Պեկին-2008-ի օլիմպիական խաղերն իրենց ամբողջ հմայքով, սպորտային հետաքրքրությամբ, անմոռանալի պահերով, հաղթանակներով ու պարտություններով, ուրախության եւ տխրության արցունքներով արդեն անցյալում են: Բայց պահի հզորությունն այն է, որ ապրում ու ապրեցնում է նաեւ ապագայում: «Օլիմպիական խաղեր-2008, մեր հաղթանակների բերկրանքը» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին շուրջ 150 լուսանկար, որոնցում պատկերված էին Պեկինի օլիմպիական խաղերի առավել նշանակալի, հետաքրքրական եւ էմոցիոնալ պահերըՙ ֆիքսված աշխարհահռչակ «Ռոյթեր» գործակալության լուսանկարիչների, ինչպես նաեւ ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի ու «Արմենպրեսի» լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանի տրամադրած լուսանկարներում: Ֆոտոցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 17-ը «Գեւորգյան» ցուցասրահում, երեկ բացվեց հայ բրոնզե մեդալակիր մարզիկների ձեռամբ: Նրանց ողջունեց ՄՏՍ-ի փոխնախագահ Անդրեյ Տերեբենինը: Վերջինս տեղեկացրեց, որ ՄՏՍ խումբն ու «Ռոյթեր» գործակալությունը կազմակերպում են նմանատիպ ցուցահանդեսներ ԱՊՀ վեց երկրներում, որտեղ ՄՏՍ-ն ունի իր մասնաճյուղերը: Ցուցադրությանը մասնակից «Վիվասել»-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանը շնորհավորելով մեր մարզիկներինՙ հաղթանակի առթիվ, նշել է, որ բացի առողջապահությունից, գիտությունից, կրթությունից եւ մանուկների համար կազմակերպվող ծրագրերից, «Վիվասել»-ՄՏՍ-ը մշտապես եղել է սպորտի աջակիցը: «Մենք բոլորս շունչներս պահած հետեւել ենք մեր բոլոր մարզիկների ելույթներին, տեսել, թե ինչպես են նրանք բարձրացրել ծանրաձողերը, տապալել մրցակիցներին ըմբշամարտում, հակառակորդներին ցույց տվել մեր բռունցքների ուժը, իսկ օլիմպիական բրոնզե պարգեւների լուրը հպարտությամբ ենք ընդունել: Որպես կորպորատիվ քաղաքացիՙ «Վիվասել»-ՄՏՍ-ը մարզիկներին եւ մարզիչներին ընդունում է որպես գործընկերներ եւ ջանք չենք խնայելու, որ մեր երկրի մարզաձեւերն առաջընթաց ունենան», նշեց պրն Յիրիկյանը եւ ավելացրեց, որ նման ցուցահանդեսը մի փոքր շնորհակալություն է մեր մարզիկներին: Ասենք, որ ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից ելնելովՙ 31 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել մեր օլիմպիական թիմին: Ոգեւորված էին մեր մեդալակիրները, երբ դիտեցին, թե ինչպիսի հետաքրքրական դրվագներ են անմահացրել լուսանկարիչները, եւ դրանք կդառնան իրենց կենսագրության խոսուն վկաները, ասում էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը եւ որպես հիշատակ իր հետ տարավ կարմիր ժապավենից մի կտոր: Ներկա բոլոր մարզիկները եւ մարզիչները «Վիվասել»-ՄՏՍ-ից ստացան հատուկ նվերներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ