«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


«ԳՅՈՒԼԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ԷՐ, ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ ԷԻՆՔ, ՈՐ ԴԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ Է»

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կկատարվի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրությունը, որին անդամակցության թեկնածուի կարգավիճակով կմասնակցի նաեւ Թուրքիան: Ընտրության նախօրյակին Նյու Յորքում, պատասխանելով թուրքական հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքի հարցերին, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն անդրադարձել է տարածաշրջանային բազմաթիվ հարցերին, որոնց թվում «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին», Թուրքիա-Հայաստան հարաբերություններին եւ ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Ընտրությունների առնչությամբ, ինչպես նշում է Նյու Յորքի «Turkishny.com» կայքէջը, Բաբաջանն ասել է. «Անկախ ընտրությունների արդյունքիցՙ դեմոկրատները կհաղթեն, թե հանրապետականները, Թուրքիան նպատակամղված է էլ ավելի զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Մի բան է խոստումներ տալն ընտրություններից առաջ, բոլորովին այլ բան, երբ դու քո ուսերի վրա զգում ես նախագահի աթոռի ծանրությունը եւ քո առջեւ բանաձեւեր են դնում»:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Բաբաջանը նշել է, որ վերջին մեկ տարում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագետների մակարդակով քննարկում էր առկա խնդիրները, իսկ նախագահ Գյուլի երեւանյան այցը քաղաքական երկխոսության դռներ բացեց կողմերի առջեւ: Ապա նա շարունակել է. «Թերեւս այցին առավելագույնս հակազդում էր Թուրքիայի ընդդիմությունը: Սակայն դրա վրա ուշադրություն մի դարձրեք: Այցն իրականացրինք, որովհետեւ ճիշտ էինք վարվում, մեր նախագահի այցը Թուրքիայի օգտին էր, մեծարգո վարչապետը լիարժեք աջակցեց այցին»: Բաբաջանն ավելացրել է, որ երեւանյան հանդիպումներում նկատվել է այն քաղաքական կամքը, ինչ հարցերի կարգավորման առումով ունի երեւանյան վարչակարգը:

«Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին» անդրադառնալիս Բաբաջանը նշել է, որ այս նախաձեռնությանն աջակցում են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Բաբաջանի, այս երկիրը խոստացել է աջակցել, երբ ռուսներն ազատեն վրացական տարածքները:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4