«Իմ ճանաչած Երեւանը չորս տարեկան է: Սիրում եմ Երեւանյան մթնոլորտը, մարդկանց վերաբերմունքը: Երբ Հայաստան եմ գալիս, առաջին հերթին այցելում եմ Վերնիսաժ` հիանալու մարդկանց ձեռքի աշխատանքով», ասում է գերմանական «Անտագոն» թատերական խմբի հիմնադիր Բեռնարդ Բաբը :
«Հայ Ֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում հանգստյան օրերին Կիրովի անվան այգում Անտագոնը ներկայացրեց «Թայմ աութ» («Ընդմիջում») բացօթյա շոուն: Խմբի մեկ այլ անդամ Յակոբ Ռուլհյուսենը խոստովանում է, թե ոգեշնչվել են Սարոյանի ստեղծագործությունից, որտեղ հեղինակն անդրադառնում է համամարդկային արժեքներին ու գաղափարներին:
Անտագոնը թատրոն է անիվների վրա, որը ստեղծված է լարման եւ ազատության, խելահեղության եւ կախարդանքի հակադրության արդյունքում:
«Գլխավոր միտքը մեր մշակույթը մարդկանց ներկայացնելն է: Թատրոնում խոսք չկա, մարմնի, պարերի ու ժեստերի միջոցով ենք արտահայտվում: Ամենակարեւորը մարդկանց հետ շփումն է, որովհետեւ հաճախ սկսվում են կոնֆլիկտներ մարդկանց հետ, շատերը չեն հասկանում մեր արվեստը, երբեմն խելագար են համարում: Սակայն նաեւ զարմանում են, երբ ներկայացման ժամանակ դերասանները շատ բարդ վարժություններ են անում, ոտնափայտերով պարում, ցուցադրում կրակներով համարներ», նշեց Բեռնարդ Բաբը:
Հ. Հ.