«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2008-10-17 | #192, 2008-10-18 | #193, 2008-10-21


ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸ` ՆՈՐԱՑՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՎ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ

Շաբաթ օրը Գյումրիում վեցերորդ անգամ նշվեց ավանդական դարձած «Քաղաքի օրը»: Տոնական միջոցառումների յուրատեսակ մեկնարկը տրվեց հետերկրաշարժյան «Անի» թաղամասում, որտեղ էլ, Գյումրի ժամանելով, առաջինը եղավ հանրապետության կառավարական պատվիրակությունըՙ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այստեղ` Տրդատ Ճարտարապետ փողոցի վերջնամասին հարող տարածքում, տարիների ընդմիջումից հետո շուտով կսկսվի առաջին բնակելի շենքի կառուցումը երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար, որոնց թիվը քաղաքում դեռ անցնում է 4000-ից, իսկ ողջ Շիրակի մարզում` 4600-ից: Այս տարածքում առաջիկա երկու տարիներին կառուցվելու է մոտ 400 բնակարան, եւս 1900 բնակարան ծրագրված է կառուցել հետերկրաշարժյան մեկ այլ` «Մուշ» թաղամասում:

Աղետի գոտու վերականգնումը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկն էր, եւ հանրապետության նախագահը եկել էր անձամբ ծանոթանալու շինարարության նախապատրաստական իրավիճակին: Կառավարության մշակած հայեցակարգով աղետի գոտու խնդիրն ամբողջովին լուծվելու է մոտակա 3 տարիների ընթացքում: Ողջունելով հավաքված գյումրեցիներին եւ շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, այստեղ առաջիկա 2 տարիների շինարարական ծրագրերը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը : «Շինարարական աշխատանքները կտեւեն 800 օր եւ կավարտվեն 2010 թվականին,- ասաց նա:- Շինարարական բազայի նախապատրաստումն արդեն սկսված է: Հաջորդ տարվա ընթացքում կկառուցվեն շենքերի հիմնակմախքները, իսկ 2010 թ. կավարտվեն ներքին հարդարման աշխատանքները, կոմունիկացիաների անցկացումը»:

Կառավարական պատվիրակությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ եղավ նաեւ Գյումրու նորացված ու թարմ տեսք ստացած կենտրոնական հրապարակում, որն այս անգամ տոնական միջոցառումների հիմնական վայրն էր: Հրապարակը բարձրաստիճան եւ մյուս հյուրերին, տոնակատարությանը ներկա լինելու եկած գյումրեցիներին դիմավորեց բազալտե եռագույն սալիկներով նոր կառուցված, մոտ 3700 քառ. մետրանոց քարե գորգով ու ցայտող շատրվաններով, քաղաքապետարանի կառուցվող շենքի արտաքինից արդեն ավարտուն գեղեցիկ համապատկերով, կից բարեկարգ տարածքով, երգ ու պարով: Այստեղ հանդիսավորությամբ բացվեց Վարդանանց արձանախումբը, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Գյումրու օրվա ձեւավորված ավանդույթներից մեկը տարբեր ոլորտների լավագույն մասնագետների պարգեւատրումն ու պատվավոր կոչումների շնորհումն է: Այս անգամ «Քաղաքի լավագույն շինարար» տիտղոսին արժանացան Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող շինարար Վաղինակ Ֆարզադյանն ու քաղաքապետարանի շենքի շինարար Հակոբ Բաղդասարյանը : Քանդակագործ Արտուշ Պապոյանն արժանացավ տարվա «Վարպետ» կրծքանշանին: Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Ֆրիդ Սողոյանին :

Ինչպես միշտ, Գյումրու օրն ավարտվեց հրապարակում տեղի ունեցած տոնական մեծ համերգով, որին մասնակցում էին տեղի ու մայրաքաղաքի սիրված երգիչ-երգչուհիներ եւ գեղարվեստական խմբեր:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4