Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության այս ամիս անցկացվող միջոցառումների շարքում երեկ տեղի ունեցավ ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության այցելությունը Արտաշատում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ջոկատ: Ավանդական դարձած այս այցելությունների ընթացքում ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակությունը երբեք չի լինում դատարկաձեռն:
Ինչպես զինծառայողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը , համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի եւ ՌԴ սահմանապահ վարչության Արտաշատի ջոկատի միջեւ արդեն տարիների պատմություն ունի, եւ ամեն անգամ այդ հանդիպումը նշանավորվում է փոխադարձ հարգանքի ու բարեկամության վկայությամբ:
ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի անունից զորամասի հինգ զինծառայողների հանձնվեցին ՌՀՄ պատվոգրերն ու նվերները` զորամասի դպրոցին նվիրելով նաեւ երեք համակարգչային կոմպլեկտ: Սահմանապահ վարչության ջոկատի ներկայացուցիչները իրենց հերթին շնորհակալանքի խոսքեր ուղղեցին ՀՀԿ եւ ՌՀՄ ներկայացուցիչներին` կարեւորելով Հայաստանում եղած ժամանակահատվածում այդ երկու կազմակերպությունների հոգածու վերաբերմունքի դերն ու նշանակությունը ռուս սահմանապահների համար:
Զինվորների համար համերգային ծրագրով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ստեղծագործական խումբը:
Ա. Հ.