Բարսեղ Թումանյանի ու նրա սաների համերգն ըստ գերմանական թերթի
«Հոկտեմբերի 4-ին Վայսսենաուի հանդիսությունների դահլիճում գոհունակությամբ է ընդունվել հայկական մշակութային միության կազմակերպած Բարսեղ Թումանյանի (բաս) եւ նրա սաներիՙ Նարե Դարբիյանի (սոպրանո) եւ Սիփան Հակոբյանի (բարիտոն) համերգը, ծանուցում է «Շվեբիշե ցայթունգը» (մեր կարծիքով, ազգանվան Դարբինյան ձեւն առավել հավանական է, բայց ներկայացնում ենք այնպես, ինչպես գերմանական թերթում է գրված- Ան. Հ.):
«Դաշնամուրային նվագակցությունն ապահովող Գրետա Էրհարթերը նույնպես սերում է փոքրիկ, նախկինում սովետական լեռնային այդ հանրապետությունից, որի բնակչությունն անցյալում պատերազմների եւ հալածանքների պատճառով փորձությունների է ենթարկվել: Կարիքն ու տեղահանություններն աշխարհով մեկ սփռել են հայերին: Ռավենսբուրգը դրանից անմասն չի մնացել:
Ի հեճուկս դժվարությունների Հայաստանը նորից ու նորից է շարունակում երաժշտական ուշագրավ անհատականությունների ներկայացնել, որ միջազգային ասպարեզում անուն են հանում, գրում է «Շվեբիշե ցայթունգը»:
Իր ձայնային հսկայական տվյալներով Բարսեղ Թումանյանը պատկանում է այն երգիչների թվին, որ Եվրոպայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի մեծ օպերային թատրոններում են արդեն կարիերա արել: Թեպետ նա միջազգային երաժշտական բեմի հանրահայտ աստղերից չէ, բայց Ռավենսբուրգում նրա նման երգիչների հազվադեպ կարելի է ունկնդրել: Իտալական, ֆրանսիական, ռուսական օպերային արիաների նրա կազմած գունագեղ փունջը վկայեց երգչի լայն երգացանկի մասին: Լավագույնս մեկնաբանեց նաեւ Շուբերտի երգը:
Այժմ Թումանյանը հայրենի Երեւանում նվիրվել է երիտասարդ հուսալի երգիչներ կրթելու գործին:
Երիտասարդ բարիտոն Սիփան Հակոբյանն իր փառահեղ ձայնով տպավորիչ մատուցեց 4 երգերն ու արիաներըՙ փայլելով հատկապես բարձր տոներում: Երաժշտական կերպավորման մեջ էլ ուսանողը, որ հեռակա ավարտել է նաեւ դիրիժորական դասընթացը, զարմանալի հասունություն ցույց տվեց: Եթե նրան հաջողվի թոթափել անվստահությունը, երաժշտի հաջող կարիերա անելու լավ նախադրյալներ կունենա:
Անհրաժեշտ ինքնավստահության, նաեւ ձայնային ուշագրավ պոտենցիալի տեր է սոպրանո Նարե Դարբիյանը: Հենդելիՙ կոլորատուրայով հագեցած արիայի տեխնիկական դժվարությունները նա ուժերի մեծ լարումով հաղթահարեց, մի հանգամանք, որում մեղավոր էր հուզմունքը: Այն, որ երիտասարդ սոպրանոն դրա կարիքը չուներ, ցույց տվեց այնուհետեւ Բելլինիի եւ Ռոսսինիի օպերային արիաների կատարումը. իտալական բելկանտո երգեցողությունը նրա ուժեղ կողմն է:
Դաշնակահարուհի Գրետա Էրհարտերն էլ ցուցաբերեց իրեն որպես վստահելի եւ փորձառու համագործակից, ում հաճախ այնքան էլ հաճելի չէր օպերային նվագախմբին փոխարինողի դերը ստանձնելը, բայց նա հնարավոր լավագույնն արեց:
Երաժշտական մտերմիկ ապրումներ պարգեւած համերգն ավարտվեց երկու բիսով», հաղորդում է գերմանական լրատուն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա