«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ԲԵՐՔԱԲԵՐ ԳՅՈՒՂ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

«Ամեն ընտանիք մի ամրոց է»

Մեզ բոլորիս համար Արցախյան պատերազմն արդեն վաղուց ավարտված է թվում: Ու չնայած դեռ տեսականորեն երբեմն մտաբերում ենք, որ սա ժամանակավոր զինադադար է ու շատ հարցեր դեռ վերջնական լուծման չեն հանգել, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում մեր առօրյայի ու ապրելակերպի վրա: Մենք ապրում ենք, ինչպես ապրում է խաղաղ պայմաններում գտնվող ցանկացած հասարակություն:

Մինչդեռ մեզնից ոչ շատ հեռու (մեր երկիրն այնքան մեծ չի հեռավորությունների մասին խոսելու համար) ապրում են մարդիկ, որոնց հենց կենցաղում անմիջականորեն առկա են պատերազմի թողած բոլոր հետքերը: Դրանք Հայաստանի սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի բնակիչներն են: Պատերազմի պատճառած բոլոր հետեւանքերը կրելով հանդերձ, այս գյուղի բնակիչները դեռեւս չդադարող ամեն կրակոցի հետ վերապրում են հին ահ ու վախը:

«Իրիկունը, որ սկսվեցին կրակոցներ, շատ վախեցա: Տատիկս ասաց հեռուստացույցը անջատեք ու լույս չմիացնեք...», ասում է Բերքաբեր գյուղի չորրորդ դասարանցի Վահագը: Երեխաների վախը չի կարող նրանց հետ միասին դպրոց չմտնել առավոտյան, եւ բնականաբար չազդել դասապրոցեսի վրա:

Դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի տիկին Խանումյանն ասում է. «Ամեն առավոտ որ մտնում եմ դասարան, երեխաներին ուղղված առաջին հարցս այն է, թե արդյոք կրակոցներ եղել են, որ խոսեն, թոթափեն ներսում եղածը»: Եվ ուսուցչուհին դասն ամեն օր սկսում է «Gai soleil» (Ուրախ արեւ) երգով, որ «ցրվեն վախի ամպերը»:

Բերքաբերը Տավուշի մարզի հնագույն գյուղերից մեկն է: Գյուղացիները պատմում են, որ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները երեք անգամ այրել են գյուղը, բայց երեք անգամն էլ իրենք չեն լքել բնակավայրը, այլ անմիջապես մոտերքում հիմնադրել են նորը: Այժմ էլ պատերազմից կրած վնասները ակնհայտ են: Տներ կան ավերված, քանդված, ուր սակայն մարդիկ են ապրում: Գյուղն ուղղակի մազապուրծ է եղել պատերազմի ավերումներից, բայց գյուղացիների համառության ու քաջության շնորհիվ չի լքվել ու կանգուն է մնացել:

Այսօր այդքան մեծ համառությամբ պահպանված գյուղի դպրոցն ունի ընդամենը 51 աշակերտ:

«54 էին, ասում է դպրոցի տնօրեն Արզումանյան Հենրիկը, սակայն եւս երեք ընտանիք գնում են գյուղից: Երբ սահմանամերձ գյուղն է դատարկվում, դա մեծ աղետ է մեր նման երկրի համար»:

Իսկ սահմանապահ Բերքաբերը ոչ միայն դատարկվում է, այլեւ ծերանում: Դպրոցի տնօրենի խոսքերով գյուղում ապրում է 582 մարդ եւ եթե հաշվի առնենք, որ դպրոցում կա 51 աշակերտ, ստացվում է, միջին հաշվարկով, գյուղում դպրոցահասակ երեխա ունի ամեն տասներորդ ընտանիք, ինչը, ըստ տնօրենի, չափազանց անհանգստացնող ցուցանիշ է: Ընդ որում, նա պատմում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գյուղում 12 նոր ընտանիք է կազմավորվել, որոնցից միայն մեկն է մնացել գյուղում: Սակայն շատ են նաեւ երիտասարդները, որոնք արդեն 30 տարեկանից բարձր են, բայց չեն ամուսնանում:

«Աղջիկ չեն տալիս մեր գյուղացիներին, դառը ժպիտով ասում է պրն Արզումանյանը, կամ ասում են կամուսնանանք, եթե գնանք ուրիշ տեղ ապրենք»:

Իսկ գյուղից գնում են հիմնականում բոլոր նրանք, ովքեր միջոց ունեն գնալու: Ինչո՞ւ են գնում: Պատճառները շատ են, փոխկապակցված, բայցեւ հիմնականում սոցիալական. գյուղի հողատարածքների մեծ մասը սահմանից այն կողմ են մնացել, արոտավայրեր չկան, մշակահողեր չկան: Սա գյուղացիների համար մեծագույն ողբերգություն է: Բերքաբերի անունն իսկ, որ շատ բան է ասում իր երբեմնի առատության մասին, այսօր արդեն իմաստազուրկ է թվում:

Բերքաբերի դպրոցի պատմության ուսուցիչը, որ նույն դպրոցի շրջանավարտն է եղել, սովորել է Իջեւանի պետական համալսարանում, ապա պայմանագրային դրույթով անցել է աշխատանքի հայրենի գյուղում, զինվորական ծառայության փոխարեն: Այժմ նրա պայմանագրի ժամկետը լրացել է, ինքն էլ նոր է ընտանիք կազմել եւ որոշել է գնալ գյուղից:

Ուսուցիչը պատմում է, որ գյուղի մշակելի 850 հեկտար հողատարածքից սահմանի մեր կողմում մնացել է մոտ 200-ը, որի 70 տոկոսն էլ անմիջապես սահմանին կից, ուր հնարավոր չէ մշակել: Նրանք, ովքեր հող ունեն, ջուր չունեն: Գյուղի պոմպակայնը թալանված է, չի գործում: Նման պայմաններում շատերն են վարկեր վեցնում, չեն կարողանում ճիշտ օգտագործել, ծախսում-վերջացնում են, հետո նորից վերցնում, որ նախորդի պարտքը փակեն ու այսպես շարունակ: Կամ էլ շատ հաճախ ուրիշի հող են վարձակալում: Նա, որ հող շատ ունի, վարձակալության սկզբունքով տալիս է նրան, որ չունի: «Իսկ առանց հողի ինչ գյուղ եւ ինչ գյուղացի», ասում է Խուդավերդյանը: Շատ ընտանիքներ ապրում են նաեւ տղամարդկանց արտագնա աշխատանքի շնորհիվ, եւ ստացվում է պարադոքս. սահմանամերձ գյուղը, որի ռազմավարական նշանակությունը եւ ամրությունը պայմանավորված է բնակչությամբ, դատարկվում է. մնում են ծերերը, իսկ եթե նաեւ կանայք ու երեխաներ` դա լավագույն դեպքում:

Վահագնը այն քիչ ուսուցիչներից է, որ դպրոցում լրիվ դրույքաչափով է աշխատում, բայց այս ամենը գիտակցելով եւ բացատրելով հանդերձ, նա գյուղում մնալու ոչ մի հեռանկար չի տեսնում:

«Ամսական 60 հազար դրամով ինչպես ապրենք», ասում է նա:

Իսկ գյուղի հոգսը իր դպրոցի հոգսն է նաեւ: Բնակչության այս արտագաղթից մեծապես կախված է գյուղի դպրոցի ապագան: Դպրոցի տնօրենի խոսքերով դեռեւս երկու տարի առաջ, որպես սահմանամերձ գյուղի դպրոց, իրենք օգտվում էին մեկ շատ կարեւոր արտոնությունից. դպրոցը պետության կողմից ֆինանսավորվում էր ոչ թե ըստ աշակերտաքանակի, ինչպես մնացած դպրոցները, այլ ըստ նախկին ֆինանսավորման համակարգի:

Արդեն երկու տարի է, ինչ այս գործընթացը դադարեցվել է: Այսինքն արդեն երկու տարի է, ինչ Բերքաբերի միջնակարգ դպրոցը ֆինանսավորվում է իր ունեցած-չունեցած 51 աշակերտների թվին համապատասխան: Եվ տարեցտարի այս թիվը նվազում է:

«Երբ ես աշխատանքի անցա 2001-ին, դպրոցն ուներ 75 աշակերտ: 7 տարվա մեջ աշակերտաքանակը նվազել է 24-ով», պարզաբանում է դպրոցի տնօրենը:

Ամենապարզ հաշվարկով եւս 2 անգամ 7 տարի եւ այս պրոցեսի շարունակության դեպքում 14 տարի անց դպրոցն արդեն աշակերտ չի ունենա: Ինքը տնօրենը ավելի մոտ ապագայում է դա կանխատեսում. «Մի քանի տարի հետո դպրոցի լինել-չլինելու հարց կրող է առաջանալ, իսկ ի՞նչ գյուղ առանց դպրոցի»:

Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի հինգերորդ գլխի 46-3 կետն ասում է:

«Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի եւ այլ ձեւերով: Պետական պատվերով ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մեկ սովորողի հաշվարկով` ըստ ուսումնական հաստատության տիպի, իսկ առանձին դեպքերում (լեռնային եւ սահմանամերձ շրջաններ)` հատուկ չափաքանակներով»:

Կրթության եւ գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետից փորձեցինք պարզել, թե ինչ է նշանակում օրենքի այս դրույթը, ավելի կոնկրետՙ հատուկ չափաքանակ արտահայտությունը: Ըստ Նադյա Պետրոսյանի մեկնաբանությունների տեղեկացանք, որ 2007-ին կառավարության մեկ հրաման է արձակվել աշակերտաքանակի թվի ֆինանսավորման բանաձեւի գործակիցների մասին, ըստ որի բարձր լեռնային, լեռնային, մինչեւ չորս հարյուր աշակերտ ունեցող եւ ավագ դպրոցների համար մեկ աշակերտին ընկնող տարեկան գումարը բազմապատկվում է կառավարության որոշած գործակիցներով: Տարօրինակն այստեղ այն էր, որ այս հրամանը լռում էր սահմանամերձ գյուղերի մասին, ինչը սակայն օրենքում հստակ ամրագրված էր: Այս փաստը վարչության աշխատակցուհին չկարողացավ մեկնաբանել: Իսկ վարչության պետ Վահե Թոփալյանը սա բացատրեց այն հիմնավորմամբ, թե գուցե բարձր լեռնային եւ լեռնային գյուղերը հիմնականում սահմանամերձ են: Սակայն օրինակ Բերքաբերը սահմանամերձ է, իսկ լեռնային չի:

Նման դպրոցներում գործում է նաեւ ռեսուրսների օպտիմալացման մեկ այլ ձեւՙ երկկոմպլեկտ դասարանների ստեղծումը:

Քանի որ առաջինից մինչեւ վեցերորդ դասարանները շատ փոքրաթիվ են, օրինակ ընդամենը 3 աշակերտ առաջին դասարանում, կամ 4` երկրորդում, ապա որոշվել է միավորել այս դասարարանները: Այսպիսով 6 դասարան դարձել է երկկոմպլեկտ, այսինքն վերածվել է 3 դասարանի: Իսկ ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում, նույն դասասենյակում, պետք է դաս անցկացնի թե առաջին դասարանցիների հետ, թե երկրորդ:

«Ինչքան էլ հզոր լինի ուսուցիչը, թե ֆիզիկապես, թե նույնիսկ տեսականորեն դա հնարավոր չի: Իսկ որակի մասին այստեղ խոսելն ավելորդ է», ասում է դպրոցի ուսմասվարը: Դպրոցի մի քանի ուսուցիչներից լսեցինք նաեւ, որ դպրոցում գրեթե յուրաքանչյուր դասարանում կան մտավոր դժվարություններ ունեցող երեխաներ. պատերազմի տարիներին ծնված երեխաները: Սա հատկապես դժվարացնում է ուսուցիչների աշխատանքը երկկոմպլկտ դասարաններում:

«Նա նրա դասն ա լսում, էն մյուսներն էլ սրանց, ամեն ինչ խառնում են իրար, հետո արդեն հաջորդ տարի, որ ուզում ես շարունակել, տարրական բաներ չգիտեն: Աստիճանաբար մակարդակն ընկնում է», ասում է ուսմասվարը:

Այս դպրոցում ուսուցիչ չկար, որ գոնե ինչ-որ կերպ կարողանար գոնե իր համար ընդունելի դարձներ երկկոմպլեկտ դասարանների գոյությունը: Այն ուսուցիչները, որոնք պարապում են նման դասարաններում, բողոքում են, որ նույնիսկ 40 րոպեում դժվար էր ուսումնական պլանը կատարել, իսկ 20-ական րոպեներումՙ լիովին անհնար: Իսկ ավելի բարձր դասարաններում դասավանդող ուսուցիչները չգիտեն ինչպես լրացնեն գիտելիքների այն բացը, որ կուտակվել է տարեցտարի: Տնօրենը այս մասին էլ հիասթափությամբ խոսեց:

«Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ երկկոմպլեկտ դասարանը անխուսափելի է, լավ: Բայց ո՞ւր է դրանց կազմակերպման համար մշակված մեթոդիկան կամ կանոնակարգը: Եվ ուսուցիչն էլ վճարվում է նույն կերպ, ինչ սովորաբար: Տքնում է, տառապում, մեջտեղից կիսվում, բայց մեկ ժամի համար նույն գումարն է վաստակում, ինչ մյուսները:

Ինչ հիմունքներով, ինչ չափորոշիչներով, չափանիշներով պետք է անցկացնել այս դասերը. անհայտ է: Ստիպված ենք դա անել, բայց ինչպես` չգիտենք»: Ընդ որում, այս սեպտեմբերին էլ որոշում էր կայացվել կոմպլեկտավորել նաեւ 7-րդ եւ 8-րդ դասարանները, ինչը տնօրենի կատաղի դիմադրության արդյունքում նահանջել է մինչեւ կիսամյակի վերջ:

«Քաղաքականությունն ու ռազմավարությունը պետք է փոխվի դպրոցի նկատմամբ: Տնտեսել սահմանամերձ բնակավայրերի երեխաների կրթության հաշվին, սա ես չեմ կարող բարոյական համարել: Ինչքա՞ն գումարներ են այստեղ-այնտեղ շռայլորեն ծախսում, իսկ որտե՞ղ են խնայում: Դա հարված է սերնդին»,- ասում է պրն Արզումանյանը:

Դպրոցում ամեն ինչ արվում է, որ աշակերտները դրամ չհավաքեն, սակայն պարտադիր որոշ դեպքեր կան, օրինակՙ դասագրքերի վարձավճարները: Տնօրենը պատմում է, որ նույնիսկ դասագրքերի համար «տիտանական ջանքերի» գնով են կարողանում գումար հավաքել աշակերտներից: Յուրաքանչյուր երեխայի համար այդ գումարը կազմում է ընդամենը չորսից հինգ հազար դրամ, սակայն «Ընտանիքներ կան, որոնք սեպտեմբերի մեկին երեխաներին չեն ուղարկում դպրոց, որովհետեեւ հագուստ չունեն, կոշիկ չունեն: Տղայիս փոքրացած շորերն եմ ուղարկել այդ երեխաներին»,- ցավով պատմում է Արզումանյանը: Նա նաեւ ավելացնում է, որ իրավիճակից ելնելով սկզբունքորեն Բերքաբերի յուրաքանչյուր բնակիչ պետք է օգտվի ընտանեկան նպաստից: Նախկինում օգտվողները ինչ-որ թիվ կազմում էին, հիմա նրանց մատների վրա կարելի է հաշվել:

Այո, գյուղում աղքատությունն ու թշվառությունը այնքան ահռելի չափերի էին հասնում, որ նույնիսկ անիմաստ թվաց դպրոցի կրթական որակի եւ մակարդակի մասին հարցեր բարձրացնել այնտեղ: «Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ... Հիմա մեր բոլորի տները այսպիսին են», դառնորեն Չարենցին մեջբերեց ուսուցիչներից մեկը: Նա նաեւ բացատրեց, որ գյուղից հեռացել են ոչ միայն նյութապես ապահովված, այլեւ կրթական որոշ մակարդակ ունեցող ընտանիքներ: Մնացել են շատ ցածր կրթական ներուժ ունեցողները: Հետեւաբար ուսուցիչների աշխատանքը դժվարանում է նաեւ նրանով, որ միայն ուսուցիչն է ու երեխան, ծնողներն ի վիճակի չեն երեխային դաս պատրաստելու հարցում գոնե ամենատարրական օգնություն ցույց տալու:

Մեր շուրջ հավաքված իններորդցիներից փորձեցինք պարզել, թե ով ինչ երազանք ունի իր ապագայի հետ կապված: Ընդամենը երկուսն էին, որոնց երազանքները չէին մեռել անհյուրընկալ խրճիթների սեւ պատերի ներսում: Մեկը Քնարիկն էր, ուզում էր վարսավիր դառնալ, եւ Դավիթը, որ երազում էր տաքսի քշել: Երկուսն էլ գյուղից դուրս: Երկուսն էլ դա կարող էին անել առանց դպրոցում կրթություն ստանալու:

Դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին ավելի լավատես էր, քան ես: Նա ասում էր, որ ժամանակին երեխաների հետ գաղտնի ճանապարհներով են հասել դպրոց, կրակոցների տակ, եւ դա իրենց չի վախեցրել ու երբեւէ չի էլ վախեցնելու: Ճիշտ է, դժվար են ապրում, բայց նա իրեն պետքական է համարում այս գյուղին, այդ պատճառով էլ երբեք չի լքի այն:

«Աշակերտներիս էլ եմ փորձում նույնը փոխանցել: Նրանց մեջ կան մի քիչ ավելի թույլ, մի քիչ ավելի ծույլ, բայց բոլորն էլ իմն են, մեր գյուղինը, մեր ապագան: Եվ ինչ է իմ աշխատանքը, եթե ոչ համակ հայրենասիրություն: - Եվ ավելացնում է: - Ամեն մի հեռացող ընտանիքի հետ ես խոր կսկիծ եմ ապրում, ամեն մի ընտանիք մի ամրոց է մեր սահմանին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4