«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


«ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑ Է, ՈՒՍՏԻ ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ»

Հայտարարվել է «2008-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները եւ Թուրքիան» թեմայով Նյու Յորքում հրավիրված սիմպոզիումում

Աշխարհի 70 երկրներից 64-ում հարցախույզի մասնակիցները նախապատվությունը տվել են ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային: Հանրապետական Ջորջ Մակքեյնը մրցակցի նկատմամբ առավելության է հասել ընդամենը չորս երկրումՙ Վրաստանում, Ֆիլիպիններում, Կամբոջայում եւ Լաոսում: Իսկ Լիտվայում եւ Պակիստանում թեկնածուների հանդեպ համակրանքը հարցաթերթիկներում բաշխվել է հավասար:

Հատկանշական է, որ հարցախույզի մասնակիցների համար Օբաման նախընտրելի է եղել նաեւ Թուրքիայում: «Ո՞ւմ կտայիք նախապատվությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում» հարցին թուրք մասնակիցների 70 տոկոսը պատասխանել էր, որ չունի որեւէ կարծիք, 22 տոկոսը նախընտրել է Օբամային, իսկ Մակքեյնի օգտին արտահայտվողները կազմել են 8 տոկոս:

Մինչդեռ Թուրքիայի քաղաքական շրջանակները հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի որդեգրած դիրքորոշումը, կողմնորոշվում էին դեպի Մակքեյնը, իսկ երկրում «Հյուրիեթի», «Միլլիեթի», «Սաբահի» պես ամերիկա-իսրայելական քարոզչություն ծավալող եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի համար խոսափողի դեր կատարող կենտրոնական թերթերը Մակքեյնի «թուրքասիրությունը» քարոզելիս ընդգծում էին, թե «հակաթուրք» Օբամայի ընտրությունն ինչպիսի ավերածությունների պատճառ կդառնա թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Վերջին շրջանում անհամեմատ բարելավվել է Օբամայի հանդեպ Թուրքիայի ղեկավարության եւ քաղաքական շրջանակների վերաբերմունքը: Ավելին, արտգործնախարար Ալի Բաբաջանը, արդարացնելու համար վերաբերմունքի բարելավման հանգամանքը, նույնիսկ հայտարարել է, որ մի բան է նախագահի թեկնածուի կարգավիճակով հայերի ցեղասպանության ճանաչման մասին արտահայտվելը, մեկ այլ բանՙ որպես ԱՄՆ-ի նախագահ հայկական բանաձեւի հաստատման պատասխանատվությունն ստանձնելը:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե թուրքերը ձեռքերը ծալած նստում են: Ընդհակառակը, նրանք ամենայն լրջությամբ պատրաստվում են Օբամայի ընտրության հավանականությամբ պայմանավորված մարտահրավերներին, որոնց մեջ, ինչ խոսք, առանձնահատուկ տեղ ունի Հայկական հարցը:

Թերեւս հենց այդ պատրաստվածության տեսանկյունից պետք է գնահատել հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում «2008-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները եւ Թուրքիան» թեմայով Ամերիկա-թուրքական միությանՙ ATS-ի, Ամերիկա-թուրքական կոալիցիայիՙ TCA-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամների միության նախաձեռնությամբ կազմակերպված սիմպոզիումը:

Սիմպոզիումում որպես զեկուցող հանդես են եկել Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատական չորս նախկին անդամներ, իսկ աշխատանքները վարել է Ամերիկա-թուրքական կոալիցիայից Բրուս Ֆեյնը: Զեկուցողները, Նյու Յորքի «Turkishny.com» կայքէջի վկայությամբ, նշել են, որ ամերիկյան զորքերը, անկախ ընտրությունների արդյունքից, դուրս կբերվեն Իրաքից, սակայն նախագահի պաշտոնում Օբամայի ընտրությունը կարագացնի դուրսբերումը:

Դեմոկրատական Էլիզաբեթ Հոլցմանը գոհունակությամբ է արտահայտվել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելության մասին, ընդգծել է, որ Թուրքիան, լինելով Կովկասին ու Միջին Արեւելքին հարակից երկիր, կարող է դրական եւ վճռորոշ դեր կատարել այս երկու տարածաշրջանում, թերեւս դրանով էլ աջակցել ԱՄՆ-ին:

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, ապա զեկուցողները պահանջել են Ամերիկայի թուրքական համայնքից կապ հաստատել ԱՄն Կոնգրեսի անդամների հետ եւ Հայկական հարցում լուսավորել նրանցՙ պատճառաբանելով, թե կոնգրեսականները խիստ զբաղված են, ուստի ժամանակ չունեն օրերով գրադարաններում ուսումնասիրելու 1915-ի իրադարձությունները: Նրանք միաժամանակ ընդգծել են ԱՄՆ-ում Թուրքիայի եւ թուրք հասարակության օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու կարեւորությունը:

Դեմոկրատական Ջորջ Հոչբրուքներն ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր դաշնակից է, ուստի Հայոց ցեղասպանության բանաձեւը պետք չէ, որ ընդունվի այնտեղ: Հոլցմանն օգտակար է համարել «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը:

Վերջում զեկուցողները միահամուռ ընդգծել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահի առաջնահերթ խնդիրը լինելու է ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4