«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ երկու հայտարարությամբ:

Առաջինը վերաբերում է հոկտեմբերի 17-ի հանրահավաքին, որի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող «կարեւորագույն» բացահայտումներ, ինչպես նաեւ գործողությունների ծրագիր: Մատենադարանի մոտ տեղի ունենալիք հանրահավաքից հետո տեղի կունենա նաեւ երթ:

Երթ անցկացնելը, ըստ ընդդիմադիր գործչի, նաեւ սկզբունքի հարց է իրենց համար, քանի որ մարտի 1-ից ի վեր իշխանությունները ոչ մի երթ չեն թույլատրել (բայց իրենք երթ կազմակերպել են) եւ իրենք խնդիր ունեն վերականգնելու հասարակության երթ անելու իրավունքը:

Այնուհետեւ անդրադառնալով երթի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության հետ համագործակցությանը, Լ. Զուրաբյանն ասաց, թե օգոստոսի 25-ից ի վեր ոստիկանության գործողություններն ավելի ագրեսիվ են դարձել եւ համագործակցությունը առաջվա նման չի ստացվում, սակայն իրենք պատրաստ են նման հարցում համագործակցել ոստիկանների հետ:

Երկրորդ հայտարարությունը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը եւ մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը:

«Մենք կարեւոր ենք համարում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի հայտարարությունըՙ ուղղված մեր իշխանություններին, որը պահանջում է դրսեւորել քաղաքական կամք եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Հայտարարությունում նաեւ նշված է, որ իշխանություններն իրենց «հանցագործությունների շարքում մտածել են իրականացնել մի նոր հրեշավոր հանցավորություն»: Խոսքը վերաբերում է յոթ քաղբանտարկյալների գործի նախաքննությանը: Նախաքննական մարմինը մարտի 1-ի բոլոր տուժածներին, այդ թվումՙ բոլոր զոհերին, ընդգրկել է գործում որպես տուժողների:

Խոսելով այն մասին, որ ժողովուրդը հանրահավաքների գալով, ակնկալում է լսել վճռական գործողությունների մասին, Զուրաբյանը նշեց, որ իրենք ցանկանում են ժողովրդի մտածելակերպից հանել այն միտքը, որ մեկ օրում կարելի է լուծել բոլոր հարցերը: «Անգամ եթե մենք հասնենք մեր նպատակին, եւ լինեն արտահերթ նախագահական ընտրություններ ու ՀԱԿ-ը հաղթի, դա կլինի միայն սկիզբը, եւ դրանով դեռ Հայաստանում ժողովրդավարություն չի կառուցվի: Մենք իրավունք չունենք շենքեր գրավելու, դրանով մենք կվտանգենք ապագա ժողովրդավարությունը»: Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են ամերիկացի փորձագետների հետ, ովքեր պարզ ասել են, որ լուրջ փորձառություն ունեն եւ ցանկանում են այդ փորձառությունը փոխանցել իրենց:

Լեւոն Զուրաբյանը հանդիպման ժամանակ նշել է, որ եթե ԱՄՆ-ում նման խնդիր ծագեր, ապա համապատասխան հանձնաժողովում ներկայացված կլինեին հավասար քանակով Հանրապետական եւ Դեմոկրատական ներկայացուցիչներ:

«Իսկ եթե մեզ մոտ ստեղծվող մարտի 1-ի փաստահավաք խմբում ներկայացված չլինեն հավասար քանակով իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ լիազորություններ չտրվենՙ վկաներ կանչելու եւ հարցաքննելու կամ ձեռք բերելու փաստաթղթեր, ձայնագրություններ ու տեսագրություններ, ապա դա ընդամենը ֆարս է լինելու», ասում է Զուրաբյանը:

Լեւոն Զուրբյանի մատուցմամբ` իրենք պատրաստ են ընդգրկվել հանձնաժողովի մեջ, եթե իրենց առաջարկեն:

Խոսելով տեսագրությունների մասինՙ ակումբի հյուրը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը մարտին ասուլիս էր տվել եւ ասել, որ իրենք «տոննաներով տեսագրություններ ունեն»ՙ բոլոր անկյուններից նկարահանած:

«Բայց այսօր պարզվում է` ԱԺ մարտի մեկի ողորմելի հանձնաժողովին որեւէ տեսագրություն չեն կարողանում տրամադրել: Այստեղից հետեւությունՙ կամ Սերժ Սարգսյանն էր ստում, կամ հիմա ստում են ոստիկանության ու ԱԱԾ մարմինները, որոնք ասում են, որ չունեն որեւէ տեսագրություն: Որոշեքՙ ո՞րն է ճիշտ», ավելացրեց Զուրաբյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4