«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԳԻՐՔ

Կալիֆոռնիայում օրերս «ԼՖԲ Սքոլըրլի փաբլիշինգ» գիտական հրատարակչությունը լույս է ընծայել դոկտ. Մեթյու Ջենդյանի երկարամյա ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող «Becoming American, Remaining Ethnic: The Case of Armenian-Americans in Central California» (Էթնիկ պատկանելությունը պահպանելով` դառնալ ամերիկացի: Կենտրոնական Կալիֆոռնիայում ամերիկահայերի պարագան) հատորը, որը Սթիվն Գոլդի եւ Ռուբեն Ռամբոյի խմբագրությամբ հրատարակվող «Նոր ամերիկացիները» մատենաշարի մաս է կազմում: Մատենաշարը քննարկում է վերջին շրջանի ներգաղթի ազդեցությունները ամերիկյան հասարակության վրա եւ համեմատական եզրեր անցկացնում անցյալի հետ, մատնանշելով փոփոխությունները այդ բնագավառում:

Ջենդյանի հատորը ուսումնասիրում է ամերիկահայերի անցած չորս սերունդների պատմությունը, արմատներին կառչած մնալու, ձուլման վտանգին ենթարկվելու, խառն ամուսնությունների երեւույթները հիմնականում հասարակական, կառուցվածքային, մշակութային եւ ինքնության հաստատման տեսանկյունից:

«Ինքնության պահպանման խորազնին ուսումնասիրության համար պարտական եմ Անի Բալաքյանին, Ռիչարդ Ալբային, Միլտոն Գորդոնին եւ Հերբերտ Գանսին: Մեծապես շնորհակալ եմ նաեւ 300-ի հասնող այն տղամարդկանց եւ կանանց, որոնք պատասխանելով իմ հարցաթերթիկներին, նպաստեցին ամբողջացնելու իմ ուսումնասիրությունը», ասել է Ջենդյանը, որը հասարակագիտության գծով պրոֆեսորի օգնական է եւ Կալիֆոռնիայի պետհամալսարանի (Ֆրեզնո) ամերիկյան հումանիզմի վարչարարական ծրագրի տնօրենը: Նա դասավանդում է էթնիկ պատկանելության, ահաբեկչության, ցեղասպանության, հասարակագիտական խնդիրներին եւ իրավաբանությանը վերաբերող հատուկ կուրսեր: Նրա անունը ներառված է հայազգի մտավորականների «Մենք» հանրագիտարանում:

Վերոհիշյալ հատորը Մեթյու Ջենդյանի առաջին գիրքն է:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4