«Շենգավիթ» բժշկական կենտրոնում տոնական տրամադրություն էր տիրում, ուր հանդիսավորությամբ բացվեց մարդու վերարտադրողական առողջության բաժանմունքը: Այդ նշանակալի ու իրադարձային պահին ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանը, Աբրահամ Մանուկյանը, Երեւանի տարբեր բժշկական կենտրոնների տնօրեններ, գլխավոր բժիշկներ, գինեկոլոգներ, սփյուռքից հյուրեր: Երեւանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը ներկաներին ուղեկցում ու բացատրություններ էր տալիս, թե ինչ առավելություններ ու հնարավորություններ ունի նորաբաց կենտրոնը, որտեղ մի շարք բժշկական միջամտություններ եզակի են անգամ տարածաշրջանում: Նախկին անշուք քաղաքային թիվ 3 ծննդատնից, այսօր «Շենգավիթ» ԲԿ-ը վերածվել է բազմապրոֆիլային բուժհաստատության եւ դեռ շարունակում է նոր քայլեր անել իր զարգացման ճանապարհին:
Փոխնախարար Թաթուլ Հակոբյանը շնորհավորելով բոլորինՙ նոր կենտրոնի ու բաժանմունքի բացման առիթով երախտագիտության խոսքեր հղեց բժշկական կենտրոնի անփոփոխ բարերար, պրոֆեսոր Պետրոս Քոջյանին, որի ջանքերով, շուրջ 10 տարի շարունակ «Շենգավիթ» ԲԿ-ն համալրվում է շատ կարեւոր ու արժեքավոր սարքավորումներով: «Ցավոք սրտի, անպտղությունն այսօր հանդիսանում է մեր երկրի բժշկասոցիալական լուրջ պրոբլեմը եւ դրա հաճախականությունը հասնում է 32 տոկոսի, եւ նման բաժանմունքի ստեղծումը, նշեց փոխնախարարը, կարեւոր իրադարձություն է ոչ միայն «Շենգավիթ» ԲԿ-ի համար, այլեւ ողջ երկրի»: Գոհ էր ու շատ երջանիկ Կալիֆոռնիայի Ըրվայն համալսարանի կլինիկական պրոֆեսոր Պետրոս Քոջյանը, որի ջանքերի շնորհիվ բաժանմունքում իրականացվելու է արտամարմնական բեղմնավորում եւ բազմաթիվ այլ օժանդակ վերարտադրողական մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս անպտղությունը բուժել անգամ նախկինում անհուսալի համարվող դեպքերում, ասենքՙ ձվարանների կամ արգանդափողերի բացակայության, ցածր որակ եւ քանակ ունեցող սերմի դեպքում եւ այլն:
«Ազգը» ներկա գտնվելով վերարտադրողական առողջության բաժանմունքի բացմանը, խնդրեց ազգանվեր բարերար, պրոֆեսոր Պետրոս Քոջյանին պատմել, թե ինչպե՞ս եղավ համագործակցությունը բժիշկ Ուռումյանի հետ: Մեր զրույցից պարզ դարձավ, որ ինչպես միլիոնավոր հայեր, մշեցի Քոջյանների ընտանիքը եւս եղեռնից մազապուրծ ապաստան է գտել Աֆրիկայում: Եթովպիայում ծնված Պետրոս Քոջյանը 1968-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտըՙ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի դիպլոմ: Այնուհետեւ երկու տարի ուսանել է օրդինատուրայում, մասնագիտացել վիրաբուժության մեջ ու վերադարձել իր ծննդավայր Եթովպիա եւ հինգ տարի աշխատել է տեղի հիվանդանոցում: Ավելի ուշ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատանքի է ընդունվում Կալիֆոռնիայի Օրենջ քաղաքի մասնավոր կլինիկայում եւ միաժամանակ դասավանդում ու մասնագետներ է պատարստում Ըրվայն համալսարանում: 1988-ին պրոֆեսորն առաջին անգամ փորձ է անում օգնել Հայաստանին իր կարողությունների չափով, սակայն մինչեւ 1999-ը դա չի հաջողվում. «Ամեն անգամ գալիս էի Հայաստան ու հուսախաբ վերադառնում, չգտնելով այն մարդուն, ով իմ կարիքն ուներ եւ ես նրա հետ կկարողանայի համագործակցել»: Եվ ահա մի առիթով Կալիֆոռնիայում հանդիպում է Երեւանի թիվ 3 ծննդատան տնօրեն Սերգեյ Ուռումյանին ու այդ օրվանից հիմք է դրվում համագործակցությանը, եւ 1999-ին միասին հիմնում են լապարասկոպիայի եւ փոքր կտրվածքներով կատարվող վիրահատությունների կենտրոնը թիվ 3 ծննդատանը: Պրոֆեսոր Քոջյանի անձնական միջոցներով ծննդատանը տեղադրվել են երեք լապարասկոպիկ գործիքներ: Պրն Քոջյանը պատմում է, որ այդ շրջանում նման սարքավորումներ նվիրաբերել է Գյումրիի ու Արցախի ծննդատներին, գործիքները ձեռք էր բերել Օրենջ-քաունթրի Ս. Հովսեփ հիվանդանոցից: Արդյունքում բժշկական կենտրոնում բացվում են «ռադիոլոգիայի, էխոյի բաժանմունքները, վերանորոգվում են վիրահատարանները, նոր մահճակալներ, նոր գործիքներ, մոնիտորներ են բերվում, հազար ու մի բան, եւ այս անցած 9 տարիների ընթացքում բարելավվում է ու հին, մաշված ծննդատունը դառնում է օրինակելի բժշկական կենտրոն:
«Արհեստական բեղմնավորման կենտրոն բացելու գաղափարը տարիներ շարունակ իմ մտքում էր ու դա իրականացնելու խնդրանքով, պատմում էր պրոֆեսոր Քոջյանը, մեր հարուստներին նամակներ եմ գրել ու նշել, որ Հայաստանում վատ վիճակ է եւ օգնության կարիք կա, սակայն դրանք անարձագանք մնացին: Նույնը եղավ մամուլում իմ մի քանի հոդվածների պարագայումՙ լռություն... Եվ մի օր բոլորովին պատահմամբ, իմ հիվանդներից մեկըՙ ամերիկացի, իմ աշխատանքներին ծանոթանալով նվիրաբերեց 100.000 ԱՄՆ դոլար: Դա Թոմաս եւ Իրմա Ջին Թրեյսիներ ընտանիքի հիմնադրամի գումարն էր, որով էլ գնվեցին այս նոր բաժանմունքի համար ամենավերջին ու կարեւոր բոլոր սարքավորումներն ու 2,5 տարվա դժվարություններից հետո այսօրվանից կկարողանանք օգնել մեր հայրենակիցներին, որ զավակներ ունենան ու բուժման համար չմեկնեն արտասահման»:
Պրոֆեսոր Քոջյանն իր շնորհակալական խոսքում, առիթը օգտագործելով, նշեց. «Կուզեմ, որ հայ միլիոնատերերը այս նոր պայմաններում հարստացածները, իրենք էլ թող օրինակ վերցնեն ու օգնեն հիվանդանոցներին, որ դրանք դառնան նոր սարքավորումներով հագեցած ու միջազգային չափանիշներին համընթաց: Այդ հարստությունը, որ այսօր շատերն ունեն, հետները չեն տանելու, որքան շատ օգնեն, այնքան շատ կավելանա... Դարերով մենք երազել ենք ունենալ ազատ, անկախ հայրենիք, եւ վերջապես ունենք, ու մեր պարտականությունն է պահպանել, ծաղկեցնել, բարձր մակարդակի հասցնել մեր երկիրը»:
Որպես վերջաբան ասենք, որ պրոֆեսոր Քոջյանը տարին 2-3 անգամ այցելելով «Շենգավիթ» ԲԿ, հայրուրից ավելի անվճար վիրահատություններ է անում, բուժումներ ու խորհրդատվություններ անցկացնում, վերապատրաստում մասնագետներ ու ամեն մի նորածնի լույս աշխարհ գալուց ոգեւորվում է, ու առաջինը շնորհավորում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ