«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2008-10-15 | #190, 2008-10-16 | #191, 2008-10-17


ԱՅԼԵՎՍ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ

Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու նույն «կոտրած տաշտակը»

Բոսնիա-Հայաստանՙ 4-1 (2-0)

15 հոկտեմբերի, Զենիցա, «Բիլինո Պոլե» մարզադաշտ, 20 հազար հանդիսական:

Մրցավարՙ Ասաֆ Կենան (Իսրայել):

Բոսնիա- Գորան Բրասնիչ, Ջեմալ Բերբերովիչ (Ադմիր Վլադավիչ, 62), Էմիր Սպահիչ (Վելիբոր Վասիլիչ, 68), Ադնան Մրավաց, Դարիո Դամյանովիչ, Էլվեր Ռահիմիչ, Սամիր Մուրատովիչ, Սեադ Սալիխովիչ, Զվեզդան Միսիմովիչ, Վեդադ Իբիշեւիչ (Զլատան Մուսլիմովիչ, 46), Էդին Ջեկո:

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Արթուր Եդիգարյան (Վահագն Մինասյան, 60), Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Արթուր Ոսկանյան, Սամվել Մելքոնյան (Արարատ Առաքելյան, 42), Լեւոն Փաչաջյան, Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արման Քարամյան, Ռոբերտ Զեբելյան (Արա Հակոբյան, 73):

Գոլերըՙ Սպահիչ (31), Ջեկո (39), Մուսլիմովիչ (56, 89), Մինասյան (85):

Զգուշացվեցինՙ Սպահիչ, Քարամյան:

Հայաստանի ազգային հավաքականը շարունակեց իր անփառունակ ելույթները ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարումՙ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը: Մեր ֆուտբոլիստները հերթական անգամ իրենց անփույթ խաղով հիասթափեցրին երկրպագուներին ու խոշոր հաշվով պարտություն կրելովՙ հայտնվեցին ընտրական 5-րդ խմբի աղյուսակը եզրափակողի տխուր դերում:

Անկեղծ ասած, արդեն հոգնել ենք մեր հավաքականի ֆուտբոլիստների «անատամ» խաղին անդրադառնալուց, նրանց հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելուց: Մեր ֆուտբոլիստները կարծես կորցրել են հետաքրքրասիրությունը մրցաշարի հանդեպ, ինչպես հարկն է իրենց ողջ ուժերը չեն ներդնում հավաքականի հանդիպումներում: Դա հատկապես վերաբերում է լեգեոնականներին, որոնք մրցակցության բացակայության պայմաններում իրենց տեղը հավաքականի կազմում ապահովված համարելով, առանձնակի ջանքեր չեն գործադրում:

Բոսնիայի հավաքականի հետ խաղում թեեւ Յան Պոուլսենը մեկնարկային կազմում մի քանի փոփոխություն էր կատարել, սակայն դա ոչ մի կերպ չանդրադարձավ իր սաների գործողությունների սրության վրա: Ինչպես եւ Բելգիայի հավաքականի հետ խաղում, այս անգամ էլ պաշտպանությունում սխալներ թույլ տրվեցին, որոնց հետեւանքով մեր հավաքականի դարպասում 4 գոլ գրանցվեց: Ցավոք, սխալվելու գայթակղությանը չդիմացավ նաեւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նրա անվստահ խաղի հետեւանքով Սպահիչը բացեց հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում Ջեկոն գլխի հարվածով 2-րդ գոլը խփեցՙ չհանդիպելով մեր պաշտպանների ոչ մի դիմադրության:

ՀՀ հավաքականում թերեւս միայն Արման Քարամյանն էր փորձում ինչ-որ սրություն հաղորդել հարձակման գծի գործողություններին: Եվ հենց նրա ջանքերի շնորհիվ էլ 25-րդ րոպեին 1-ին վտանգավոր պահը ստեղծվեց դաշտի տերերի դարպասին, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Նմանատիպ մի իրավիճակ էլ ստեղծվեց 2-րդ խաղակեսում, երբ դարպասին հարվածեց Արա Հակոբյանը: Կրկին դարպասապահն իր բարձրության վրա էր: Մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները հիմնականում զբաղված էին դաշտի տերերի գրոհներին դիմակայելովՙ մի կերպ գնդակը հանելով անկյունային: Ճիշտ է, այս խաղում մեր հավաքականը վերջապես բացեց գոլերի հաշիվը, սակայն դա չի կարող սփոփանք լինել:

ՀՀ հավաքականն ավարտեց այս տարվա խաղացանկով նախատեսված ընտրական մրցախաղերըՙ չորս հանդիպումներում էլ պարտվելով ընդհանուր 1-12 հաշվով: Նման անհաջող մեկնարկ ՀՀ հավաքականն ունեցել է միայն 2006-ի ընտրական մրցաշարում, երբ հավաքականը գլխավորում էր Բեռնար Կազոնին: Բայց այն ժամանակ մեր ընտրանին մեկ գոլ պակաս էր բաց թողել:

Հավաքականի ելույթները վկայում են, որ հայկական ֆուտբոլը խորը ճգնաժամում է հայտնվել: Կրկին ապացուցվեց, որ գլխավոր մարզչի հարցում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը սխալվել է (այս էլ որերորդ անգամ): Եթե օտարերկրացի մարզիչների գլխավորությամբ մեր հավաքականը պետք է նման անփառունակ ելույթներ ունենա, ապա ո՞րն է դրսից մարզիչ հրավիրելու իմաստը, բացի ֆինանսական խոշոր միջոցներ զուր վատնելուց: Կարծում ենք, որ իրեն հարգող յուրաքանչյուր մասնագետ, հատկապես օտարերկրացի, նման իրավիճակում պետք է հրաժարական տա: Անկեղծ ասած, ֆեդերացիայի ղեկավարությանն էլ ձեռնտու չէ Յան Պոուլսենին աշխատանքը շարունակելու հնարավորություն ընձեռել թեկուզ միայն ֆինանսական տեսակետից: Մինչեւ ընտրական հաջորդ հանդիպումը բավական ժամանակ կա եւ հարկավոր է գոնե այս անգամ լուրջ մոտեցում դրսեւորել հավաքականի գլխավոր մարզչի եւ ֆուտբոլիստների ընտրության հարցում: Այլապես կրկին հայտնվելու ենք նույն «կոտրած տաշտակի» առջեւ, ինչն արդեն տարիներ շարունակ տեղի է ունենում:

Մրցաշարային աղյուսակ

5-րդ խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իսպանիա440010-112
2.Թուրքիա42206-38
3. Բելգիա42117-57
4. Բոսնիա420212-46
5. Էստոնիա40132-131
6. Հայաստան40041-120

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4