«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐ ԿԵՐՊՆ Է ՆԵՐԴՆՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանից ավելի մի «թունդ» սեղան էր գցել լրագրողների համար, ում հրավիրել էր Հայ մամուլի օրը նշելու եւ լրագրողներին շնորհավորելու: Հ. Աբրահամյանը մի այդպիսի «թունդ» խոսք էլ լրագրողներին ուղղեց. «Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երրորդ հանրապետության մամուլն այլեւս կայացած կառույց է, որը համարժեք արձագանքում է բոլոր կարեւոր կենսական խնդիրներին` ձեւավորելով հասարակական կարծիք եւ ապահովելով սահմանադրությամբ ամրագրված մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հայ մամուլի օրը կարող ենք փաստել նաեւ, որ Հայաստանում կայացել է լրատվական դաշտը, ասպարեզում են բանիմաց, իրենց գործին քաջատեղյակ լրագրողներ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն լրատվություն ենք ստանում երկրում եւ երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին, այլեւ վերլուծությունների, լրագրողական հետաքննությունների ականատեսն ենք դառնում, որոնց նպատակը մեր բոլորի կյանքն առավել կատարյալ տեսնելն է», ասաց նա` շնորհավորելով լրագրողներին եւ մաղթելով նրանց` լինել օբյեկտիվ, բարեխիղճ ու ազնիվ:

Նա նաեւ լրագրողներին ներկայացրեց ԱԺ մամուլի քարտուղար Մերի Շահինյանին: Նրա կողքին էին Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը (որպես ԱԺ նախագահի խորհրդական), ԱԺ դաշնակցական փոխնախագահն ու ՀՅԴ խմբակցության քարտուղարը, ԲՀԿ-ից Արամ Սաֆարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ-ի երիտասարդ գործիչներից Արմեն Աշոտյանն ու Էդվարդ Շարմազանովը: Նախապես մամուլի մակարդակով ասվում էր, թե ԱԺ աշխատակազմի ղեկավար պետք է դառնա Հ. Շահինյանը, սակայն արարողությանը ներկա Հայկ Քոթանյանը բավական վստահ էր զգում, եւ խոսակցություն կա, թե նրան փոխելու մտքից առայժմ կամ ընդհանրապես հրաժարվել են: Բայց, օրինակ, ավագ հանրապետականները, ասենք, Գալուստ Սահակյանը, այստեղ ներկա չէին, բայց դե արարողակարգն էլ այդպիսի հանդիպմանը նրանց ներկայությունը չի պարտադրում, ներկաներն իրենց անձնական նախաձեռնությամբ էին եկել: Ներկա չէր նաեւ ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը:

Իսկ Հ. Աբրահամյանն իրեն շատ լավ էր զգում լրագրողների շրջանում եւ ջերմ-ջերմ զրուցում էր իրեն հատկապես շատ քննադատող լրագրող-լրագրողուհիների հետ: Նաեւ լրագրողների մի քանի հարցի պատասխանեց: Ասաց, որ լրագրողների հետ շատ է շփվելու, չի խուսափելու որեւէ հարցի վերաբերյալ մոտեցումներ եւ կարծիքներ հայտնելուց, անհասանելի չի լինելու:

«Ազգի» հարցին` ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ սկզբունքային փոփոխություններ պետք է լինեն ԱԺ աշխատակազմում, նա պատասխանեց. «Ես աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ձեւավորել եմ իմ մոտեցումը, նման կարծիք չեմ հայտնել, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ես որեւէ պայմանավորվածություն որեւէ մեկի հետ չունեմ, որեւէ անձնական խնդիր չունեմ, ինձ համար կարեւոր է լինելու տվյալ աշխատակցի աշխատանքային գործունեությունը. եթե արդյունավետ կաշխատեն, իհարկե, ակնկալելով իմ աջակցությունը, ես բոլորի հետ գործընկեր կլինեմ եւ կաշխատեմ, որեւէ նման խնդիր որեւէ նման անձի հետ չունեմ»: Ըստ Աբրահամյանի` գործադիրի իր փորձն օգնում է այն գործառույթներն իրականացնել, որը սահմանադրությունը վերապահել է ԱԺ-ին` վերահսկողական գործառույթներ ՀՀ կառավարության նկատմամբ, բյուջեի կատարման, ծախսերի ուղղությամբ...

Քաղաքական երկխոսությունը խորհրդարան տեղափոխելու խոստումը հիշեցրին. ինչպե՞ս, հարցրին, երբ ընդամենը 7 ընդդիմադիր պատգամավոր կա, եւ ընդդիմությունը խորհրդարանից դուրս է. «Ես բոլորին, իհարկե, չեմ կարող օգնել, որ իրենք գտնվեն ներսում, քանի որ դրա իրավունքը չունեմ, ես կհորդորեմ` 2012 թվի ընտրություններին մասնակցեն եւ կարողանան իրենց տեղը գտնել ԱԺ-ում, իսկ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` վերջ տալ իրենց անարդյունավետ-հրապարակային միտինգներին, որոնք տեղի են ունենում փողոցներում, եւ ես պատրաստ եմ յուրաքանչյուր կառուցողական առաջարկ քննարկել ԱԺ-ում` ներգրավելով բոլոր հասարակական-քաղաքական ուժերին», խոստումին նոր խոստում ավելացրեց անցյալում փորձառու գործադիր, ներկայումս դեռ «յուղը վրան» ԱԺ նախագահը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4