«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ԴԱՐՁՅԱԼ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՀԱՏՈՒԿ ՄԻՏՈՒՄ

Մերժվել է Տիգրան Խզմալյանի նաեւ «Օպերա» ֆիլմի վենետիկյան բիենալեում ցուցադրությունը

Եթե միջազգային բիենալեները նոր գաղափարների, ֆանտաստիկ մտքերի մրցույթներ են, ինչպես «Հայելի» ակումբում երեկ ասաց ճարտարապետ Աշոտ Արշակյանը ` Տիգրան Խզմալյանի «Օպերա» ֆիլմը Վենետիկի ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային նախագիծ ծրագրից հանելու առիթով հրավիրված ասուլիսին, ապա կինոնկարի դիտումից հետո միակ բանը տարակուսանքն էր, մերժման անհեթեթությունը: Որովհետեւ սա ոչ թե օպերայի շենքի կամ դրա ներսում ու դրսում կատարված իրադարձությունների պատմությունն է, այլ նոր մտածողության արտահայտություն օպերայի շենք երեւույթի հանդեպ: «Յուրաքանչյուր կառուցվող շենք բաբելոնյան աշտարակ է` բուրգերից սկսած մինչեւ երկնաքերներ` մինչեւ սեպտեմբերի 11-ը, մարդիկ միշտ են նույնն անում եւ նույն պատճառով,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Օպերայի շենքը հրաշալիորեն պահպանել է ե՛ւ անցյալը, ե՛ւ ապագայի մարգարեությունը: Դա իմ գաղափարն էր, որ Աշոտն ընկալեց ոչ թե պոետիկ, այլ ճարտարապետական տեսանկյունով եւ առաջարկեց զարգացնել այս միտքը:

Աշխարհում շատ քիչ կառույցներ կան, որոնց շուրջը զարգանում է քաղաքակրթություն, օպերայի շենքը քար չի միայն, դա միջավայր է: Ֆիլմը եւ օպերայի շենքն ավարտված չեն, բաբելոնյան աշտարակն էլ սկզբունքորեն անավարտ է: Ֆիլմի շարունակությունն այսօր օպերայի շուրջն է ծավալվում` Թումանյանի եւ Սպենդիարյանի ճչացող բացակայությամբ, ինչ-որ ավտոկայանատեղի շինարարության պատճառով»:

Վենետիկում սեպտեմբերի 14-ից նոյեմբերի 11-ը անցկացվող բիենալեում Հայաստանի ազգային ծրագիր նախագծում Աշոտ Արշակյանի ներկայացրած Տ. Խզմալյանի «Օպերա» 10 րոպեանոց փաստագրական ֆիլմը մերժվել էր քաղաքաշինության նախարարության կողմից: Ծայրահեղ կասկածամիտներն ու մտքով շեղվածները կարող են քաղաքական ենթատեքստ փնտրել ֆիլմում, կամ գուցե այս օրերն են «ներշնչում», որովհետեւ ֆիլմը օպերայի մասին է եւ մանավանդ ռեժիսորն էլ Տիգրան Խզմալյանն է` մարդ, քաղաքացի, որ հայաստանյան արդի մտավորական` պահպանողական-հարմարվողական, լավագույն դեպքում «ոսկի լռություն» պահպանողների կամ անտարբերների միջավայրում հստակ սկզբունք ու մտավորական վերաբերմունք է դրսեւորում:

Ֆիլմը տեսանյութերի մեկնաբանությամբ թամանյանական հանճարեղ կառույցը ներկայացնում է տարբեր ասպեկտներով` որպես էներգակիր յուրահատուկ կառույց` հոգեւոր-մշակութային նշանակությամբ, որպես իր ժողովրդի մեծերի վերջին հրաժեշտի հանգրվան, հակոտնյա գաղափարական բախումների հրապարակային դաշտ (1965, 1988, 1998, 2008), մեծ էներգետիկ կուտակումների բեմահարթակ, որտեղ մերթ մեծարվում, օրհնվում են, մերթ անիծվում, երբ մերթ պարտվում, մերթ հաղթում են, որտեղ արքաներն ու ծաղրածուները փոխարինում են իրար, թագադրավայր-հրապարակ, որտեղ մերթ արեւ է, մանկական ծիծաղ, մերթ ծեծ ու արյուն: «Օպերայի շենքը իր մեջ կուտակում է աշխարհի ճակատագրերի կարեւոր խաչմերուկներ», ասում է ռեժիսորը` ֆիլմի մեկնաբանությունները դիտելով բացառապես գաղափարական-մշակութային կոնտեքստում:

Այս ֆիլմը կարելի է դիտել նաեւ փակ աչքերով` ունկնդրելով միայն Տիգրան Խզմալյանի տեքստը` իբրեւ ուրույն մտածողական եւ գաղափարական կառույց: Օպերայի շենքն այս պարագայում ընդամենը սիմվոլ է, կարեւորը` թե մենք ինչ ենք մեր ներսում կրում: Ցուցադրվող կադրերը վավերագրություն է, թեեւ շատ հետաքրքրական, կարեւորը` մեկնաբանությունն է` արված է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, իտալերեն: Ֆիլմը ստեղծվել է Աշոտ Արշակյանի ֆինանսական ներդրումով, կիրառվել է շատ թանկ վարձատրվող համակարգչային եռաչափ գրաֆիկական ծրագիր, որով ստեղծվել է օպերայի շենքը` հիմքում ունենալով թամանյանական արխիվային բնագրի նախագծերը: Կատարվել է ծավալուն լուրջ աշխատանք, արվել են ֆինանսական ներդրումներ, այդուհանդերձ ֆիլմը նպատակին չի հասել: Վենետիկի բիենալեում, սակայն ոչ պաշտոնապես ֆիլմը մասնագիտական ցուցադրության է արժանացել եւ բարձր գնահատվել:

Իսկ երեւանյան մերժման պատճառները այդքան էլ հստակ չեն, կարծես թե քաղաքական ինչ-որ բաներ են փնտրել, նույնիսկ հակասիոնիզմի տարրեր (Նոյի անվանափոխությունից ելնելով), բայց հնչել է հարցը` ո՞վ է ռեժիսորը: Իսկ ֆիլմի ռեժիսորն առհասարակ նորմալ է վերաբերում գրաքննությանը: «Դա սարսափելի չէ, եթե արգելք չկա: Բայց ինչ իրավունքով մի անանուն չինովնիկ պիտի որոշի, թե որ ֆիլմը ցուցադրվի, առավել եւս միջազգային փառատոնի մասնակցի: Մենք շրջապատված ենք մենաշնորհներով` քաղաքական, տնտեսական, նաեւ մշակութային: Այս էլ որերորդ ֆիլմն է` մերժվում է եւ որեւէ գեղագիտական նկատառում չի արվում: Սա մեր բոլորի քաղաքացիական իրավունքի ոտնահարում է, ուստի մեր ողջ հասարակության գործն է. միեւնույն է յուրաքանչյուր իշխանություն կփորձի արգելել այն, ինչ կարող է արգելել:

Մենք ունենք այնքան տարածք, որքան կարողացանք պաշտպանել, հատկապես արցախյան պատերազմից հետո: Մենք կունենանք այնքան ազատություն, որքան կկարողանանք պաշտպանել, եւ դա մեկ մարդու գործ չէ, ոչ մի դատարան այդ ազատությունը մեզ չի նվիրի: Դա մեր ընդհանուր, ներքին ազատության տարածքն է: Աշոտ Արշակյանը շատ կարեւոր նախագիծ էր արել, որով Հայաստանը Վենետիկում պիտի երեւար բոլորովին այլ լույսի ներքո: Մերժվում է ինտելեկտուալ Հայաստան ներկայացնելու մեր իրավունքը` ցույց տալու, որ մենք դարավոր մշակույթի երկիր ենք», ասում է ֆիլմի ռեժիսորը` հասարակության առողջացման ճանապարհներից կարեւոր համարելով մտավորական-մշակութայինը. «Ճարտարապետը պիտի կառուցի, բանաստեղծը գիրք գրի, ռեժիսորըՙ ֆիլմ ստեղծի, լրագրողը եղածը ճիշտ ներկայացնի. ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի»:

Ավելացնենք, որ դիմադրության, ճշմարտադավանության հաստատակամությունը եթե հասարակության մի կայուն շերտի մեջ կա, ուրեմն դիմադրության այդ մթնոլորտը, միջնաբերդը կպահպանվի: Եվ որքան այդ բերդի միջնապատերը շատանան, Տիգրան Խզմալյանի ասած ազատության տարածքը կընդլայնվի:

Իսկ անհատապես, կյանքի փորձով ձեռք բերված ներքին ազատությունը որեւէ մեկից չի կարող խլել ոչ մի բյուրոկրատ-չինովնիկ, որեւէ մամուլ կամ TV, որքան էլ տուրք տան ուղեղների լվացման քարոզչության իրենց վարպետությանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4