Մասնագիտական սեմինար-քննարկում Գյումրիում
«Արփի լիճ» ապագա ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման հեռանկարներն են քննարկվում Շիրակի մարզկենտրոնի «Արաքս» հյուրանոցի դահլիճում երեկ մեկնարկած երկօրյա սեմինարում, որը «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը եւ ծրագրի Գյումրիում գործող գրասենյակը: «Միասին դեպի ընդհանուր տեսլական ու գործողության ծրագիր» ենթախորագրով այս աշխատանքային սեմինարին մասնակցում են տեղում ձեռներեցության հավակնողներ, տուրօպերատորներ, զբոսաշրջության միջազգային փորձագետներ, մարզային իշխանության, այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Ծրագրված ազգային պարկի տարածքը, ունենալով համապատասխան բավական մեծ ներուժ, կարող է դառնալ Հայաստանում զբոսաշրջության, մասնավորապես` էկոտուրիզմի զարգացման մի նոր հանգույց: Տեղանքն իր ձյունածածկ, հիասքանչ լանդշաֆտների ու նպաստավոր ռելիեֆի, լճակների ու խոնավ տարածքների շնորհիվ կարող է գրավիչ լինել ձմեռային մարզատեսակների, ձիավարության ու լեռնային հեծանիվի մարզաձեւերի զարգացման համար, նաեւ դառնալ թռչնասերների սիրած վայր: Գտնվելով անդրսահմանային գոտու ճանապարհների խաչմերուկում, այս տարածքը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաեւ միջազգային զբոսաշրջության համար: Ներկա սեմինարի նպատակն է միավորել շահագրգիռ կողմերին եւ մասնակցային հիմունքներով ստեղծել ազգային պարկի տարածքում զբոսաշրջության ծավալման ընդհանուր տեսլականն ու դրան ուղղված գործողությունների ծրագիր:
Գ. Մ.