«Հուլիսի 17»-ի գործի շրջանակներում կալանավորված «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչ Վահագն Չախալյանի գործի դատական քննության ժամկետը կարծես թե հստակեցվել է, սակայն, դեռեւս պարզ չէ, թե փաստաբանական ինչ օգնություն է ունենալու Չախալյանը: «Բագին» լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, Վահագն Չախալյանին այլեւս վրացի փաստաբանը չի պաշտպանելու:
Չախալյանի դատական նիստի վերաբերյալ վերջինիս վրացի փաստաբան Յասոն Բեսելիան պարզաբանել է, թե ինքն այլեւս Վահագն Չախալյանի ու նրա անչափահաս եղբոր` Արմեն Չախալյանի գործով չի զբաղվում: «Մենք Վահագնի ծնողների հետ հեռախոսային պայմանավորվածություն ունեինք, որ ես պետք է զբաղվեի նրա պաշտպանությամբ, սակայն պարզվեց, որ նրանք ֆինանսական դժվարություններ ունեն եւ ի վիճակի չեն վճարելու փաստաբանական ծառայությունների համար: Այնպես որ, ես թողեցի այդ գործը», տեղեկացրել է Յասոն Բեսելիան:
Հիշեցնենք, որ մինչ վրացի փաստաբանին դիմելը Վահագն Չախալյանի ծնողները դիմել էին Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի ստանան Հայաստանից փաստաբան հրավիրելու իրավունք: Սակայն Վրաստանի արտաքին գերատեսչությունը մերժել էր, եւ միայն այդ պարագայում Վահագն Չախալյանի հարազատները դիմել էին վրացի փաստաբանին` Յասոն Բեսելիային:
Վահագն Չախալյանի եւ նրա անչափահաս եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալությունից անցել է 2.5 ամիս, սակայն դատական նիստի մասին որեւէ տեղեկություն չի տրամադրվում: Ավելին, գործի վերաբերյալ բոլոր տեղեկությունները համարվուն են «փակ»: Այնուամենայնիվ, «Ազգի» տեղեկություններով, հավանական է, որ Չախալյանի գործը դատական ատյանում առաջին քննարկման կարժանանա այս ամսվա ընթացքում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ