ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այս տարի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը կատարել է ավելի քան 1100 ստուգում (նախորդ տարի նույն ժամանակահատվածում կատարվել էր 900 ստուգում), պարզվել են բազմաթիվ թերություններ` կապված մակնշման, ժամկետանց մթերքների, սերտիֆիկատների բացակայության եւ այլնի հետ: Ստուգման ենթարկված մթերքների անվտանգությունը ապահովելու համար ձեռք են առնվել մի շարք միջոցառումներ:
Այս մասին երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը:
Կատարված ստուգումների ընթացքում ոչնչացվել են ավելի քան 27 տոննա կաթնամթերք, 6 տոննա ձկնեղեն, 7 տոննա երշիկեղեն, 26 000 շիշ գարեջուր եւ 12 000 շիշ օղի: 7 տոննա մսամթերք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ կետում եւ հետ ուղարկվել:
«Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում վերջին 20-25 տարվա ընթացքում որեւէ աշխատանք չի տարվել, հոկտեմբերի սկզբից ստուգումներ ենք կատարում նաեւ նշված վայրերում: Իրավիճակը շատ ցածր մակարդակի վրա է, անելիքները բազմաթիվ են: Բուֆետներում պատրաստվող սնունդը չի համապատասխանում ներկայիս պահանջներին: Ավելի քան մեկ շաբաթ աշխատելուց հետո մեկ ամիս ժամանակ ենք տվել տնօրեններին եւ դպրոցում հասարակական սնունդ ապահովող կազմակերպություններին` թերությունները վերացնելու առաջադրանքով», ասաց Գրիշա Բաղիյանը` հավելելով, որ նոյեմբերից հանրակրթական դպրոցներում ու մանկապարտեզներում կրկին անցկացնելու են ստուգումներ:
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսից հացի քաշին հետեւելու գործընթացին, Գրիշա Բաղիյանը նշեց. «Մեզ տրվել է մեկ ամիս ժամանակ` ուսումնասիրություններ կատարելու համար: Այցելել ենք շուրջ հարյուր խանութ:
Հայտնաբերել ենք բազմաթիվ թերություններ: Կան թերակշռված հացեր, պիտակների վրա բացակայում է հացի իրական քաշը: Շուտով կներկայացնենք համապատասխան հաշվետվություն», ասաց նա:
Բանախոսը նշեց, որ ընթացիկ տարին անասնաբուծության համար բարենպաստ էր, վարակիչ հիվանդություններ եւ անկման դեպքեր չեն արձանագրվել:
«Կան որոշ հիվանդություններ, որոնք էական, մեծ դեր չեն խաղում: Նկատվել է բրաձոտ կոչվող հիվանդություն ոչխարների մեջ: Վերելք է ապրել կատաղություն հիվանդությունը շների ու գայլերի մեջ, ինչի պատճառով վնասներ են կրել հատկապես Շիրակի, Լոռվա եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչները», ասաց նա:
Անդրադառնալով խոզի մսի կտրուկ թանկացմանը, նա նշեց. «Նախորդ տարի ունեցել ենք խոզի մսի թանկացում: Հայաստանում, երբ որեւէ ապրանքի գինը բարձրանում է` մնացածներում նույնպես զգացվում է գնաճ: Խոզի մսի թանկացման միտումը շարունակվում է: Այդ պատճառով խոզի միսը Հայաստան կներկրվի արտասահմանից: Տնտեսվարող սուբյեկտներն արդեն որոշ գործունեություն են իրականացնում եւ հունվարից խոզի միսը կէժանանա»:
Ինչ վերաբերում է աֆրիկյան ժանտախտ հիվանդությանը` գարնանից մեր հանրապետությունում հիվանդության դեպքեր չեն գրանցվել, սակայն դա չի նշանակում, թե վիրուս չկա: Բանախոսը նշեց, որ հանրապետության տարբեր հատվածներում, հատկապես անտառային գոտիներում կան հիվանդության բացիլներ, եւ չի բացառվում, որ հետագայում հնարավոր է աֆրիկյան ժանտախտի տարածում: