«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2008-10-16 | #191, 2008-10-17 | #192, 2008-10-18


ՄԵՏՐՈՊՈԼԻՏ ԿԻՐԻԼ. ԱՌԱՆՑ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐՈՒՍՏ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՎ ԵՎ ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՌՈՂՋ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ

Լրագրողները հատուկ վերաբերմունք ունեն ռուս ուղղափառ եկեղեցու աչքի ընկնող գործիչ, Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլի նկատմամբ: Բանն այն է, որ նրա հետ միշտ էլ կարելի է քննարկել լայն շրջանակի հարցեր, այդ թվում նաեւ չառնչվող կրոնին, եկեղեցուն: Մենք եւս «օգտվեցինք» այդ պարագայից եւ խորապես շնորհակալ էինք Նորին Սրբազնությանըՙ հատուկ «Ազգ»-ի համար նրա հանգամանալի պատասխանների առթիվ:


Երեւի կգա նաեւ այն օրը, երբ հայ լրագրողն առանց զանազան տաբուների կկարողանա հանգիստ հանդիպել մեր բարձր հոգեւորականության հետ եւ զրուցել ամեն ինչից:

Խմբ.


- Ձերդ Սրբազնություն, ներկայումս շատերն են խոսում Արեւմուտքի հոգեւոր ճգնաժամի եւ այն մասին, որ արդի արեւմտյան աշխարհն այսօր նույնիսկ դժվար է անվանել քրիստոնեական, քանզի նրանում եկեղեցին կատարում է սոսկ ծիսական, արարողական գործառույթներ, որ անհատի բարոյական դաստիարակության գործում նրա դերը իջեցված է նվազագույնի: Համաձա՞յն եք Դուք նման պնդումներին:

- Արեւմտյան աշխարհի աշխարհականացման-ապակրոնացման տեւական ժամանակահատվածը, անշուշտ, խաղաց իր բացասական դերը: Մենք թեւակոխել ենք այսպես կոչված հետմոդեռնի դարաշրջանը, երբ «մեծ գաղափարներն ու իդեալները» էապես արատավորված են ժամանակակից մարդու աչքում: Մեզ փորձում են համոզել, թե ամենատարաբնույթ «ճշմարտությունները» իրավունք ունեն գոյության եւ թե դրանք բոլորը համանշանակ են, քանզի համեմատական են: Հետմոդեռնի գաղափարակիրների համար բացարձակ ճշմարտություններ չկան: Ռելյատիվիզմը` հարաբերապաշտությունը գերիշխող տրամադրություն է դարձել Եվրոպայի ուսումնական հաստատությունների մեծ մասի տարրական, միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական ծրագրերում: Վաղ տարիքից անհատին այն միտքն է ներշնչվում, թե չկան ընդհանուր պարտադիր բարոյական նորմեր եւ արժեքներ, թե մարդու համար գլխավոր արժեք պիտի դառնան իր բարեկեցությունն ու ինքնահարմարավետությունը: Այստեղից էլ ծայրահեղ անհատապաշտության գերիշխանությունը արդի արեւմտյան հասարակության մեջ, որտեղ կրոնը հաճախ վերագրվում է բացառապես մասնավոր կյանքի ոլորտին կամ կատարում է, ինչպես դուք եք ասում, սոսկ ծիսակատարային գործառույթներ: Այդ միտումը, ցավոք, թափանցել է նաեւ քրիստոնեական շատ եկեղեցիներ եւ համայնքներ, ու առաջին հերթին, իհարկե, բողոքական: Ժամանակին մերժելով «բուն եկեղեցական ավանդություն» հասկացությունը, վերջինիս համար հեշտ էր դառնալ աշխարհականացման գործընթացի մի մասը եւ ընդունել նրա որոշ աշխարհայացքային սկզբունքներ: Ես չէի ցանկանա ընդհանրացումներ անել, քանի որ բողոքականությունը բարդ ու ոչ միանշանակ երեւույթ է, թեեւ հանրահայտ է, օրինակ, որ բողոքական շատ «արժեքներ» ամենայնս հանդուրժողական են վարքի ու բարոյականության տարբեր «տիպերի» եւ «ոճերի» գոյության նկատմամբ, այդ թվում նաեւ այնպիսիների, որոնք ավանդաբար անթույլատրելի են համարվում քրիստոնեության տեսանկյունից: Դա չի կարող կասկածի տակ չառնել քրիստոնեական ճշմարտության մասին հիշյալ բողոքական համայնքների պատկերացումները:

Նույնիսկ այնպիսի մի ավանդական եկեղեցի, ինչպիսին հռոմեակաթոլիկականն է, այսօր հայտնվել է աշխարհականացման ազդեցության ներքո: Այդ մասին բացահայտ է ասում Հռոմի Բենեդիկտոս XVI պապն ինքը: Մշակույթի հարցերով պապական խորհրդի լիակազմ նստաշրջաններից մեկի մասնակիցներին ուղղված իր դիմումի մեջ նա ընգծել էր, որ աշխարհականացումը եկեղեցուն սպառնում է ոչ միայն դրսից. դա դրսեւորվում է հենց նրա ներսում: Վայելքի ու սպառողականության հանդեպ հասարակության մեջ իշխող գերտրամադրությունը, պապի խոստովանությամբ, նպաստում է ինչպես հավատացյալների, այնպես էլ հոգեւորականների շրջանում մակերեսայնության ու եսակենտրոնության տարածմանը, ինչը վնաս է հասցնում եկեղեցական կյանքին ու այն դարձնում սոսկ ձեւական:

Դրա հետ մեկտեղ ասել, թե արեւմտյան աշխարհը բոլորովին դադարել է քրիստոնեական լինելուց, այնքան էլ արդարացի չէ: Իմ հիշատակած քննադատական ձայներն արդեն ինքնին վկայում են, որ արեւմուտքում կան ուժեր, որոնք լիովին գիտակցում են աշխարհականացման վտանգը եւ փորձում են դիմակայել դրան: Արեւմտյան երկրներում ծնունդ է առել մի շարժում, որի մասնակիցները չեն բավարարվում սոսկ աշխարհիկ շահերով. նրանք իսկական հոգեւոր կյանք են փնտրում: Արեւմուտքի շատ քրիստոնյաներ իրենց համար կրկին բացահայտում են հայրապետական ավանդության, ծիսական կյանքի գանձարանը, իրենց նվիրաբերում են մերձավորին ծառայելու ազնիվ գործին: Ի դեպ, որպես դրա արդյունք, նրանք անկեղծ հետաքրքրություն են դրսեւորում ուղղափառության նկատմամբ: Ահա եւ, կարծում եմ, ուղղափառ եկեղեցու համար հնարավոր է դառնում իրապես ազդել արեւմուտքի կրոնական կյանքի վրա, ինչի վկայությունն էր, մասնավորապես, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի այցը Փարիզ եւ Ստրասբուրգ: Այդ այցն այնտեղ բարյացակամ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն պաշտոնական անձանց ու լրագրողների, այլեւ բազում հասարակ մարդկանց շրջանում: Կարծում եմՙ մենք պիտի աջակցենք արեւմուտքում քրիստոնեական անանց արժեքները պաշտպանող ուժերին, զարգացնենք համագործակցությունը նրանց հետ:

- Մենք բոլորս խորհում էինք դեմոկրատիայի մասին եւ փափագում նրա շուտափույթ հաստատումը: Ահա եւ եկավ նաՙ իր ազատություններով, դառնալով մեր կյանքի անքակտելի մասը: Սակայն, ընդսմին, բոլորիս համար անսպասելիորեն, որպես պարադոքս, պարզվեց, որ հենց դեմոկրատական հասարակությունում, առավել քան մեկ ուրիշում, գիտակցությունը որոշվում է առկա կեցությամբ: Ներկա իրողությունը ակամայից հիշեցնում է հին Հռոմը, որտեղ գերիշխում էին մարմնականը եւ գերգործնական-սպառողական վերաբերմունքը կյանքի նկատմամբ, ուր հաստատվել էր գեդոնիզմի, ամենաթողության եւ շվայտության պաշտամունք: Թվում էր, ի դեմս նման հանգամանքների եւ մարտահրավերների, եկեղեցու առջեւ գործունեության ազատ ասպարեզ է բացվում: Սակայն ռուս ուղղափառ եկեղեցու ազնիվ մտադրությունըՙ դպրոցում գոնե «ֆակուլտատիվ» կարգով մասնակցելու պատանի քաղաքացիների հոգեւոր ու բարոյական նկարագրի ձեւավորմանը, առաջ է բերում հասարակության մի մասի ագրեսիվ անբարեհաճությունը եւ դիմադրությունը: Զավեշտական, եթե չասենքՙ ողբերգակատակերգական են հնչում հակաեկեղեցական ուժերի վկայակոչումները ժամանակակից ռուսական դպրոցի «կղերականացման սպառնալիքի» մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ իրողությունը:

- Ժամանակակից դեմոկրատիան հենվում է մարդու իրավունքերի եւ ազատությունների լիբերալ արժեքների վրա, որոնք արեւմտյան աշխարհում ընկալվում են որպես այնպիսի մի ունիվերսալ հիմունք, որն ընդունակ է միավորելու բազմազան մշակութային արժեքներ, ավանդույթներ եւ աշխարհընկալումներ ունեցող մարդկային հանրությունների: Արդի Եվրոպայում, ցավոք, ամուր արմատավորվել է այն համոզմունքը, որ հոգեւոր կյանքի, բարոյականության, վարքագծի հարցերը վերաբերում են յուրաքանչյուր առանձին վերցրած մարդու անձնական ընտրությանը, ընտրություն, որն իր արտահայտությունը չպիտի գտնի հրապարակային ոլորտում: Արդի հասարակությանն առաջարկում են իր մեջ ներառել վարքի ու բարոյականության ամենաբազմազան մոդելներ սոսկ մի սահմանափակումով` դրանք չպիտի հակասեն օրենքին եւ չխախտեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Էթիկական այդ բազմակարծությունը ծնում է նաեւ անտարբերություն մեղքի խնդրի նկատմամբ, որը կործանում է մարդկային կյանքը: Ի՞նչ է ստացվում` եթե վերաբերմունքն այն բանի հանդեպ, թե ի՞նչն է լավ եւ ի՞նչը` վատ, բոլորի մոտ տարբեր է, նշանակում է չկա այնպիսի մի համապարփակ հասկացություն, ինչպիսին մեղքն է:

Մեր երկրում կոմունիստական գաղափարախոսության անկումից հետո պետությունն ու հասարակությունը հայտնվեցին արժեքների լիբերալ համակարգի կողմնորոշիչների շրջանակում: Մեր շատ ժամանակակիցներ իրենց վարքով ցուցադրում են ազատ վերաբերմունք ամուսնության ինստիտուտի, ընտանեկան հարաբերությունների համակարգի, բարոյական ու էթիկական այն սկզբունքների նկատմամբ, որոնցով իրենց կյանքում առաջնորդվել են մեր նախնիների բազում սերունդներ եւ որոնց շնորհիվ նրանք մեծ տերություն են ստեղծել: Դրա հետ մեկտեղ մեր հասարակության մեջ, հայտնի պատճառներով, թուլացած էր հոգեւոր պաշտպանունակությունը, որը թույլ չտվեց հակազդել հասարակության կյանք սրընթաց ներխուժած նոր գաղափարախոսություններին:

Եկեղեցին, տեսնելով հասարակական միջավայրում տեղի ունեցող խմորումները, իր ջանքերը նպատակամղեց այն բանին, որ ուղղափառ մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային ավանդույթներին հաղորդակցելու միջոցով երիտասարդներին, ու առաջին հերթին դպրոցականներին, ներարկվի ճշմարտությունը կեղծիքից, մեղքը առաքինությունից տարբերակելու ունակություն` հօգուտ բարու: Այդ նպատակով մշակվել էր հատուկ դասընթաց` նվիրված ուղղափառության պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին: Սակայն երիտասարդության, իսկ ի դեմս նրաՙ մեր հասարակության ապագայի մասին եկեղեցու հոգատարությունը սվիններով ընդունվեց նրանց կողմից, ովքեր վախենում էին, որ նման դասընթացի միջոցով կուժեղանա եկեղեցու ազդեցությունը հասարակական միջավայրում: Ռուս եկեղեցու հասցեին հնչեցին կյանքի զանազան ոլորտները «կղերականացնելու» սին մեղադրանքներ: Ընդսմին, դժգոհներից եւ ոչ մեկը չկարողացավ առաջարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիներ, որ ստեղծվել է դպրոցականների դաստիարակության համակարգում:

Համոզված եմ, որ ողջամտությունը կհաղթանակի, եւ դպրոցական կրթական համակարգում հոգեւոր-բարոյական ներկայության հակառակորդները կգիտակցեն, որ առանց հոգեւոր հարուստ ներաշխարհով եւ բարոյապես առողջ սերնդիՙ մեր հասարակությունն ապագա չունի:

- Հայերս գտնում ենք, որ մեր ժողովրդի պատմական գոյատեւման եւ զարգացման մեջ այլ գործոնների հետ մեկտեղ հսկայական դեր են խաղացել եկեղեցին եւ ընտանիքը: Եվ մեզ համար, եւ ձեզ համար դրանք սրբություններ են` հոգեւոր իմաստով փոխկապակցված: Դրա հետ մեկտեղ բնավ էլ սուր աչք չի պահանջվում նկատելու համար, որ արեւմտյան, ձեւականորեն քրիստոնեական շատ երկրներում նույնիսկ ներընտանեկան փոխհարաբերություններում մարդիկ հաճախ ոչ թե հենվում են նվիրական, անձնազոհ ու անշահախնդիր սիրո, այլ ռացիոնալ մոտեցումների, գործնական օգտակարության եւ նույնիսկ շահավետության նկատառումների վրա: Նաեւ միանգամայն ակնհայտ է, որ ժամանակակից քրիստոնեական աշխարհում առհասարակ համապարփակ ճգնաժամ է ապրում ընտանիքի ավանդական ինստիտուտը, որն ի սկզբանե եղել է հասարակության ու պետության առողջ գոյության եզակի աղբյուրը; Ձեզ չի՞ թվում, Ձերդ Սրբազնություն, որ ընտանիք կոչված երեւույթի վերջնական կորստով քրիստոնեական հասարակությունը կորցնում է ինքն իրեն: Իսկ չէ՞ որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում ներկայումս դրսից բոլոր ճակատներով եւ ոչ առանց հաջողության ծավալված ամենաիսկական հարձակումների թիրախ է դարձել ավանդական ընտանիքը, երբ բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ու պատճառներով կասկածի տակ են դրվում նրա բարոյական հիմքերը, երբ հեղինակազրկվում են նրա կենսահաստատ կողմնորոշիչները: Ի՞նչ կարող է անել եկեղեցին այդ արտաքին ճնշմանը հակազդելու համար` ի պաշտպանություն ընտանիքի եւ նրա ամրապնդման:

- Ընտանիքի` «փոքր եկեղեցու» մասին քրիստոնեական ուսմունքի մեջ հատուկ վերաբերմունք է ամփոփված ընտանիքի հանդեպ, որը կոչված է լինելու առաջին քայլը Աստծո եւ միմյանց նկատմամբ անաղարտ սիրով տոգորված երկու անձանց ընդհանրության ստեղծման ճանապարհին: Նման սիրո արդյունքը ոչ միայն երեխաների ծնունդն է, այլեւ ամուսինների անհատականության զարգացումը, նրանց սերտ միաբանությունը: Եկեղեցին միշտ օրհնել է քրիստոնյաների ամուսնությունը, դրա մեջ տեսնելով հասարակության ամուր ու հուսալի հենարանը. ընտանիքն ընկած է բազում հասարակական հաստատությունների հիմքում: Ընտանիքի թուլացումը եւ բարոյական անկումը անխուսափելիորեն հանգեցնում է ժողովրդական կյանքի բացասական փոփոխությունների: Մինչդեռ այսօր մարդկանց խստիվ կանոններով պարտադրվում են քայքայիչ ու այլասերիչ պահանջներ: Սպառնալից է դառնում ամուսնալուծությունների քանակը, տարփողվում է կարճաժամկետ կապերի եւ չպարտավորեցնող կենակցության, «միասեռ» միությունների շահեկանությունը: Այդ ամենը աղետալի չափով խաթարում է ընտանեկան հաստատությունը:

Այսօր հենց ամուսնության պահպանման, ընտանեկան արժեքների ամրապնդման հարցը առաջնային է դառնում իրենց լուծումը պահանջող մի շարք առավել հրատապ հասարակական խնդիրների շարքում: Եկեղեցին մշտապես հոգ է տանում ընտանեկան արժեքների եւ ավանդույթների պահպանման համար: Եկեղեցին պետությանն ու հասարակությանը կոչ է անում ուշադրություն դարձնել ընտանիքին, մայրությանը, հայրությանը եւ մանկությանը համակողմանիորեն աջակցելու վրա: Մենք ստեղծել ենք Մայրության պատրիարքական նշան, որով նշվում է մոր սխրանքը, նրա վաստակը` նվիրված երեխաների դաստիարակությանը:

Նույնպես քաջ հայտնի է, որ երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների մեծ մասը կրոնասեր ընտանիքներ են:

- Ելույթ ունենալով Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը մասնավորապես նշեց մարդկային մեղքի (ավելի կոնկրետ` հոմոսեքսուալիզմի) քարոզչության անթույլատրելիությունը: Նման բնական ու կենսահույզ միտքը, այն էլ արտահայտված ամենայն նրբանկատությամբ, բավականին հիվանդագին ընդունվեց արեւմուտքի լիբերալ խավի որոշ մասի կողմից:

- Դա զարմանք չի հարուցում, եթե ուշադրության առնենք այն հանգամանքը, որ այսօր այնտեղ լեգալ գործում եւ ակտիվորեն մեղքի ու արատի թույնով հասարակական մթնոլորտն են աղտոտում սեքսուալ փոքրամասնությունների ամեն կարգի միությունները, ընկերությունները եւ նույնիսկ կուսակցությունները: Սրանք ագրեսիվորեն նորմալ մեծամասնության վզին են փաթաթում իրենց արտառոց «բարոյականությունը»` բացառություն չանելով ոչ երիտասարդների, ոչ դեռահասների եւ ոչ էլ երեխաների համար: Որոշ եվրոպական երկրներում ի լրումն արդեն թույլատրված միասեռական «ամուսնությունների», պայքար է ծավալվել օրինականացնելու ամուսնությունը... հարազատ քրոջ եւ եղբոր միջեւ: Եվ ո~վ կարող է երաշխավորել, որ եթե բարոյազրկությունն այսպես շարունակվի, ապա մի գարշելի օր համատեղ անկողին չի թույլատրվի, մեղա քեզ, Տեր Աստված, նողկալի է նույնիսկ մտածել, մոր ու որդու, հոր ու դստեր միջեւ:

Եվ ի՞նչ է նկատվում ի վերջո. եվրոպական երկրների մեջ բնակչության աճ ունի միայն մուսուլմանական Ալբանիան: Եվ նման իրավիճակն ուղեկցվում է ավելի ու ավելի բարձրաձայն հնչող այն պնդումներով, թե անխուսափելի է դառնում կոնֆլիկտը զանազան քաղաքակրթությունների, կրոնների, մշակույթների, պատմական կացութաձեւերի միջեւ:

- Ձեզ չի՞ թվում, Ձերդ Սրբազնություն, որ եթե նման դիմակայությունն իրոք հավանական է, ապա քրիստոնեական քաղաքակրթությունն արդեն այժմ այն տանուլ է տալիս ոչ միայն ժողովրդագրական առումով, այլեւ առաջին հերթին բարոյական իմաստով: Եվ արդյոք դա՞ չէ ամենասարսափելին մեր ապագայի համար: Չէ որ տակավին թարմ է Խորհրդային Միության օրինակը, երբ աշխարհի հզորագույն միջուկային տերությունը համաշխարհային առաջնության պայքարում պատմական պարտություն կրեց առանց մի կրակոցի:

- Արեւմտյան աշխարհը միատարր չէ, եւ այնտեղ բնավ էլ բոլորը չէ, որ կողմնակից են ավանդական բարոյականության այլասերմանը կամ օժանդակում են մեղսավոր կյանքի քարոզչությանը: Շատերն են հասկանում, որ վարքի այնպիսի չափանիշների տարածումը, որոնք ուղղված են դարավոր արժեքների քայքայմանը, սպառնում են եվրոպական քաղաքակրթության ապագային: Հենց այդ մարդկանց էր հասցեագրված Նորին Սրբություն պատրիարքի կոչը: Եվ այդ կոչը լսվեց ու աջակցություն գտավ այդ անձանց կողմից, քանզի նենգամիտ քաղաքական տեխնոլոգիաները փորձում են նրանց զրկել չարիքն իր անունով կոչելու իրավունքից:

Մեր օրերում, իրոք, հաճախ են խոսում արեւմտյան աշխարհի եւ իսլամական քաղաքակրթության բախման մասին, որոնք, իբր, հիմնված են տարբեր արժեքների վրա: Սակայն պետք է ուշադիր հայացք գցել այդ իրողության վրա հասկանալու համար, թե որտեղով է իրականում անցնում այդ բաժանարար գիծը: Արեւմուտքում կան ուժեր, որոնք պայքարում են կրոնը հասարակությունից դուրս մղելու, մարդկանց կյանքում կրոնական համոզմունքը զանգվածաբար մերժելու օգտին: Նրանց ճանապարհին կանգնած է ոչ միայն իսլամը, այլեւ որեւէ կրոն, որը ենթադրում է ավանդական հոգեւոր կյանքի հրապարակային կանխադրում: Աշխարհականացնող լիբերալ մտածողությունը, որը բացարձակ հանդուրժողականություն է հռչակում մարդկային բնույթի բոլոր դրսեւորումների նկատմամբ, իրականում անհանդուրժող է կրոնական աշխարհայացքի հանդեպ որպես այդպիսին, նրա մեջ տեսնելով իր գերիշխանության մրցակցին: Ցավոք, արեւմտյան պետությունների որոշ գործողություններ մուսուլմանների կողմից ընկալվում են որպես յուրօրինակ «խաչակրաց արշավանքներ»: Ծայրահեղականները փորձում են վրեժխնդիր լինել քրիստոնյա հոգեւորականներից իրենց սրբությունները անարգելու համար, որ իրագործում են նրանք, ում խորթ է ամեն կրոնականություն սկզբունքորեն: Նման կոնֆլիկտներ հրահրում են նաեւ նրա համար, որ գժտեցնեն ավանդական կրոններ դավանող հավատացյալներին: Եվ այդ այն դեպքում, երբ նրանց ընդհանուր թշնամին աշխարհականացման ծայրահեղականությունն է:

Ես հավատում եմ, որ հոգեւոր առաջնորդները իմաստնություն կդրսեւորեն կանխելու անհիմն կոնֆլիկտները: Քաղաքակրթությունների բախման մեջ չեն կարող լինել հաղթողներ ու պարտվողներ, քանզի դա ընդունակ է ոչնչացնելու մարդկային քաղաքակրթությունը որպես այդպիսին:

- Ռուսաստանը բազմազգ ու բազմակրոն տերություն է, թեեւ բնիկ ռուս եւ ուղղափառ գործոնների ակնհայտ պատմական գերակշռումով: Ուստի եւ ցանկացած խելամիտ ու պատասխանատու մարդ հասկանում է, որ ռուսաստանյան հասարակությունը կարող է գոյություն ունենալ եւ հաջողությամբ զարգանալ միայն այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների, սթափ համոզմունքներ ունեցող բոլոր մարդկանց ներդաշնակ հարաբերությունների առկայության դեպքում:

Սակայն բոլորիս հայտնի են նաեւ վերջին ժամանակներս տեղի ունեցող բռնության առանձին դրսեւորումները` ուղղված այսպես կոչված «աշհարհագրական» ազգության կամ «անընդունելի» մաշկի գույն ունեցող անձանց նկատմամբ: Կօգնի՞ մեզ մեր հավատքը, թե՞ այստեղ ամեն ինչ կախված է քաղաքագետների, իրավապահ մարմինների, զանգվածային լրատվամիջոցների ջանքերից:

- Այսօր Ռուսաստանում, իրոք, բախվում ենք ազգամիջյան եւ միջկրոնական երկպառակության առանձին դրսեւորումերի: Այս կամ այն ժողովրդին պատկանելու հավատքն ու գիտակցությունը կազմում են մարդկային անհատի խորախորհուրդ ներաշխարհը: Այդ պատճառով էլ կրոնական ու ազգային հենքի վրա բռնկվող երկպառակությունները այդչափ դժվար է կասեցնել: Բացի այդ, նման կոնֆլիկտներն ուղեկցվում են հիվանդագին երեւույթներով, քանզի շոշափվում են մարդու ինքնանմանակման էական հարցերը:

Սակայն մեր ժողովուրդը միշտ էլ իմաստնություն է դրսեւորել կառուցելու հարաբերությունները եղբայրության, միասնության, այլ ավանդույթների, այլ կրոնի եւ մշակույթի նկատմամբ հարգանքի ոգով: Դարերով, սերդնե-սերունդ մեր նախնիները փնտրել են այն modus vivendi-ն, որն իրենց թույլ տար խաղաղ գոյակցել նույն տարածքում: Այդ որոնումներում, անտարակույս, կարեւորագույն դեր է խաղացել կրոնը: Կրոնական խոր համոզմունքը, որը ենթադրում է բարոյական նորմերի բացարձակություն եւ անքակտություն, մարդուն հնարավորություն է տալիս իր նմանակցի մեջ տեսնել ոչ թե թշնամու, օտարի, հարստացման միջոցի, սեփական բարեկեցության աստիճանի, այլ աստծո պատկերի, կենդանի ոգու, թեկուզեւ նա դավանում է ուրիշ հավատքի, պատկանում է այլ մշակութային ավանդույթի:

Այդ պատճառով էլ այսօր անչափ կարեւոր է, որ ազգային ինքնանմանակման որոնումը ու պաշտպանությունը ձեռք չբերեն ագրեսիվ ազգամոլության եւ այլատյացության ձեւ` ընդունակ հանգեցնելու արյունահեղ կոնֆլիկների: Անհրաժեշտ է նաեւ կրոնական համայնքների անմիջական ու անկեղծ երկխոսություն, որը կարեւորվում է ոչ միայն որպես թյուրըմբռնումների եւ կասկածամտության հաղթահարման միջոց, այլեւ ավանդական կրոնների կողմից հռչակվող հոգեւոր ու բարոյական արժեքների համատեղ պաշտպանության եղանակ: Այդ նպատակով 90-ականների վերջերին ստեղծվեց Ռուսաստանի միջկրոնական խորհուրդ, որի մեջ մտան ուղղափառության, իսլամի, հուդայականության եւ բուդդայականության ներկայացուցիչները: Նրա անդամները ձգտում են համատեղ պատասխանել արդիականության տարբեր մարտահրավերներին, աշխարհին վկայել խորհրդում ներկայացված կրոնների հետեւորդների խաղաղ գոյակցության ու փոխգործակցության դրական փորձը:

- Ձերդ Սրբազնություն, նման, ես կասեի, ծանր ու ցավոտ թեմաներից հետո կցանկանայի խոսել, հուսով եմ, ավելի հաճելի հարցի շուրջ. նկատի ունեմ ռուս-հայկական միջկրոնական հարաբերությունների եւ կապերի ներկա վիճակը: Ինչպիսի՞ն են դրանք:

- Հարյուրամյակների ընթացքում Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հարաբերություններն աչքի են ընկել անխախտ ջերմությամբ ու փոխադարձ հարգանքով: Դրան նպաստել են մեկ պետության մեջ ունեցած մեր ժողովուրդների համատեղ կյանքի փորձը, Ռուսաստանի քաղաքներում հայ ազգային համայնքների ձեւավորումը, վառ ու ինքնատիպ հայ մտավորականության ի հայտ գալը, որի ավանդը մեր հայրենիքի մշակութային զարգացման մեջ խիստ շոշափելի է եղել: Մեր ժողովուրդները եւ եկեղեցիները վերջին երեք դարում ավելի են մերձեցել, շատ բան են իմացել միմյանց մասին, ավելի լավ են սկսել հասկանալ միմյանց:

Անցյալում ցանված բարու սերմերը այսօր առատ պտուղներ են տալիս: Մեր եկեղեցիների համագործակցությունը կոնկրետ ձեւեր է ձեռք բերել եւ շարունակում է զարգանալ: Ասենք. բարի ավանդույթ է դարձել հայ ուսանողներին ուսման ուղարկելու Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի հոգեւոր ակադեմիաները: Ներկայումս մենք քննարկում ենք Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր դպրոցի ներկայացուցիչներին Հայաստան ուղարկելու հարցը` աստվածաբանություն, Հայ առաքելական եկեղեցու պատմությունն ու ծիսական ժառանգությունն ուսումնասիրելու համար:

Մեր եկեղեցիների ներկայացուցիչները հաջողությամբ են համագործակցում քաղաքակրթությունների երկխոսության, տարբեր միջքրիստոնեական եւ միջկրոնական միջոցառումների ժամանակ: Իրենց առաջնորդների նախաձեռնությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին եւ Հայ առաքելական եկեղեցին սկսել են երկխոսություններ, որոնցից առաջինը տեղի ունեցավ 2001 թվականի փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ նվիրված էր ազգի, հասարակության եւ քաղաքական աշխարհի հետ եկեղեցու փոխհարաբերությունների քննարկմանը: Երկրորդ հանդիպումը` «Մարդու իրավունքները, բարոյականությունն ու ավանդական արժեքները» անվանումով, նույնպես անցավ Սուրբ Էջմիածնում, 2008 թվականի փետրվարի 4-7-ը:

Ակներեւ է, որ ներկայումս առավել ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը առնչվում է հասարակության կյանքում ավանդական արժեքների ընկալմանը, մարդկային անհատի իրավունքների եւ արժանապատվության քրիստոնեական պատկերացմանը: Քրիստոնեական դավանաբանության վրա հիմնված բարոյականության իդեալները մեզ պարտավորեցնում են հաստատակամորեն ու վճռականորեն բարձրացնել մեր ձայնը ի պաշտպանություն այն ապրելակերպի, որ հենված է ավետարանական արժեքների վրա: Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այդ սկզբունքորեն կարեւոր հարցերում մեր եկեղեցիների տեսակետները մերձիմոտ են, եւ մենք տրամադրված ենք խորությամբ շարունակելու մեր երկխոսությունն ու համագործակցությունը:

Կցանկանայի հատկապես նշել Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձնական ավանդը մեր եկեղեցիների փոխըմբռնման խորացման գործում: Այստեղ` Մոսկվայում այդ առաքելությունը հաջողությամբ է կատարում հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը, ի դեմս որի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականությունն ունի ուշադիր ու զգայուն զրուցակցի` անկեղծորեն նվիրված մեր ժողովուրդների եղբայրության գաղափարին:

Զրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4