«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԱՊԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԿՎԵՐԱԾՎԻ ՆԱԵՎ ՔՐԴԱԿԱՆԸ»

Հայտարարում է Աքթութունի զորամասի նախկին հրամանատար Էրդալ Սարըզեյբեքը

Հոկտեմբերի 5-ին Իրանին եւ Իրաքին սահմանակից Հաքքյարի վիլայեթի Շեմդինլի գավառի Աքթութուն գյուղի մոտակայքում տեղակայված Աթաթուրքի անվան զորամասի վրա PKK-ի կատարած հարձակումն ու առավել եւս 17 թուրք զինծառայողի սպանությունը, այն էլ գլխավոր շտաբի տվյալներով միայն, պատճառ դարձան, որ թուրքական իրականության մեջ վերստին քննարկման առարկա դառնա քրդական այս կազմակերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի համագործակցության նպատակահարմարությունը:

Թուրքական կենտրոնական թերթերը դրան արձագանքեցին հետեւյալ հարցադրմամբ. «Եթե զորամասի վրա հարձակումն իրականացնող PKK-ականները Թուրքիա են ներթափանցել Հյուսիսային Իրաքից, ապա ինչո՞ւ ամերիկյան հրամանատարությունը ժամանակին չի զգուշացրել թուրքական կողմին»: Ակնարկը, ինչպես Հյուսիսային Իրաքի, այնպես էլ «Քուրդիստան» շրջանի իշխանությունների վրա ամերիկյան հրամանատարության հաստատած վերահսկողության մասին է: Չպետք է սակայն մոռանալ, որ զորամասի վրա կատարված հարձակումից 10 օր առաջ, տեղեկանալով դրա նախապատրաստման մասին, այդ նույն թերթերի վկայությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբին զգուշացրել էին Ազգային հետախուզական կազմակերպությունըՙ MIT-ը եւ Անվտանգության գլխավոր վարչությունը:

Եթե թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը չի կանխել Աքթութունի զորամասի վրա կատարված հարձակումըՙ անտեսելով նախազգուշացումները, կնշանակի ահաբեկչությունը երկրում արմատախիլ անելու կարգախոսով PKK-ի դեմ ծավալվող ռազմական գործողություններն ընդամենը ֆոն են քաղաքականության համար կամ էլ, ինչպես Վաշինգտոնում էին հայտարարել, Թուրքիայում ԱՄՆ-ի դաշնակիցը բանակն էՙ ի դեմս գլխավոր շտաբի:

Քննարկումները նոր հրապարակումներով շարունակվում են: Դրանցից թերեւս ամենաուշագրավը Աքթութունի զորամասի նախկին հրամանատար, պաշտոնաթող գնդապետ Էրդալ Սարըզեյբեքի հետ հարցազրույցն է, որը երեկ «Քրդական հարցը Հայկականի է վերածվելու» վերնագրով հրապարակվել է «Հաբեր ակտուել» կայքէջում: Նախքան հարցազրույցին անցնելը նշենք, որ Սարըզեյբեքը 1992-94 թթ. ծառայել է Շեմդինլիում, անմիջական մասնակցություն է ունեցել 1992-ի սեպտեմբերի 13-ին Աքթութունի զորամասի պաշտպանությանը, որի ընթացքում PKK-ն 22 զինծառայող էր սպանել: 2005-ին իր դիմումի համաձայն թոշակի անցնելով, գնդապետ Սարըզեյբեքը գրի է առել «Դավաճանության ականատեսն եմ» գիրքը, որտեղ պատմում է Աքթութունի վրա կատարված հարձակումների եւ PKK-ի հետ կռիվների մասին իր հուշերը:

Սարըզեյբեքը, պատասխանելով PKK-ի վերջին հարձակման վերաբերյալ հարցերին, նշում է. «Շեմդինլիում պետություն որպես այդպիսին գոյություն չունի: Կան միայն զինվորականներ եւ բնակիչներ: Երկուսն էլ լքված են: Եթե խնդրո առարկան ահաբեկչությունն է, ապա պետությունը դրա դեմ պետք է պայքարի պետական բոլոր կառույցներով, այլ ոչ թե զորքով միայն»: Այնուհետեւ նա անդրադառնում է PKK-ի արխիվին, ասում է, որ դա շատ լուրջ արխիվ է, որտեղ մեկ առ մեկ արձանագրված է, թե որ զինծառայողին ով է սպանել: Սարըզեյբեքը պահանջում է թուրքական իշխանություններից առգրավել այս արխիվը եւ բերել Սիրիայից, քանի որ հետախուզությանը հայտնի է դրա գտնվելու վայրն ու հասցեն:

Այնուհետեւ նա կարծիք է հայտնում, որ PKK-ի բյուջեն տարեկան 500 մլն եվրո է կազմում, գումարները փոխանցվում են Շվեյցարիա, «Քրդերի համերաշխության» հիմնադրամի հաշվեհամարին, ապա դիմում է իշխանություններին. «Եթե դուք միտումնավոր եք հանդուրժում այդ գանձարանի գոյությունը, կնշանակի զենք եք բարձրացնում մեր զինվորի վրա»:

Վերջում պաշտոնաթող գնդապետ Էրդալ Սարըզեյբեքն ավելացնում է. «Թուրքիան կանգնած է մեծ վտանգի առջեւ: Քրդական հարցը կվերածվի Հայկական հարցի: Հայկական հարցն ու, այսպես կոչված, Քրդական հարցը միմյանց համադրությունն են: Երբ դադարեցին ԱՍԱԼԱ-ի սպանությունները, հայաստանյան պետությունը հարցը վերածեց հայերի ցեղասպանության եւ փոխադրեց միջազգային քաղաքականության ասպարեզ: Հիմա էլ քրդերն են սպանություններ կատարում: Սակայն թիկունքում պետականություն չունեն: Վաղը, մյուս օրը, երբ քրդական պետություն ստեղծվի, Քրդական հարցը կստանա այն բնույթը, ինչ Հայկականը ստացավ: Հայտարարում ենք, որ ոչնչացվել է 32 հազար ահաբեկիչ: Ոչնչացվածների մեծամասնությունը թաղված չէ: Հյուսիսային Իրաքում Կանդիլ սարը ռմբակոծեցինք: Մեռածներն առ այսօր հողին չեն հանձնվել: Եթե քրդական պետությունը ստեղծվի, ապա Բարզանի կոչված այդ մարդը բոլորին կկանչի Հյուսիսային Իրաք եւ կասի. «Թուրքիան կոտորած է սարքել, ահա ձեզ ապացույցը: Խնդրեմ, սպանվածների մնացորդներն են»: Հետեւաբար, մենք այսօրվանից պատրաստ պետք է լինենք, որ կարողանանք ասել. «Հիրավի, 100 ահաբեկիչ սպանել ենք, բայց փոխարենը 33 զոհ ենք տվել»: Այլապես դժվար կլինի»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4