«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2008-10-16 | #191, 2008-10-17 | #192, 2008-10-18


ԱԶԳԱՆՈՒՆԸՙ ԱԶԳԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ

Չեքիջը կշեռք անողն է, խզմալը` անզուսպը...

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Խորհրդային ժամանակներում ձեւավորված «ավանդույթ» կար. կինոթատրոնում ոչ հայկական որեւէ (ռուսական, ուկրաինական, վրացական, այլ արտադրության) ֆիլմ դիտելիս, ամենասկզբում, երբ ներկայացվում էր ֆիլմի ստեղծագործական կազմը, եւ պաստառին հայտնվում էր որեւէ հայ ազգանուն, հայ դահլիճն անհրահանգ, բայց բուռն ու համերաշխ ծափահարում էր: Հայոց ազգանվան -յանը այդպես մեզ համակում էր ոգեւորությամբ, լցնում ազգային արժանապատվության զգացումով: Մեզ հայ պահելու շատ արժեքների թվում` լեզու, հավատ, գիր, անշուշտ իր նշանակալից տեղն է ունեցել նաեւ -յանը: Բայց եթե հազարամյա նվիրումով նա ծառայել է մեզ, մենք` նույն-յանի կրողներս, արդյո՞ք նրա հանդեպ եղանք երախտապարտ եւ հոգածու` անաղարտ ու հայեցի պահելով հենց իրեն` մեզ այդպես պահողին: Ավաղ, չեղանք: Պատմության մի նեղ ոլորանում մեր հնօրյա -յանը մենք կապեցինք քոչվոր ու անհայրենիք ինչ-որ քեշիշների, ղասաբօղլիների, դամրչիների պոչից, եւ -յանից ու հենց մեզանից հայությունը մի քիչ պակասեց: Եվ հիմա ծածուկ մի անհարմարություն ենք զգում, երբ Արմեն անվան կողքին հնչում է Ջիգարխանյան, Առնոյի կողքին` Բաբաջանյան, Արամի կողքին` Ղանալանյան, Եղիայի կողքին` Տեմիրճիպաշյան, Հովհաննեսի կողքին` Չեքիջյան, Տիգրանի կողքին` Խզմալյան... Անհարմար ենք զգում, որովհետեւ մտքի հեռավոր ծայրով պատկերացնում ենք. այդ ազգանունը լսում է նաեւ օտարը, լսում է թշնամին, լսում ու չարախնդում է ուրիշի բառ-ունեցվածքը սեփականելու հայի անմիտ սովորույթի վրա: Մինչդեռ փորձեք թեկուզ մեկ հայերեն բառ գտնել նույն այդ թշնամու ազգանուններում. դժվա՜ր գտնեք, չեք գտնի: Հայը (երբեմն` տոհմանունը կրողն ինքը) սովորաբար չգիտի էլ օտար բառ-արմատի իմաստը, մինչդեռ անգրագետ ամեն մի թուրք գիտի, որ «ղանալանը» պատյանագործն է, «չեքիջը»` կշռավարը, «խզմալը»` իրեն չտիրապետող` անզուսպը: Մենք նույնիսկ օտար վիրավորական բառն ենք դարձրել տոհմանուն, որ թուրք-թաթարի դեմ մարտնչած մեր գեներալը կոչվի Դալիբալթայան (կեղեքիչ): Մենք ինքնադավ եղանք այնքան, որ 2000 տարի քրիստոնյա մեր ցեղում ալավերդյաններն ու թարիվերդյանները ավելի շատ են, քան աստվածատրյաններն ու տիրատուրյանները: Եվ զարմանալի անզգույշ եղանք` թույլ տալով, որ լուսավոր մեր մանուկին պղծի թուրքի երիցս սեւ ղարա-ն (Ղարա - Կարա -Գարամանուկյան). թույլ տվեցինք նույնիսկ, որ մեր մանուկի հետ, ի՜նչ անհեթեթություն, «մերվի» քոչվորի... օղլին (Մանուկօղլյան): Ինքնադավության ուղին բռնածներիս համար հետո կարելի դարձավ նույնիսկ սրբապիղծ լինել` թույլ տալով, որ օտար օղլին հանգիստ բազմի նաեւ հայոց... խաչ ու Խաչիկի կողքին:

Ազգանունը, ինչպես բառն է հուշում, կոչված է ոչ միայն տոհմանուն նշելու, այլեւ ցույց տալու կրողի ազգությունը: Այդ իմաստով յուրաքանչյուր ազգանուն նաեւ ազգաճանաչման գործառույթ ունի: Երբ կորսվում է այդ գործառույթը, դյուրին է դառնում նաեւ որեւէ անձի ազգային պատկանելության շփոթը: Հովհաննես Այվազովսկուն աշխարհում շատ քչերն են հայ ընկալում. նրա ազգանունը, որքան էլ տարօրինակ է, նրան իր ազգությունից հեռացնում է` տանել-առնչելով լեհի, հրեայի, ռուսի` այլազգու, սակայն ոչ հայի հետ: Եվ այս իմաստով Հ. Այվազովսկին որպես հայ մշակույթի երեւույթ աշխարհի աչքում կարծես կորսված է: Ունենք տաղանդավոր երգահան Միքայել Թարիվերդիեւ, բայց փորձիր օտարին համոզել, որ նա հայ է. ոչ թարի-ն է դա հուշում, ոչ վերդի-ն, ոչ բառավերջի եւ-ը: Սերգեյ Փարաջանովի հայ լինելը չի երեւում ոչ անունից, ոչ ազգանունից: Եվ խոստովանենք, որ հենց հայերիս ընկալումներում Հ. Այվազովսկին, Մ. Թարիվերդիեւը, Ս. Փարաջանովը մի քիչ... հայ չեն: Իսկ այդպիսի ընկալմանը «նպաստել է» հենց օտար ազգանունը:

Ընդհանրապես անունների խնդրում հայերս անզգույշ լինելու չափ օտարասեր ենք, այդ պատճառով էլ հայոց անունարանը լի է օտար ծագման բառերով ու արմատներով: Անձնանունների առումով, մասնավորապես, եթե մենք ընդգծված կերպով սլավոնամետ-արեւմտամետ ենք, ապա ակնհայտ է մեր թուրքամիտությունը ազգանունների խնդրում: Առաջինը վտանգավոր չէ այնքանով, որքանով անունը մեկ սերնդի ընթացքում փոխվում է, հետեւաբար կարելի է արագ ազատվել օտար անունից: Խնդիրն այլ է ազգանունների պարագայում, որոնք սերնդեսերունդ անփոփոխ ժառանգվում են (իսկ ավանդապահ հայը ամեն ինչ անում է ազգանվանն իր հավատարմությունը պահելու համար), եւ այդպես հավերժության ճամփին են հայտնվում ամեն տեսակ աղաբաբյաններն ու բաբուխանյանները, քեշիշյաններն ու (սրա «ժառանգ») քեշիշօղլյանները, համամջյաններն ու թամամշյանները: Եվ այդպես հայը անմահության «ուղեգիր» է տալիս իր իսկ պատմության այն նեղ ոլորանին, ուր իր ճորտական կացությունը, իր իրավազուրկ վիճակն է արձանագրվել: Արձանագրվել, ավելի ստույգ` խարանվել... ազգանվամբ: Բայց արժե՞, որ մենք շարունակենք տոհմակոչվել Նավալյան (ապուշ), Գավուկյան (խաբեբա), Համալմազյան (իրավազուրկ), Ղարաջյան (բամբասող), Գուբաթյան (անտաշ), ինչ է թե կեղծ-երեւութական հավատարմություն ենք պահպանում նախնյաց տոհմանուններին, որ երբեմն ոսոխի տված ծաղրանուն է ընդամենը:

Մինչդեռ իր անխաթար կերպի մեջ ազգանունը մարդու մասին հզոր ծագումնաբանական ինֆորմացիա է ամփոփում: Վիլյամ Սարոյանը` անվամբ, ծննդյամբ, կրթությամբ ամերիկացի, իր գրականությունը` անգլերեն, բայց մեր ընկալումներում զտարյուն հայ է, քանզի, այլ հուշումներից առավել, անխաբորեն այդ է հուշում ազգանունը` անխաթար հայերեն կազմությամբ: Նիկիտա Սիմոնյանը` անվամբ, ծննդյամբ, լեզվով, լեզվամտածողությամբ բոլորովին «օտար», մեր ընկալումներում հայ է ազգանվամբ: Այդպես մեր աչքը` տեսնում, մեր ունկը լսում է հայերեն բառ-արմատն ու նրան հարազատորեն մերված հայաշունչ -յանը, եւ ազգանվանակիրն ինքն էլ արագ հարազատանում է մեզ (օտարների ու օտարության մեջ` առավել եւս)` ազգակից լինելու տաք-հեռավոր խլիրտներ արթնացնելով մեր գիտակցության ու հոգու խորքերում:

Լեզու մաքրելու փորձ հայերս, փառք աստծո, ունենք: Հիշենք, որ ընդամենը երկու տասնամյակ առաջ Հայաստանի տեղանունների ցանկում չափազանց շատ էին թուրքական ծագման անունները, մասնավորապես ադրբեջանաբնակ բոլոր (առանց բացառության) բնակավայրերը թուրքանուն էին` ավելացրած, որ այդպիսին էին նաեւ շատ հայաբնակ բնակավայրեր: Ազգային զարթոնքով պայմանավորված` սկսվեց բնականունների հայացման կարեւոր մի գործընթաց, եւ սկսեցին հայերեն շնչել բազմաթիվ տեղանուններ: (Դրանց մեջ նաեւ հայտնվեցին բարեհնչունությամբ եւ բառակազմական օրինավորությամբ բացառիկ գեղեցկության անուններ` Պաղակն, Աղվորիկ...):

Արդ ի՞նչն է խանգարում, որ նույնը փորձենք անել նաեւ մեր տոհմանունների համար` հայերենացնելով-հայացնելով դրանք, հրաժարվելով օտար, առավելապես թուրքական ծագումով արմատներից:

Անշուշտ, դժվար է հրաժարվել սեփական ազգանունից, որքան էլ այն օտարարմատ-օտարահունչ է: Մանավանդ որ այդ ազգանունները հայոց մեջ կենցաղավարել են բավական երկար ժամանակ, եւ դրանց շուրջ գոյացել է հնամենիության մի պատրանք, որը ավանդապահ մնալու ինչ-ինչ դրդումներ ունի իր մեջ: Հետեւաբար ոչ մեկը հեշտությամբ չի համաձայնի կորցնել իր ազգանվան հնավանդությունը: Բացի այդ` ազգանունը փոխելը դժվար է հոգեբանորեն, հեշտ չէ նաեւ այդ ամենի իրավաբանական ընթացքը: Սակայն պետք է հիշել, որ հրաժարվելով թուրքերեն բառից ու արմատից` մենք վերադարձ ենք կատարում մեր արմատին, որ բազում դարերի հեռավոր խորքերում է, ոչ թե ընդամենը մի քանի հարյուր տարվա հեռվում:

Ուստի ժամանակը չէ՞ ազգանունը հռչակել ազգային-մշակութային արժեք` ենթակա մաքրման ժամանակի ժանգից` թուրք-թաթարի շնչից, ինչպես որ եղավ տեղանունների պարագայում:

Հնարավոր չէ՞ օգտվել իրավաբանորեն հարմար եւ հոգեբանորեն դյուրին (թերեւս) հետեւյալ տարբերակից` սկիզբ դնել անունամաքրման համազգային մի գործընթացի` սկսելով մեր նոր ծնված-ծնվող զավակների, մեր որդիների, մեր թոռների ազգանունները հայացնելուց :

Ի վերջո կարող է, չէ՞, մի Թարջումանյան կամ Թութունջյան, Ղարաքեշիշյան կամ Գարամանուկյան իր նորածին զավակի` որդու, թոռան համար ազգանուն դարձնել հոր, պապի կամ նախապապի Արամ, Տիգրան, Մեսրոպ, Մանուկ անունը:

Անշուշտ, կարող է:

Եթե կամենա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4