«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


«ԵՐԱԶ ԱՐՏԻ» ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀՄԱՅՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 9-ի «Ազգի» համարում տեղեկացրել էինք, որ «Երազ Արտի» երիտասարդ երաժիշտների հայաստանյան խումբը (6 հոգի) սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը շրջագայության է մեկնելու Մ. Նահանգներ եւ Կանադա:

Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունն այժմ տեղեկացնում է, որ Գլենդեյլի «Ալեքս» թատրոնի (Կալիֆոռնիա) դահլիճում կայացած 6 երաժիշտների համերգը արտակարգ տպավորություն է թողել եւ մեծ հաջողություն արձանագրել:

Երաժիշտների թվում են եղել 15 տարեկան դուդուկահար Արսեն Պետրոսյանը (Գեւորգ Դաբաղյանի ուսանող), որը 2007-ի ՅՈւՆԵՍԿՕ-ի փառատոնին էր մասնակցել, 17-ամյա Անահիտ Դիլբարյանը Սպիտակից, որի կրակոտ կատարումները ինչպես քանոնի, այնպես էլ դաշնամուրի վրա ուղղակի հիպնոսացրել են հանդիսատես-ունկնդրին, 13-ամյա ջութակահար Նաիրա Գրիգորյանը, 15-ամյա ժողովրդական երգիչ Հովհաննես Ալեքսանյանը, 19-ամյա, բազմաթիվ մրցանակների արժանացած թավջութակահար Վարդան Գասպարյանը եւ 20-ամյա դասական կիթառահար Վահան Դավթյանը, որոնց կատարումները եւս հիացրել են ներկաներին եւ արժանացել բուռն ծափահարությունների:

Դիլբարյանը, Գասպարյանն ու Դավթյանը սովորում են Կոմիտասի անվան երաժշտանոցում: Բացի Դիլբարյանից, մյուս բոլորի համար Մ. Նահանգներ շրջագայությունը եղել է առաջին մեծ փորձառությունը:

Եվ կազմակերպողների (հովանավորՙ Բոստոնում տեղակայված «Երազ Արտ» հիմնադրամը, պրոդյուսերՙ Լոս Անջելեսում եւ Տորոնտոյում «Ինֆինիթ էքո էնտըրտեյնմընթ») նպատակն էլ հենց դա է եղել: Նաեւ Հյուսիսային Ամերիկայի հանդիսատեսին են ծանոթացրել աշխարհի հնագույն երաժշտական ժառանգություններից մեկի հետ:

Լոս Անջելես իրենց այցելության օրերին երիտասարդ արվեստագետները այցելել են «Արարատ» հանգստյան տուն եւ իրենց հատուկ համերգներով այնքան ոգեւորել ծերանոցի բնակիչներին, որ նրանցից մեկը շարժական աթոռից վեր կենալով, սկսել է պարել:

Բացի Գլենդեյլից, շնորհալի երիտասարդները համերգներ են տվել նաեւ Բոստոնում, Տորոնտոյում եւ Մոնրեալում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4