«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2008-10-09 | #186, 2008-10-10 | #187, 2008-10-11


ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ Է»

Վերջին տարիներին երեւանյան համերգասրահներն ամռան կեսից եւ աշնանը տարբեր փառատոների շնորհիվ հագեցած գրաֆիկով են աշխատում եւ հյուրընկալում դասական երաժշտության սիրահար ունկնդրին: Ներկայում ընթացքի մեջ է «Վերադարձի» դասական երաժշտության երկրորդ փառատոնը, որի հեղինակություն եւ ճանաչում ձեռք բերելուն չի կասկածում կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանն ու փառատոնն ավանդական դարձնելու հիմքերն է տեսնում. «Այս հեռանկարն էլ պարտավորեցնում է մեզ. յուրաքանչյուր փառատոն պետք է ներկայանա նորովի եւ չափանիշների ու մակարդակի ընդհանուր հաստատում լինի»:

Այս տարի փառատոնը բացվել է Գերմանիայում բնակվող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ «Վերադարձի» փառատոնի նվագախմբի համերգովՙ Վլադիմիր Խաչատրյանի (Գերմանիա) խմբավարությամբ: Այնուհետեւ հոկտեմբերին փառատոնի շրջանակներում հետեւեց եւս 3 համերգՙ Ավստրիայից, Գերմանիայից ժամանած եւ հայաստանաբնակ 9 հայ երաժիշտների, «Նարեկացի» կամերային նվագախմբի մասնակցությամբ:

«Վերադարձի» փառատոնի նոյեմբերյան առաջին համերգը ֆրանսաբնակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մենահամերգն է, որ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում է: Նախորդած ասուլիսում երաժիշտը մի դիտարկում ընդգծեց. «Խիստ ուրախալի է Հայաստանում դասական երաժշտության ունկնդիրների մեջ մեծ թվով երիտասարդներ տեսնելը, ինչը չեմ կարող ասել եվրոպական երկրների մասին»: Իր իսկ մատնանշած իրականության հիմքը Վարդան Մամիկոնյանը համարեց դասական երաժշտության հասանելիությունը. «Բավական երկար ժամանակ երաժշտական կրթությունը համարյա պարտադիր ուսուցման մակարդակում էր Հայաստանում»:

Անդրադառնալով բուն փառատոնինՙ դաշնակահարը ոչ միայն հայաստանյան ունկնդրին դասական երաժշտության բարձրակարգ կատարումներ ներկայացնելը կարեւորեց, այլեւ տարբեր երկրներում աշխատող հայ երիտասարդ երաժիշտներին հայրենիքում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Ինքըՙ Վարդան Մամիկոնյանը Երեւանում եւ Մոսկվայում մասնագիտական կրթություն ստանալուց հետոՙ 1991-ին հաստատվել է Փարիզում եւ մասնագիտական հարուստ կենսագրություն ունի: Վերջինին հասնելուն, ըստ երաժշտի, ոչ միայն լավ կրթությունն ու օժտվածությունն են նպաստել, այլեւ Եվրոպայում գտնվելը. «Երբ մի վայրում ես, ուր զարգացումներին մոտ ես կանգնած, կրճատվում են նաեւ զանազան դժվարություններ, չնայած չեմ կարծում թե Հայաստանում ապրելը հաջողություն ունենալու հնարավորություններից զրկում էՙ մրցանակներ շահել եմ Հայաստանում ապրելիս»:

Այսօր էլ Վարդան Մամիկոնյանը դժվարանում է թեկուզ իր համար պարզել, թե որտեղ է ապրում. «Մտքերով անվերջ Հայաստանում եմ ու Հայաստանի հետ: Եվ այնչափ հաճախ է այս կամ այն երկրում ապրելու անհրաժեշտությունը փոփոխվում, որ դժվարանում եմ հասկանալ, թե որ երկրում եմ ապրում: Բայց փորձում եմ հնարավորինս հաճախ լինել Հայաստանում»: Նվագացանկում հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ ներառելովՙ երաժիշտը ոչ միայն դրանք կատարելու իր հակվածությունն է փաստում, այլեւ պարզել է, որ եվրոպացի ունկնդրին դրանք հիմնականում հայտնի չեն, բայց, վստահաբար հետաքրքրական են. «Հայկական դասական երաժշտությունը եվրոպացի ունկնդիրը նախընտրում է: Ուրախ եմ փաստել, որ հայկական դասական երաժշտությունը ժամանակակից է»: Ինչպես Երեւանում, այնպես էլ վաղը Գյումրիում կայանալիք համերգում Վարդան Մամիկոնյանը հանդես է գալու ընդգրկուն ծրագրով:

«Վերադարձի» դասական երաժշտության երկրորդ փառատոնի շրջանակներում մինչեւ հոկտեմբերի վերջ տեղի կունենան թավջութակահար Սուրեն Բագրատունու (ԱՄՆ), դաշնակահար Սթիվեն Պրուտսմանի (ԱՄՆ) առանձին եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համերգները:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4