«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2008-10-18 | #193, 2008-10-21 | #194, 2008-10-22


ՆՈՐ ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ` ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ԳՐԻԳՈՐ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ տեղի ունեցավ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) նոր մանկաբուժական մասնաշենքի բացման արարողությունը:

Միջոցառումն սկսվեց մասնաշենքի անվանակոչության արարողությամբ` արգենտինահայ բարերար Գրիգոր Դերձակյանի հիշատակին: Տարիներ շարունակ Գրիգոր Դերձակյանի աջակցությամբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում իրականացվել են բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ:

«Արաբկիրի» գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը իր ելույթում նշեց, որ Գրիգոր Դերձակյանը անցել է երկար ճանապարհ. փախչելով Թուրքիայի ջարդերից` մեկնել է Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա եւ վերջապես հասել Արգենտինա: «Ճանաչելով կյանքի դժվարությունները` նա իր կյանքի ամբողջ վաստակածը բաժանել է մարդկանց, ովքեր դրա կարիքն են ունեցել: Չճանաչելով մեզ, այցելելով մեր հիվանդանոց` նա սիրեց այն երեխաներին, որոնք բուժվում էին այստեղ», նշեց Բաբլոյանը:

Նոր մասնաշենքում գործելու են հետեւյալ ծառայությունները` մանկական գաստրոէնտերոլոգիա եւ լյարդաբանություն, ալերգոլոգիա, հոդաբանություն, մաշկաբանություն, էնդոկրինոլոգիա, թոքաբանություն, պարբերական հիվանդության ծառայություն, նյարդաբանություն, ինչպես նաեւ մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնը: Տարեկան ավելի քան 2000 հիվանդ երեխա կօգտվի որակյալ բժշկական ծառայություններից` նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած նոր մասնաշենքում, որն ունի հիվանդների համար նախատեսված հարմարավետ, կահավորված 33 հիվանդասենյակ: Մասնաշենքի չորրորդ հարկում տեղակայված է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնը` դասասենյակներով:

Նոր մանկաբուժական մասնաշենքի կառուցման գլխավոր հովանավորներն են «Արմենիանոս» հիմնադրամը (Լիխտենշտեյն), «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը (Շվեյցարիա): Մասնաշենքը կառուցվել է նաեւ «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի-Սեմռա Պլյուս հիմնադրամի (Շվեյցարիա), Ժերար Մարկոսյանի (Ֆրանսիա), Ռոբեր եւ Շարոնա Շալոդեկ ընտանիքի (Մոնակո) հովանավորությամբ:

«Պարտք ունիմ այս բժշկական շենքի բացման առիթով հիշելու Գրիգոր Դերձակյանին, ընդունեցեք իմ խորին շնորհակալությունը` ձեր բոլորի ներկայությամբ այս հաստատության բացման առիթով, եւ հաջողություն մաղթել հաստատության բոլոր բժշկական կազմին», իր ելույթում նշեց բարերար Գրիգոր Դերձակյանի այրին` տիկին Օֆելյա Դերձակյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4