Դրանք, ըստ ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Բայքալի, ոչ այլ ինչ են, քան ապստամբության փորձ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հոկտեմբերի 19-ից Թուրքիայի հարավարեւելյան մի շարք քաղաքներում եւ գյուղաքաղաքներում տեղի են ունենում քուրդ ցուցարարների եւ անվտանգության ուժերի բախումներ: Այս բախումները հատկապես ծավալվում են Դիարբեքիրում, Ուրֆայում, նրա գավառներից Վիրանշեհիրում, Վանում, Մարդինում, Բաթմանում, Ջիզրեում, Բայազետում, ինչպես նաեւ Ադանայում: Նշված քաղաքներում բախումների հետեւանքով փակվել են առեւտրի կետերը, արհեստանոցները եւ այլ գործատեղեր: Ցուցարարները ոստիկանության հարձակումներից պաշտպանվելու համար բարիկադներ են կառուցել քաղաքների փողոցներում:
Վերոհիշյալ քաղաքներում նրանք հանդես են գալիս PKK-ի եւ քրդական այս կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ համերաշխության կարգախոսներով, ցույցերին ոստիկանության միջամտությունը հանգեցնում է բախումների, մինչ ցուցարարները բարիկադներ են կառուցում, ի նշան վերջիններիս հետ համերաշխության փակվում են նաեւ առեւտրի կենտրոններն ու գործատեղերը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաք է այցելում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոկտեմբերի 20-ին Էրդողանը Դիարբեքիրում էր: Նրա այցելության օրը առեւտրի կենտրոններն ու գործատեղերը, բացի Դիարբեքիրից, փակվել են նաեւ Շըրնաքի գավառներից Ջիզրեում, թե վարչապետն ինչո՞ւ է Դիարբեքիր եկել: Երեկ Բայազետում սպանվել է մեկ ցուցարար, կան բազմաթիվ վիրավորներ եւ ձերբակալվածներ նաեւ մյուս քաղաքներում:
Թեեւ թուրքական իշխանություններն այս ամենը վերագրում են PKK-ի սադրանքին, իսկ ցուցարարները պահանջում են Օջալանի պայմանների բարելավում կալանավայրում, իրականում խնդիրը ոչ այնքան սադրանքը կամ Օջալանի պայմաններն են, որքան Թուրքիայում քրդական հարցի հետեւողականորեն սրումը, որի համար պատճառ դարձավ Աքթութունի զորամասում կամ Քավաքլուի շրջանում թուրք զինծառայողների սպանության պատրվակով երկրում ակտիվացած հակաքրդական արշավը:
Եթե քուրդ բնակչությունը միաժամանակյա ելույթներ է ունենում վերոհիշյալ 9 բնակավայրերում, ավելին, Դիարբեքիրի, Ուրֆայի Բաթմանի, Մարդինի, Վանի եւ Ադանայի պես նահանգային կենտրոններում կարողանում է բարիկադներ կառուցել եւ երեք օր շարունակ դիմակայել անվտանգության ուժերի ճնշումներին, կնշանակի քրդերը դուրս են եկել թուրքական իշխանությունների վերահսկողությունից:
Թերեւս այդ առումով պատահական չէր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի երեկվա ելույթը: Նա մասնավորապես ասաց. «Վարչապետ Էրդողանի Դիարբեքիր կատարած այցի ընթացքում ստեղծվեց մի տեսարան, որը ցույց է տալիս, թե երկրում ինչ հանգրվանի է հասել ահաբեկչությունը: Դա հետզհետե կազմակերպվում է: Իրականում սա ապստամբության փորձ է: Հարավարեւելքում տեղի ունեցող զարգացումները նախապատրաստություն են հետագա ապստամբության համար»:
Նա ստեղծված իրավիճակի, առավել եւս Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ օրերս թուրքական պատվիրակության ծավալած բանակցությունների համար դատապարտեց վարչապետ Էրդողանին: Դատապարտման հարցում Բայքալին միացավ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, թե վարչապետ Էրդողանը անջատողականներին սիրաշահելու համար վերստին առաջ է քաշում քրդական հարցի քաղաքական լուծման տարբերակը, թերեւս դրանով էլ նպաստում է ահաբեկչական PKK-ի գործունեության քաղաքականացմանը, փոխանակ «ահաբեկչության եւ էթնիկ անջատողականության դեմ պայքարում աջակցի թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ Իլքեր Բաշբուղին»:
Ինչպես երեւում է, թուրք-քուրդ բախումները Թուրքիայի հարավարեւելյան շրջաններով չեն սահմանափակվելու, որովհետեւ PKK-ն, ըստ «Զամանի», գործի է անցել նաեւ Գերմանիայում ու Ֆրանսիայումՙ գործելով հարձակումներ Համբուրգի գլխավորությամբ գերմանական, իսկ Փարիզիՙ ֆրանսիական քաղաքներում թուրքերին պատկանող գործատեղերի վրա, որոնցից երեքը զբոսաշրջության գործակալության գրասենյակներ են: Գերմանական եւ ֆրանսիական ոստիկանությունը նշել է, որ հարձակումների դրդապատճառը քաղաքական է, իսկ վերլուծաբաններն ընդգծել են դրանց զուգադիպությունը «Էրգենեքոնի» գործով դատավարության սկզբնավորման, ինչպես նաեւ Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի ղեկավարության եւ Անկարայի հարաբերություններում վերոհիշյալ բանակցություններով կատարված շրջադարձի հետ: