Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում այս տարի անցկացվեցին հոկտեմբերի 14-21-ը` ավանդական ծրագրերի հետ նոր նախաձեռնությունների իրականացմամբ:
Այս տարի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 70-ամյակն էր տոնվում, որին մասնակցեցին նաեւ ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության անդամները: Թատրոնի կոլեկտիվին իր ուղերձն էր հղել ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Դրանում մասնավորապես ասվում էր, որ այս թատրոնի անձնակազմի ներդրումը մեծ է ռուս եւ հայ դասականներին ներկայացնելու գործում:
Ավելի ուշ Արա Աբրահամյանը Հայաստան այցելության ժամանակ հանդիպեց թատրոնի կոլեկտիվի հետ, օգտագործելով հանդիպման առիթը` թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին հանձնեց ՌՀՄ «Արծաթե խաչ»: Շքանշանը տրվել է Ալեքսանդր Գրիգորյանին, որ իր ղեկավարությամբ ռուսական պետական դրամատիկական թատրոնը շարունակում է մնալ Հայաստանում ռուսական մշակութային ժառանգության օջախ` նպաստելով հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը:
Սփյուռքի օրը` ի դեմս Արամ Խաչատրյանի, Մուշեղ Իշխանի, Վիլյամ Սարոյանի
Դեռեւս անցյալ տարվանից ՀՀԿ եւ ՌՀՄ Հայաստանում եւ Արցախում օրերի շրջանակներում նոր նախաձեռնություն իրականացվեց, որն իր շարունակությունն ունեցավ նաեւ այս տարի: Սփյուռքին առնչվող միջոցառումներում որպես կանոն ներկայացվում է Հայաստանը, մինչդեռ անցյալ տարվա նախաձեռնությամբ օրերի շրջանակներում ձեւավորվեց «Սփյուռքի օր» միջոցառումների շարքը, որի ընթացքում Երեւանի մի շարք դպրոցներում ներկայացվեցին սփյուռքյան մի քանի համայնքները:
Այս տարվա ծրագրում Սփյուռքի օրվա շրջանակներում ներկայացվեցին սփյուռքի հայ անվանի հայրենակիցները: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ մեծ կոմպոզիտորին նվիրված ցերեկույթ: Արաքս Սարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության, ստեղծագործական ուղու, հայ լինելու պատմությունը, այնուհետեւ Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի սաները ներկայացրին Խաչատրյանի ստեղծագործություններից, որին հետեւեց համերգ:
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում միջոցառումը նվիրված էր բանաստեղծի հիշատակին: ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության ներկայացուցիչները եղան դպրոցում գործող Մուշեղ Իշխանին նվիրված թանգարանում, այնուհետեւ դպրոցի աշակերտները բավականին մեծ վարպետությամբ ներկայացրին Մուշեղ Իշխանի «Մովսես Խորենացի եւ Պարույր Հայկազն» պիեսը:
Սփյուռքի օրվա եւս մեկ միջոցառում ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարած սարոյանական տարվա շրջանակներում նվիրված էր Վիլյամ Սարոյանին: Գրողի անունը կրող թիվ 138 դպրոցում գրական-երաժշտական կոմպոզիցիայով հանդես եկան դպրոցի աշակերտները` երգչախմբի բացմամբ: Խոսքերը լի էին Սարոյանի հանդեպ մեծ երախտագիտությամբ, ընդ որում, բավականին մեծ տեղեկատվություն տրվեց Սարոյանի մասին, թե երբ, ինչպես ու ինչ է արարել ամերիկահայ գրողը:
Դպրոցներին ու կրթությանը վերաբերող ՀՀԿ եւ ՌՀՄ ծրագրերից համակարգչայնացման շարժումը եւս շարունակվում է, այս օրերին մի քանի նոր համակարգչային դասարաններ բացվեցին Երեւանի դպրոցներում, այդ թվում` Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում: «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժումը մնում է երկու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
«Շտապեք գործել բարին»
ՀՀԿ եւ ՌՀՄ այս տարվա նոր ծրագրերից մեկն էլ «Շտապեք գործել բարին» նախաձեռնությունն է, որ աջակցություն է մանկատներին: Այդ նախաձեռնության առաջին քայլը Խարբերդի մասնագիտացված մանկատուն այցելությունն էր: Նախապես ուսումնասիրվել էին մանկատանն աջակցելու հնարավոր ծրագրերն ու նպատակահարմար գտնվեց առաջին օժանդակությունը ներկայացնել անկողնային պարագաներով:
ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության հետ մանկատուն էր հրավիրվել իր ներկայացմամբ նաեւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը խոր մտավոր խնդիրներով երեխաների համար ներկայացրեց «Երեք խոզուկները»: Մանկատան սաների համար տիկնիկային ներկայացումը յուրօրինակ տոնի նմանվեց, հատկապես որ նրանց ոչ սովորական, իրենց հասակակիցներից բավականին տարբեր առօրյայում այդօրինակ միջոցառումները տեղի չեն ունենում նրանց իսկ ցանկությամբ ու նախաձեռնությամբ: Մանկատունը հաճախ է երեխաներին զբոսանքի, կրկես, մանկական այգի, թատրոն տանում, բայց, միեւնույն է, բավարար չէ` թեկուզ դժվարությամբ, մանկություն զգալու համար:
ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության հետ Խարբերդի մանկատուն էին այցելել նաեւ Ֆրանսիայի «Հույս Հայաստան» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ Հայ ավետարանչական ընկերակցության մասնաճյուղի ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը, Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնք նույնպես եկել էին ոչ դատարկաձեռն, ընդ որում, Վոլգոգրադից հյուրերը իրենց հարգանքը մատուցեցին նաեւ մանկատան սպասարկող անձնակազմին:
«Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»
«Անկեղծորեն շնորհակալ եմ, որ Դուք կաք: Շնորհակալ եմ, որ երբեմն հնարավորություն է տրվում գրելու Հայրենիքի մասին... Իմ հարազատները հիացած էին մրցանակաբաշխությամբ: Չեք պատկերացնի, թե որքան երջանկություն էիք նրանց պարգեւել: Եվս մեկ անգամ երախտապարտ եմ: Հարգանքով եւ սիրով, Լիլիթ»:
Այս տողերի հեղինակը Լիլիթ Սարգսյանն է, որն ապրում է Ուկրաինայում եւ սովորում Կիեւի Շեւչենկոյի անվան ազգային համալսարանում: Նա աշակերտների եւ ուսանողների համար «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 4-րդ մրցույթի հաղթողներից է, որի աշխատանքըՙ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» թեմայով արժանացել է «Անափ հայրենասիրության համար» անվանակարգի մրցանակին:
Այս մրցույթը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունն է` կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, որի նպատակը աշակերտների եւ ուսանողների շրջանում սեփական հայրենիքի, լեզվի, մշակույթի, ինքնության նկատմամբ հետաքրքրություն ձեւավորելն է, որ դրդում է հային ճանաչելու իրեն, իր ժողովրդին, ակունքները:
Քանի որ Լիլիթն անձամբ չէր կարողացել ներկայանալ իր պատվոգիրն ու մրցանակը ստանալու, Մոսկվայի տանը կազմակերպված մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին գտնվել նրա հարազատները: Թերեւս միջոցառման մասին նրանց խոսքն ու նկարագրությունն էլ Լիլիթի նամակի բովանդակությունն են պայմանավորել:
Միջոցառման մասնակիցներին Մոսկվայի տանը ողջունեցին ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, սփյուռքի հետ կապերի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Նրանք էլ հանձնեցին 8 երկրներից 423 մասնակից ունեցած մրցույթի 6 գլխավոր մրցանակները, 15 անվանակարգերում հաղթածների նվերներն ու 12 պատվոգրերը:
Մրցույթի հաղթողներին ու ներկաներին ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, մոսկովյան միջազգային «Բյուրեղյա կավինտոն» փառատոնի դափնեկիր Տիգրան Սարգսյանը, երգչուհիներ Սոնա Մովսիսյանը, Ասյա Երզնկյանը (Մոսկվա), պարուհի Լիլիթ Մուրադյանը եւ այլք: Իրենց ստեղծագործություններից հատվածներ ներկայացրին գլխավոր մրցանակների հաղթողները, որոնց շնորհվեցին համակարգիչներ:
«Հայաստանը` նկարչի աչքերով»
Հայաստանի նկարիչների միությունում այս օրերին տեղի ունեցավ նաեւ 2008 թվականի «Հայաստանըՙ նկարչի աչքերով» գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական, դեկորատիվ արվեստի լավագույն աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը, որ հայտարարվել էր Նկարիչների միության եւ ՀՀԿ ու ՌՀՄ համատեղ նախաձեռնությամբ:
Մրցանակների հանձնման արարողությանը Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մրցանակաբաշխությունը ուշագրավ է համարել ոչ միայն որպես այդպիսին, այլեւ նրանով, որ Հայաստանում առաջին անգամն է, որ մոսկովյան կազմակերպություններն ուշադրություն են դարձնում հայ կերպարվեստագետներին, ինչը մեծապես գնահատելի է:
Մրցանակաբաշխությունը անցկացրել է ժյուրին ըստ անցած ամառ Նկարչի տանը կազմակերպված մեկական աշխատանքի ցուցահանդեսի, որտեղ ներկայացված էր 400 աշխատանք: Դրանցից մրցանակի էր արժանացել 9 աշխատանք:
Առաջին կարգի մրցանակներ ստացան քանդակագործներ Գետիկ Բաղդասարյանը եւ Գագիկ Ղազարյանը, որոնց վկայագրերը եւ 1800-ական ԱՄն դոլար դրամական պարգեւները հանձնեց ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Երկրորդ կարգի մրցանակներով (1200-ական ԱՄՆ դոլար) պարգեւատրվեցին գեղանկարիչներ Գրիգոր Աղասյանը, Զոհրաբ Միրզոյանը եւ քանդակագործ Զավեն Կոշտոյանը: Երրորդ կարգի մրցանակներ (700-ական դոլար) տրվեցին կերպարվեստագետներ Ռոբերտ Եսայանին, Բորիս Հակոբյանին, Փարավոն Միրզոյանին եւ Հարություն Ստեփանյանին:
Հանձնելով պարգեւները` Արա Աբրահամյանը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպություններն այսուհետեւ եւս ուշադրություն են դարձնելու Հայաստանի հասարակական կամզակերպություններին, այդ թվում` ստեղծագործական միություններին, իսկ նկարիչների` եկող տարվա մրցանակային գումարները կրկնապատկվելու են:
ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն այսօրինակ մրցույթներ են հայտարարել նաեւ Գրողների, ժուռնալիստների, Կոմպոզիտորների միությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ: Դրանց արդյունքների ամփոփումը տեղի կունենա եկող տարեսկզբին:
Քուչակի Ս. Մարիամ եկեղեցին` վերականգնված
Էջմիածնում ծնված Արթուր Սահակյանը ներկայումս ապրում է Վոլգոգրադում, «Փառավոր անուններ» շնորհալի հայ երեխաների աջակցության Վոլգոգրադի տարածքային հասարակական հիմնադրամի հիմնադիրն է: Դեռեւս անցյալ տարի մասնակցելով ՀՀԿ եւ ՌՀՄ օրերին` Սահակյանը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի միջոցառումներին մասնակցելուց զատ այցելել էր իր մոր հայրենի գյուղ` Քուչակ:
Այցելությունը ոչ միայն հայրենի ակունքներին ծանոթանալու ցանկությամբ էր, այլեւ ինչ-որ օգտակար բան անելու: Սկզբում Արթուր Սահակյանը որոշում է մոր աղոթքներում հաճախ հիշատակվող «Լուսաղբյուր» աղբյուրի մոտ կառույց կանգնեցնել: Սակայն Ապարանի այս գյուղում կիսավեր կանգնած էր 10-րդ դարի եկեղեցին, որի վերանորոգման գաղափարն էլ մնաց Սահակյանի մեջ որպես բարեգործություն անելու իր ցանկության նախագիծ:
Մեկ տարում կառուցվեց տանիքը, որը, բացակայում էր, դռներ ու պատուհաններ դրվեցին, եկեղեցին սալահատակ ունեցավ, թարմացվեցին պատերը, որ տասնամյակներ անգործության մատնված լինելուց խունացել էին: Եվ արդեն վերաօծված ու վերաբացված Քուչակի Ս. Մարիամ եկեղեցում պատարագ հնչեց անցած կիրակի` գյուղի բնակիչների ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ:
Արցախին` կրթական հարցերում օժանդակություն
Արա Աբրահամյանի կողմից ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությանը հանձնվել է 12 տեղանոց «Հունդայ» մակնիշի միկրոավտոբուսՙ հիմնականում տեսուչներին եւ մասնագետներին շրջաններ գործուղելու համար: Բացի այդ, ՀՀԿ եւ ՌՀՄ կողմից Արցախի գյուղական դպրոցների համար հանձնվել են 10 համակարգիչ, տպիչ եւ հարակից այլ սարքավորումներ: Համակարգիչների նվիրատվության առումով նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, որը Երեւանում էր համակարգիչներն ու միկրոավտոբուսը Արցախ տանելու համար, ընդգծում է, որ շատ կարեւոր է Հայաստանում իրականացվող համակարգչայնացման ծրագրին զուգահեռ Արցախում եւս իրականացնելը: Մեքենայի տրամադրումը կարեւոր է նաեւ նրանով, որ Արցախի հատկապես վերաբնակեցված գյուղերը կարիք ունեն ստուգումների, մասնագիտական աջակցության, եւ այդ միկրոավտոբուսը կօգնի այդ ամենն ավելի արդյունավետ կազմակերպելուն, հատկապես որ այդ կերպ նախարարությունն ավելի հասանելի կդառնա գյուղական դպրոցների համար:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտում Արա Աբրահամյանի կողմից 700 մլն դրամ նախագծային արժեքով 500 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարությանը, ապա հավանական է, որ ավարտվի մինչեւ հաջորդ ուսումնական տարի` կահավորանքով: Էրիկ Գրիգորյանը հիշեցնում է, որ Ստեփանակերտի 12 դպրոցների մի մասում Արա Աբրահամյանի կողմից արդեն բացվել են համակարգչային դասարաններ, որոշ դպրոցներում` երկուսը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ