Նախագահ Սերժ Սարգսյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստում քննարկվել եւ ընդունվել է մինչեւ 2020 թվականն ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարությունը: Նիստում քննարկվել է մինչեւ 2020 թվականն ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ուղղությունները տրանսպորտի ոլորտում: 2008 թվականի փետրվարին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում որոշվել էր հաջորդ տարվա համար ԱՊՀ պետությունների համագործակցության գլխավոր ոլորտ համարել էներգետիկան, ուստի պետությունների ղեկավարներն ընդունել են 2009 թվականին էներգետիկայի ոլորտն ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտ համարելու փաստաթուղթը: Ընդունվել է նաեւ ԱՊՀ երկրների միջսահմանային համագործակցության կոնվենցիան: Ղրղզստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկումները հետագայում շարունակվելու են ընդլայնված կազմով: Այս կազմակերպությունում Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի: