ապա այդ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության: Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Արթուր Սահակյանի ահազանգից 1,5 ժամ անց են ոստիկանները դեպքի վայր ժամանել, եւ եթե ժամանակին գնային, գուցե եւ զոհ չլիներ, պատասխանեց. «Քննության ընթացքում ստուգվում են նոր փաստերը, հայտարարությունները, արդեն իսկ հարցաքննվել են բոլոր միջադեպերին առնչվող անձանց եւ երեք հոգի արդեն կալանքի տակ են գտնվում: Իսկ պատգամավոր Լյովա Խաչատրյանին այս երկու օրը կհարցաքննենք: Իսկ Լեւոն Սարգսյանի («Ալրաղացի Լյով») մասին ոչ-ոք ցուցմունք չի տվել, ուստի նրան չենք հարցաքննել: Ինչ վերաբերում է ոստիկանության ուշացմանը, ցավոք նման իրավիճակներ կարող են տեղի ունենալ, բայց տվյալ դեպքում այդ դժբախտությունը արդեն տեղի էր ունեցելՙ գազանությունը այդ երիտասարդի նկատմամբ իրականացվել էր: Ինչ խոսք, ծառայողական քննությունը բոլոր հարցերին պատասխան կտա ու բոլորն իրենց մեղքի բաժինը կկրեն»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4