Եվս 4000-ը կտեղադրվեն մինչեւ հոկտեմբերի վերջը
Հայաստանի 80 տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրման մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկություններ հաղորդեց պետական եկամուտների պետական կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ տոնավաճառներում գործող 9144 վաճառատեղերի համար տոնավաճառների կազմակերպիչների հետ կնքվել է ՀԴՄ տեղադրելու 7302 պայմանագիր: Ներկայումս տեղադրվել է 2900 ցանցային ՀԴՄ, որոնց ցուցանիշներն արձանագրվում են մեկ միասնական բազայում: Մինչեւ այս ամսվա վերջ կտեղադրվեն նաեւ մնացած ավելի քան 4 հազար ՀԴՄ-ները: Արմեն Ալավերդյանը փաստեց, որ չնայած ՀԴՄ-ները Հայաստանում սկսվել են ներդրվել 10 տարի առաջ, բայց տոնավաճառներում դրանց ներդրման հարցը դարձել էր մեր «աքիլլեսյան գարշապարը», քանի որ ԱԺ ընդունած օրենքները եւ կառավարության որոշումներն այդ առնչությամբ հնարավոր չէր լինում իրագործել:
Ըստ խոշոր տոնավաճառների, պատվիրված եւ արդեն տեղադրված ՀԴՄ-ները հետեւյալ պատկերն ունենՙ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառ, պատվիրվածՙ 750 ՀԴՄ, տեղադրվածՙ 660, «Փեթակ», պատվիրված եւ տեղադրված, 500 ՀԴՄ, «Տաշիր»ՙ 500 պատվիրված եւ 250 տեղադրված, «Պալաս»ՙ 200 տեղադրված, «Նարեկ» («Այրարատ» կինոթատրոնի տոնավաճառ)ՙ 1030 պատվիրված եւ 100 տեղադրված, «Ռաֆայել-Տաթեւ» (Մալաթիայի տոնավաճառ)ՙ 500 պատվիրված, 230 տեղադրված, բայց ունի ավելի քան 1300 վաճառատեղ, «Հայաստան» առեւտրի տունՙ 200 պատվիրած, 100 տեղադրված, «Սուրմալու»ՙ 305 պատվիրված, 70 տեղադրված, «Հրազդան»ՙ 500 պատվիրված եւ 100 տեղադրված:
Միաժամանակ Արմեն Ալավերդյանը նշեց, որ եթե Երեւանում այս գործն ընթանում է հաջողությամբ, ապա Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Կոտայքի մարզում դեռ բավարար չէ:
Հաջորդ հարցը ՀԴՄ-ների կտրոնների տրամադրման հետ է կապված: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը նշեց, որ երբ տեղադրվեն ՀԴՄ-ներ բոլոր տեղերում, այդ ժամանակ էլ կսկսեն հսկել այդ գործընթացը: Կոնկրետ տոնավաճառների դեպքում, քանի որ ամբողջ տվյալները լինելու են ցանցում, ապա ռիսկային, այսինքնՙ քիչ շրջանառություն ցույց տվող վաճառակետերը կարձանագրվեն եւ կստուգվեն: Իսկ այն տոնավաճառները, որոնք չեն դիմի ՀԴՄ-ների համար, չեն ստանա գործունեության լիցենզիա:
Ա. Մ.