«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍԱԿԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ»

Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում կայացած խորհրդարանական լսումների վերաբերյալ երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում գնահատականներ տվեցին Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն ու Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը :

Ըստ վերջինիս, համաշխարհային քաղաքական ասպարեզում վերջին ժամանակահատվածում տեղի են ունեցել 3 կարեւորագույն իրադարձություններ, որոնք էական դեր կարող են խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ:

Ըստ նրաՙ քաղաքական շատ լուրջ քայլ էր Չեռնոգորիայի եւ Մակեդոնիայի կողմից Կոսովոյի անկախության ընդունումը: «Այդ փաստի շնորհիվ Կոսովոյի անկախացումը լեգիտիմացվեց, որովհետեւ անհնար է կասկածել Չեռնոգորիայի եւ Մակեդոնիայի պետություններին հակասերբական քաղաքականություն վարելու մեջ:

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետությունների ճանաչումը Ռուսաստանի կողմից նույնպես կարող է էական դեր խաղալ նախկին խորհրդային երկրների կոնֆլիկտների լուծման հարցում: Երրորդ փաստը տարածաշրջանում Եվրոխորհրդի ուղարկած խաղաղարարների ներկայությունն է, որ նույնպես շատ կարեւոր է», ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ի տարբերություն Ստեփան Գրիգորյանի Սերգեյ Մինասյանը Ղարաբաղյան հարցում իր խոսքերով, ավելի հոռետեսական է տրամադրված: Նրա պնդմամբ, օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղյան հիմնախնդրի գնահատականները փոփոխվել են:

«Տարածաշրջանում վերափոխվեցին Հայաստանի մասին կարծիքն ու գնահատականները: Դրան նպաստեցին նաեւ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները, որոնք շատ կարեւոր են երկու երկրների համար», ասաց նա:

Ինչ վերաբերում է երեք համանախագահների հանդիպման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությանը, Սերգեյ Մինասյանն ասաց. «ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այդքան էլ գոհ չեն այդ նախաձեռնությունից: Բնականաբար այց տեղի կունենա, համանախագահները կխոսեն, սակայն լուրջ փոփոխություններ ԼՂ-ում տեղի չեն ունենա»:

Ըստ Ստեփան Գրիգորյանիՙ Ռուսաստանը շտապում է տարածաշրջանում գերիշխող դիրք գրավել` հաշվի առնելով նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:

«Վստահ եմ, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը լրջորեն կզբաղվի մեր տարածաշրջանի հարցերով», ասաց Գրիգորյանը:

Սերգեյ Մինասյանը վստահեցնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը դեռ շատ ջուր կքաշի, եւ ո՛չ նախագահական ընտրությունները, ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ մադրիդյան գագաթաժողովը չեն կարողանա ինչ-որ բան փոխել ղարաբաղյան հիմնահարցում: «Տարածաշրջանում կլինեն փոփոխություններ, սակայն Ղարաբաղյան հիմնախնդրում ազդեցություն չեն ունենա», եզրափակեց Մինասյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4