«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


«ՍԵՎ ԳԻՐՔ, ԾԱՆՐ ԲԶԵԶԸ»` ԱՆԳԼԵՐԵՆ

«Գիրքը Ադրբեջանի դեմ մղված պատերազմի եւ մտավորականի մասին է. մտավորական, որն անցնում է մահվան խավարի եւ աստղերի լուսավորության թոհուբոհով, եւ իր կյանքի լավագույն տարիներն անցկացնում մահվան եւ երջանկության եզրին, հավատարիմ մնալով մարդկանց եւ այն մտքին, որ ՄԱՐԴն է ի վերջո հաղթանակելու: Գլխավոր հերոսը ամեն տեսակի մեղք գործում է, մնալով, այդուհանդերձ, անմեղ»:

Շապիկի վերջին` չորրորդ էջում այս բառերով է բնութագրվում Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» (Black Book, Weighty Bug) խորագրով գիրքը, որի անգլերեն թարգմանությունը օրերս լույս է ընծայել Լոնդոնի «Թադերոն» հրատարակչությունը «Կոմիտաս» ինստիտուտի համագործակցությամբ:

174 էջանոց գրքի հայերենից անգլերեն բարձրորակ թարգմանությունը կատարել է Արամ Օհանյանը : Շնորհիվ սահունության եւ մտքերի կապակցվածության գիրքը, որը հիմնականում բաղկացած է օրագրային ժանրի գլուխներից, կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

Հեղինակը` Լեւոն Խեչոյանը, ծնվել է 1955 թվին Վրաստանում, Ախալքալաքի Բարալետ գյուղում, բնիկ էրզրումցիների ընտանիքում: 1983-ին ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը: Սկսել է գրել դպրոցական տարիներից: Նրա կարճ պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն եւ գերմաներեն: Տպագրվել է «Լիտերատուրնայա գազետա», «Դրուժբա նարոդով» եւ «Լեպտա» հանդեսներում: 1999-ին նրա «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպը արժանացել է գրականության գծով պետական մրցանակի: Նրա «Հունիսի 5-ը եւ 6-ը» կարճ պատմվածքների ժողովածուն 2006 թվին արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին, հենց Ուզունյան ընտանիքի միջոցներով էլ գիրքը թարգմանվել եւ հրատարակվել է Լոնդոնում:

«Հաճախ եմ հիացմունքով եւ նախանձով հետեւում նրա գրություններին: Նա կյանքը շատ լավ է ճանաչում եւ գիտի ինչ ասել է գրականություն», նշել է նրա մասին Հրանտ Մաթեւոսյանը :

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4