Հանրապետությունում գործող 1329 միջնակարգ ընդհանուր դպրոցներից 151-ը հիմնական է, 1168-ըՙ միջնակարգ, 10ՙ տարրական: Գործում են նաեւ 34 վարժարաններ եւ 14 արհեստագործական դպրոցներՙ նախնական մասնագիտական կրթական հաստատություններ: 435 հազար 403 աշակերտներից 102 հազար 977-ը կամ մոտ 22,13 տոկոսը սովորում է ավագ եւ արհեստագործական դպրոցներում: Իսկ ավագ դպրոցները 10-ն են եւ փորձնական: Դրանց թիվը եկող ուսումնական տարում կավելանա 42-ով եւ մինչեւ ծրագրի ներդրման ավարտըՙ 2011 թվականը կհասնի 150-ի, որը, կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի հաղորդմամբ, հանրապետությանն անհրաժեշտ թիվն է: Ավագ դպրոցի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ինքնին մարտահրավեր է ռեպետիտորական համակարգին: Այս հավաստիացումն էլ փոխնախարարինն է, որը տրվեց երեկ «Ուրբաթ» ակումբում: «Առկա ուսումնական համակարգով չէինք կարողանում լուծել կրթության նախարարության առջեւ դրված կարեւորագույն խնդիրըՙ արդյունավետ, որակյալ կրթություն: Վիճակագրական տվյալները ցույց էին տալիս, որ բավականին խոր խզում էր առաջացել հենց այստեղՙ երեխաների կրթական մակարդակի առումով. ամեն տարի Երեւանի շրջանավարտների մոտ 40, մարզերիՙ 20 տոկոսն էր դիմում կրթությունը բուհերում շարունակելու համար: Ակնհայտ է խզումը մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ եւ սա մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիր է: Ավագ դպրոցների ցանցի ստեղծումով առաջին հերթին փորձում ենք լուծել այս հարցըՙ ապահովել հանրապետության մարզերի համաչափ զարգացումը: Վերջինի կարեւոր բաղադրիչներից են կրթական հնարավորությունների հավասար ընձեռումն ու հավասար մակարդակի ապահովումը», տեղեկացրեց Բագրատ Եսայանը:
Ավագ դպրոցն աշխատում է ուսումնական ճկուն համակարգով, ինչն ապահովում է հոսքային դասարանների գոյությունն ու առարկաների ընտրության հնարավորությունը. «10 ավագ դպրոցում, որոնք աշխատում են փորձնական ծրագրով 10-րդ դասարանի աշակերտի շաբաթական ծանրաբեռնվածությունը (միակ փոփոխություն չկրածն է) կազմում է 37, 11-րդ դասարանի աշակերտինըՙ 35 ժամ եւ առարկաների բաշխվածությունն էլ թույլ է տալիս բոլոր 15 առարկաները հավասարաչափ ուսումնասիրել: 10-րդ դասարանի 37 ժամից 23-ը պարտադիր առարկայացանկն է եւ 14-ը ընտրաբար», փաստեց փոխնախարարն, ընդգծելով, որ մասնագիտական առարկաներին տրվող շաբաթական 14 ժամը մի քանի անգամ ավել է ռեպետիտորի մոտ ուսումնառելու ժամերից: Սա էլ առհավատչյա է դպրոցի տված եւ բուհերի ընդունելության քննություններում հաջողելու համար անհրաժեշտ գիտելիքների համադրելիությունն ապահովելու: Նախարարությունը նաեւ խստագույն մոտեցում է դրսեւորում, որպեսզի բուհական քննություններում դպրոցական ծրագրից դուրս գիտելիք չպահանջվի: Բնականաբար կա գիտակցումը, որ գիտելիքի մակարդակը պետք է բարձրացվի: Ըստ փոխնախարարի, ավագ դպրոցը լուծելու է նաեւ այդ խնդիրը, իհարկե, 10 ավագ դպրոցներում դասավանդող համապատասխան կադրերի վերապատրաստմամբ, որ կազմակերպվելու է համապարփակ մոտեցմամբ եւ 120 ժամ ծավալովՙ նոյեմբերին:
Արդեն մի քանի տարի գործող աշակերտների թվով դպրոցներին տրվող ֆինանսավորման սկզբունքում էլ փոփոխություններ են լինելու. «Ավագ դպրոցում ուսուցումն ավելի ծախսատար է, քան ցածր դասարաններում եւ հիմնական դպրոցների համեմատ ավագ դպրոցներին 20 տոկոսի չափով հավելավճար է տրվելու: Սա հնարավորություն կտա դասարանները կազմել ավելի քիչ աշակերտներ ներառելով եւ արդյունավետ բարձրակարգ հոսքային ուսուցման», վստահեցրեց փոխնախարարը: Նա միաժամանակ ընդգծեց, որ չնայած կազմակերպական դժվարություններին, այնուամենայնիվ, ավագ դպրոցի աշակերտին հնարավորություն է տրվելու նաեւ տարեկեսին հոսքային դասարանը փոխելու, եթե վերջինս դրա կարիքն ունի:
Իսկ կրթության եւ գիտության նախարարի հրահանգով ստեղծված աշխատանքային խմբերը 10 ավագ դպրոցների աշխատանքի արդյունավետության մոնիտորինգն իրականացնելու են հաճախական այցերովՙ ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ զրուցելով եւ վերջիններիս նաեւ իրազեկելով, քանի որ առկա է ավագ դպրոցների նպատակների թյուրընկալում: Չնայած դրան, ինչպես փոխնախարարը հավաստեց, աշակերտների թիվն ակնկալվածից ավելին է ավագ դպրոցներում:
Ի պատասխան հարցի, Բագրատ Սարգսյանը տեղեկացրեց, որ դիմորդների ուղեցույցները սահմանված ժամկետումՙ մինչեւ դեկտեմբերի 1-ը անվճար կբաժանվեն բոլոր դպրոցներին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ