«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

«Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ Մամուլի ազգային ակումբում հերթական քննարկումն էր` «Հայ-վրացական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցության միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Հայաստանի եւ Վրաստանի հիմնական խնդիրը քաղաքական կողմնորոշման հարցն է:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահի մատուցմամբ` Հայաստանը կարողացավ հնարավորինս պահպանել հավասարակշռությունը, ինչը բավարարեց թե՛ բարեկամ Վրաստանին, որի սահմանով է իրականացվում Հայաստանի ապրանքաշրջանառության 70 տոկոսը, թե՛ ռազմավարական գործընկեր Ռուսաստանին: Վրաց-օսական օգոստոսյան հակամարտության ընթացքին անդրադառնալով` ՀՀԿ-ական պատգամավորը նշում է, որ Հայաստանն ու Վրաստանը կարողացան այդ բարդ ժամանակաշրջանում եւս պահպանել իրենց բարեկամական հարաբերությունները:

Քննարկմանը ներկա էր նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչ Նինո Ափցիաուրին : Վերջինիս պատմելով` ինքն առաջինն է եղել, որ երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ ու այժմ հպարտանում է դրանով: «Բայց հիմա ի՞նչ վիճակ է. այդ միակ ամբիոնը, որտեղ պատրաստվում էին հայ եւ վրաց լեզվի ու գրականության դասախոսներ` ուսանող չունի: Ի՞նչն է պատճառը, հայությունը չի՞ ուզում, որ ուսանողներ լինեն այդ ֆակուլտետներում»,- հայերեն հարցադրում արեց Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը:

Շիրակ Թորոսյանն այդ հարցին այսպես պատասխանեց. «Որովհետեւ, տիկին Նինո, հայերի հանդեպ ազգային խտրականություն է դրսեւորվում»: Նինո Ափցիաուրիի այն դիտարկմանը, թե Հայաստանը եւ Վրաստանը հարեւաններ են ու «փոխադարձ սերը այլընտրանք չունի մեր հարաբերություններում», Շիրակ Թորոսյանը հակադարձեց. «Դուք խոսում եք համերաշխությունից, բայց վերցրեք Ջավախքի հայկական դպրոցներին բաժանված դասագրքերը: Այնտեղ ներկայացված է, որ Սեւանա լիճը, Լոռին եւ Հայաստանի այլ տարածքներ Վրաստանի կազմում են: Ջավախահայ երիտասարդը նստում կարդում է եւ չի հասկանում` Սեւանա լիճը Վրաստանի կազմում ե՞րբ է եղել»:

Ջավախքում ծնված, մեծացած ԱԺ պատգամավորը մի շարք հարցադրումներ արեց Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցչին. «Ինչո՞ւ վրացիները չեն սովորում Թբիլիսիի համալսարանի հայագիտության ամբիոնում, իսկ Երեւանի համալսարանի վրացագիտության կենտրոնը ծփում է հայ ուսանողներով, ինչո՞ւ թիֆլիսահայությունը փայլուն տիրապետելով վրացերենին` գալիս է Երեւան սովորելու: Խնդիրը ձեր մեջ փնտրեք, տիկին Նինո»:

Տիկին Նինոն մատնացույց անելով իրեն, որ տիրապետում է հայերենին, նկատեց, թե հայերը ապրում են Վրաստանում, բայց չեն սովորում վրացերեն: «Ես աշխատում եմ այս երկրում եւ չեմ պատկերացնումՙ ինչպես կարող եմ ապրել այստեղ, առանց այդ երկրի լեզուն իմանալու: Լեզու իմանալը պարտադիր է», նշեց նա:

Թորոսյանը համաձայն է դրան ու միաժամանակ անհրաժեշտություն է համարում Ջավախքում հայ-վրացական համալսարանի ստեղծումը, քանի որ ջավախահայ երիտասարդը, սովորելով Ջավախքում եւ մասնագիտություն ստանալով, վրացերենը կսովորի ակադեմիական մակարդակով: «Բոլորս էլ օտար լեզուն սովորել ենք բուհում: Վրացերենը հայի համար իսկապես օտար լեզու է, որովհետեւ 90 տոկոս հայկական միջավայրում է ապրում եւ շփումն այնտեղ հայերեն է: Պայմաններ են պետք ստեղծել, որ ջավախքցին սովորի վրացերեն», հավելեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:

Նրա խոսքերով, ջավախքցին գալիս է Հայաստան, սովորում է բուհում, վերադառնում է Ջավախք, որ աշխատի` չեն թողնում: «Նրա փոխարեն Քութայիսից մեկին բերում են, որ դպրոցի տնօրեն աշխատի, ո՞վ է ասում, որ քութայիսցի ինչ-որ վրացի, որը մանկավարժական կրթություն անգամ չունի, պիտի գա Ջավախքի հայկական դպրոցի տնօրեն աշխատի, ինչ է թե` վրացերեն գիտի: Ինչո՞ւ հայերին չեն զորակոչում բանակ` որովհետեւ զորամասում խտրականություն կա, երեք օրվա մեջ արյունահեղություն է լինում: Ինչո՞ւ են Ջավախքում բանտ կառուցում», հարցնում է Թորոսյանը տիկին Նինոյին, իսկ հարցերն անպատասխան էին մնում:

Ինչեւէ, Թորոսյանը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան խաղաղ գոյակցել, սակայն պարտադիր է Ջավախքի եւ ջավախահայության խնդրի լուծումը, որտեղ կան բազմաթիվ հիմնախնդիրներ:

«Առանց այս խնդիրների լուծման անկեղծ բարեկամություն ծավալելն անհնար է», պնդում էր Թորոսյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4