«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ԳՈՒՄԱՐՎԵՑ ՆԱԵՎ «ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Առաջինը գումարվել էր հոկտեմբերի 20-ին: Դատարան էին բերվել 86 մեղադրյալներ: Նրանցից 46-ը կալանված են, որոնց թվումՙ պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը, Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելչուքը, Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆ. Քեմալ Ալեմդարօղլուն, ինքնակոչ «Թուրք ուղղափառ եկեղեցու» մամուլի խոսնակ Սեւգի Էրեներոլը, Ստամբուլի անվտանգության վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի նախկին վարիչ Ադիլ Սերդար Սաչանը, «Մեծ իրավաբանների» միության նախագահ, փաստաբան Քեմալ Քերինչսիզը եւ այլն:

«Էրգենեքոնի» ղեկավար կազմի վերոհիշյալ անդամները մեղադրվում են ահաբեկչական զինված կազմակերպություն ստեղծելու, դա ղեկավարելու, Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված հեղաշրջում նախապատրաստելու, երկրում վախի, խուճապի մթնոլորտ ձեւավորելու եւ սպանություններ կազմակերպելու մեջ: 2453 էջանոց մեղադրականում «Էրգենեքոնին» են վերագրվում նաեւ «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի, Մալաթիայում «Զիրվե» հրատարակչության երեք աշխատակիցների սպանությունների, Օրհան Փամուքի դեմ մահափորձի կազմակերպումն ու Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա կատարված ահաբեկչական հարձակումը:

Ի դեպ, Թուրքիայի նախկին նախագահ Սեզերի խորհրդատու եւ գլխավոր շտաբի նախկին պետ Բույուքանըթի մերձավոր Սելջուքն ու նախկին ռեկտոր Ալեմդարօղլուն միաժամանակ եղել են «Էրգենեքոնի» գաղափարախոսը, իսկ «Թուրք ուղղափառ եկեղեցու» խոսնակ Էրեներոլըՙ կազմակերպության գանձապահը: Ինչ վերաբերում է գեներալ Քուչուքին, ապա նա Փերինչեքի հետ ժամանակին կալանավայրում այցելել է Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին եւ սպանության պատվիրատու Յասին Հայալին: Դատական 2-րդ նիստում եւս ներկա չեն եղել «Էրգենեքոնի» գլխավոր պատասխանատուներ, բանակի պաշտոնաթող գեներալ Հուրշիթ Թոլոնն ու Քեմալական մտածողության միության նախագահ, ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար եւ բանակի պաշտոնաթող գեներալ Շեներ Էրույգուրը: Ի դեպ, այս հանգամանքը դեռեւս առաջին նիստի ժամանակ չէր վրիպել անգլիական «Գարդիան» թերթի ուշադրությունից:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4