«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ԱՍՈՐԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Դա Եվրոմիության աջակցությամբ կազմակերպվել է Թուրքիայի Մարդին քաղաքում

Օրերս Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանի քաղաքներից երբեմնի ասորաբնակ Մարդինում կազմակերպվել է «Ասորերեն լեզվի միջազգային 4-րդ գիտաժողովը»: Ըստ տեղական թերթերի, 3 հազար տարվա պատմություն ունեցող Դեյրուլզաֆարան տաճարում կազմակերպված սիմպոզիումը բացել է Մարդինի նահանգապետ Մեհմեդ Քըլըչլարը: Եվրոմիության աջակցությամբ եւ Ասորական եկեղեցի միության ջանքերով կազմակերպված այս գիտաժողովին տարբեր երկրներից մասնակցել են բազմաթիվ գիտնականներ: Դրա նպատակը եղել է «Անատոլիայում 5 հազար տարվա քաղաքակրթություն ունեցող ասորիների եւ կորչելու շեմին կանգնած ասորական մշակութային արժեքների մասին հասարակությանը իրազեկելը, ինչպես նաեւՙ նպաստելն ասորերենի զարգացմանը, լեզու, որով Հիսուս Քրիստոսն էր խոսել»:

Մարդինի նահանգապետը բացման խոսքում քաղաքի համար հպարտություն է համարել միջազգային այս գիտաժողովի կազմակերպումը, ապա եւ ավելացրել է. «Ասորերենը համաշխարհային քաղաքակրթության ամենահին լեզուներից է: Մեծապես նպաստել է, որ իսլամական քաղաքակրթությունը տարածվի Եվրոպայում: Վերջին շրջանում եվրոպական եւ այլ երկրներում կարծիք է տարածվում, թե Թուրքիայում ճնշում են ասորիներին: Դա ճիշտ չէ: Ասորիներն այստեղ փոքրամասնություն չեն, այլ երկրի տերը: Ինչպես նաեւ Մարդինի եւ Թուրքիայի հարստությունը»:

Նահանգապետը նշել է, որ ժամանակին, հիրավի, ասորիները բախվել են որոշ դժվարությունների, սակայն դրանք պայմանավորված են եղել PKK-ի ահաբեկչությամբ, այդ թվումՙ բնակչության տգիտությամբ: Այնուհետեւ նա անդրադարձել է Մարդինում պատմական խոր արմատներ ունեցող հանդուրժողականությանը: Նահանգապետը որպես օրինակ է բերել Մարդին կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումն ասորիների հոգեւոր առաջնորդի հետ եւ այն ընդգծված հարգանքը, որ նա հանդիպմանը ցուցաբերել է:

Նահանգապետին հետեւել է Մարդինի եւ Դիարբեքիրի մետրոպոլիտ Նուրի Սալիբա Օզմենի ելույթը, որի ընթացքում նա ասել է. «Այսօրվա ասորերենով մենք կարողանում ենք կարդալ 1600 տարվա մատյանները: Մեր լեզուն զարգացել է ասորական եկեղեցու հետ զուգընթաց, հետեւաբար քրիստոնեական մշակույթի եւ պատմության լեզուն է նաեւ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4