Արեւիկ Պետրոսյանի արվեստի թափանցիկությունը
Ոսկի-արծաթի փոշինՙ իջած կյանքի մակերեսներին, ներքին տենչերի փխրուն շերտերՙ իրականության նստվածքին: Նկարչի տան 1-ին հարկի սրահում Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը փակվում էր, լուսավորող սարքերն արդեն հանում էին, եւ նկարներն ընկղմվել էին թեթեւ կիսամութի մեջ. սրահի ռոմանտիկ տրամադրություններն ավելի էին խորանում: Պատերն ի կախ թափանցիկ մակերեսներին դեղնարծաթագույնը, սեւն ու դարչնագույնը, մանուշակն ու կապույտն են իշխում տարբեր պատկերաձեւերի մեջՙ ներկերի հոսուն, ուղղահայաց քսվածքներով: Գետնինՙ ողջ սրահով մեկ բնական ծաղիկների զամբյուղները գունատեսողական հետաքրքրական զուգորդումներ են ստեղծում աշխատանքների հետ, որտեղ նույնպես գերակշռում են ծաղիկներըՙ կապույտի ճեղքերից նշմարվող նկարչուհու մտքի ծաղիկները: Գրեթե բոլոր աշխատանքներին բնորոշ էր քնարական, երազային տրամադրություններըՙ ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն, մի տեսակ անդորր: Առատ դեղինի ու արծաթի փայլը թեթեւ, լուսավոր դաշտ է գոյացրել, մանուշակն ու կապույտըՙ անրջելու վիճակ. ակամայից միտքդ բանաստեղծական զուգորդումների է տրվում, թվում էՙ մեծարենցյան արեւի ներբողներն ես ունկնդրում, օդում էլ բզզում-պտտվում են բանաստեղծի մեղուները... Ի՞նչ ապրումներ են, որ թափանցիկ ապակին այսչափ հաղորդական են դարձնում...
Էքսպոզիցիայի առանցքային գործը «Մայր Հայաստանն է»ՙ աղջիկը քաղաքն ի վեր, արձակ մազերինՙ տարբեր սիմվոլներ, տարբեր դետալներ, տարրերՙ մանրանկարչությանը բնորոշ. կինն է ազգային գենի պահպանողն ու փոխանցողը:
«Բաց պատուհան»ՙ հայացք հարահոս կյանքին, ոսկու եւ կապույտի հուզական խառնուրդով, հետեւում ծառերի մերկ մգության մեջ կյանքի անհայտըՙ թաքնված անակնկալներով: «Մթնշաղ»-ը կապույտով ու մանուշակով, 2 գործՙ նույն խորագրով, կնոջ կերպարի մեջ օրվա երկու տրամադրություն: «Մանկական հիշողություններ» - այս գործը ավելի զարդարուն է, բազմազան տպավորություններով, նախշազարդ, ազգային շեշտադրումներով: «Ծաղիկներ նահատակաց» խորագրով 3 աշխատանք է ներկայացված 2005-ի համանուն ցուցահանդեսիցՙ նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Փշե ծաղիկներ ենՙ դառը:
Այս վերջին ցուցահանդեսի առիթը Երեւանի հիմնադրման 2790-ամյակն է: «Ակունքներով երեւանցի, ես էլ ցանկացա մասնակցել քաղաքի հիմնադրման օրվան: Հիմնական մոտեցումս այն է, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, բայց այստեղ ապրողներս պիտի առավել մտահոգված լինենք իր ճակատագրով: Փորձում եմ քաղաքի որեւէ փոփոխություն, աճ, զարգացում տեսնել բնականոն հունի մեջ: Ցավալի է, իհարկե, որ հին Երեւանի դիմագիծը կորցնում ենք, կարելի էր հինը պահպանելով նորը ստեղծել: Բայց շինությունները, ճարտարապետությունը, սառը նյութը չէ միայն, որ բնորոշում են քաղաքի մթնոլորտը, այլեւ ժողովրդի տրամադրությունը, բնույթը, տեսակը, այն ավանդույթները, որ փորձում ենք պահպանել եւ զարգացնել: Ես փոխանցում եմ ոչ թե այն, ինչ տեսնում եմ փաստացի, այլ զգում եմ եւ կամ կուզենայի տեսնել եւ դա արտահայտում եմ նոր տեխնիկայի միջոցով»:
Նկարչուհին տարիներ աշխատել է ապակու վրա, որը սակայն չի «ընդունել», չի «ընտելացել» այն խառը նյութերին, որ ինքը ստանում ու փորձում է դրանցով գունապատկերել ներաշխարհային իր դրսեւորումները: Այժմ օգտագործում է օրգանական ապակի, եւ դրա վրաՙ ոսկյա թիթեղներ եւ արծաթներ, հիմնական խնդիրըՙ չկորցնել թափանցիկությունը եւ ստանալ արտացոլում: Տեխնիկական այս նոր լուծումներով Արեւիկ Պետրոսյանն իր ձեւերն ու նկարչությունն է բերում հայ կերպարվեստի դաշտ:
Սա այս ոճի 3-րդ անհատական ցուցահանդեսն է Երեւանում, ունեցել է բազմաթիվՙ ե՛ւ խմբակային, ե՛ւ անհատական ցուցադրություններ Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս: Այս տարվա ամառային օլիմպիադային նվիրված Պեկինի միջազգային արտբիենալեին, ի թիվս 70 երկրներից հրավիրյալ արվեստագետների, մասնակցել է նաեւ Արեւիկ Պետրոսյանը. ներկայացված աշխատանքը արժանացել է պատշաճ ուշադրության:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. նկարչուհին իրականացնում է բարեգործական ակցիաներ: 3-րդ տարին էՙ մասնակցում է «Օրրան» կազմակերպության կարիքավոր եւ ծնողազուրկ երեխաների օգնության ծրագրերին: Վերջերս նրա աշխատանքներից մեկի աճուրդային վաճառքի ողջ հասույթըՙ 70.000 դոլար, հատկացվեց կազմակերպությանՙ Վանաձորում բացվող նոր մասնաճյուղի կարիքներին: Աշխատանքը գնել էր «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Երկու նկարչուհիներՙ Արեւիկ Պետրոսյան եւ Նորա Ազատյան: