«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄՏԱՀՈԳ ՈՒ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Ե՞րբ պիտի վրացականացվող եկեղեցուն իսկական տերեր հայտնվեն

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմըՙ ավելի քան 400 000 վրաստանաբնակ հայության անունից, իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտումՙ Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու եւ նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ», այսպիսին է Հայ եկեղեցու մոտեցումը` վիրահայոց թեմի մամլո դիվանի տարածած հաղորդագրության համաձայն:

15-րդ դարի Ս. Նորաշենը 20-րդ դարի 30-ական թվականներին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգեւոր գործունեության համար եւ օգտագործվել որպես գրապահոց: Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո էլ վրաց իշխանությունը չվերադարձրեց եկեղեցին իր օրինական, պատմական տիրոջը:

Թե այս տարվա մայիսին ինչ էր նախաձեռնել վրացի քահանա Թարիելն ու ուր էր հասել, «Ազգի» ընթերցողները տեղյակ են: Վիրահայոց թեմն արտահայտեց մտահոգություն ու վրդովմունք` կատարվածը որակելով վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ առաքելական եկեղեցու եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւՙ Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի մյուս չորսՙ Սուրբ Նշան, Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին, Երեւանցոց Սուրբ Մինաս, Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

  «Ազգը» տեղեկացրել է նաեւ, որ վերջերս, նույն հայր Թարիելը, բացարձակապես հաշվի չառնելով վրաց պատրիարքարանի մոտեցումն ու Թբիլիսիի քաղաքապետարանի` իր վրացասիմվոլ պարսպի ապամոնտաժման որոշումը, շարունակեց պատնեշի կառուցումը: «Սույնի մասին Վիրահայոց թեմը Վրաստանի պետական մարմիններին, քաղաքային իշխանություններին ու վրաց պատրիարքարանին պաշտոնապես տեղեկացրել է Թարիել քահանայի կողմից հայկական կրոնական ժառանգության նոր զավթման մասին: Ովքեր, ավաղ, մի քանի օրերի ընթացքում չխոչընդոտեցին Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու դեմ նոր ոտնձգությունների իրականացմանը», սրանք արդեն տողեր են Վիրահայոց թեմի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Վրաստանի կառավարությունը միջազգային հանրության առջեւ պարտավորվել էՙ ստեղծել ժողովրդավարական պետություն, սակայն քաղաքական կամք չի ցուցաբերում իր երկրի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրների լուծման կապակցությամբ: Ցավով արձանագրում ենք, որ Վրաստանում փաստորեն առկա է կրոնական եւ ազգային խտրականություն: Մեր կարծիքով, վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան Սուրբ Նորաշեն եկեղեցին յուրացնելը, որքան սույն մեթոդներով հոգեբարոյական ճնշման ենթարկելը թբիլիսաբնակ հայությանը: Վերջին շրջանի հակահայկական տրամադրություններն ու հոդվածները վրացական մամուլում դրա վառ ապացույցն են»:

Վիրահայոց թեմը կոչ է անում Վրաստանի համապատասխան պետական կառույցներինՙ լուծել վերոնշյալ խնդիրը, վերջ տալ «թարիելյան ամենաթողությանը», ինչպես նաեւ տրամաբանական ժամկետներում որոշել ավանդական կրոնական կազմակերպությունների իրավաբանական կարգավիճակի հարցը: Վիրահայոց թեմը նաեւ վրացական կողմին հիշեցնում է պատմական հայկական եկեղեցիները քաղաքակիրթ կերպով վրացահայ համայնքին վերադարձնելու ձեռք բերված համաձայնությունը եւ հետեւողաբար պահանջումՙ հետեւել դրա իրականացմանը, հակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, որի ողջ պատասխանատվությունը կընկնի Վրաստանի կառավարության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի վրա:

Ու մինչ գրեթե ավարտուն պարսպի առնչությամբ մտահոգություն ու վրդովմունք է հայտնում Վիրահայոց թեմը, ձայն չեն հանում հայաստանյան իշխանությունները: Է, մինչեւ ե՞րբ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4