ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պատվում է անվախ լրագրողներին: 2009-ի Մամուլի ազատության պարգեւը (Press Freedom Award) տրվելու է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի լրագրողներին, իրազեկում է ավստրիական «Դի փրեսսեն»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ավստրիայի նախագահ Ռուբինա Մյոհրինգը հոկտեմբերի 22-ին ներկայացրել է մամուլի ազատության պատկերը հարավկովկասյան երեք երկրներում: Նա իրազեկել է, որ 2008-ին մամուլի ազատության համաշխարհային գործակցով Ռուսաստանը 141-րդ տեղում է հայտնվել, Վրաստանըՙ 120-րդում: Ընտրություններն ու պատերազմական ժամանակները մամուլի ազատության համար բարենպաստ չեն: «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի ժամանակ ռուսական հեռուստակայանները Վրաստանում չէին հեռարձակվում, կայքէջերը շրջափակվել էին փոխադարձաբար, միակողմանի տեղեկություն էր տրամադրվում», ասել է ԵԱՀԿ զանգվածային տեղեկատվության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանՙ 2009-ի Մամուլի ազատության պարգեւը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի լրագրողներին հատկացնելու որոշումը սատարում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Պարգեւավճարի համար տրամադրվում է 15 հազար եվրո: Ժյուրիի խոսնակը արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Ալբերտ Ռոհանն է: Պարգեւին կարժանանան այն լրագրողները, ովքեր վերոնշյալ երեք «շատ դժվար երկրներում» իրենց «թղթակցություններում այնուհանդերձ գերադասում են ուղղագիծ, անվախ կեցվածքը», ասել է Մյոհրինգը: Կազմակերպությունը սատարում է նեղության մեջ հայտնված լրագրողներին. օրինակՙ փաստաբանի հարցում կամՙ ֆինանսական ձեռք մեկնում ձերբակալված գործընկերոջ ընտանիքին:
Աշխատում է մեղմ ճնշում գործադրել այն երկրների կառավարությունների վրա, որտեղ մամուլի ազատության դեմ օրինազանցությունը, լրագրողների դեմ բռնությունները հրապարակայնորեն ցույց են տրվում եւ տպագրվում են:
Արեւմտյան Եվրոպայում էլ մամուլի ազատությունը վտանգված է. դրա համար այստեղ ուրիշ հիմքեր կան, գրում է ավստրիական լրատունՙ նշելով մեդիաների կառավարամերձ լինելը, կենտրոնացումը, նեղ հնարավորությունները:
«Դի փրեսսեն» նշում է, որ Ռուսաստանի հակամարտությունից հետո Վրաստանում վիճակը բարելավվել է: Ինտերնետն ու հեռուստատեսությունը կրկին գործում են: Բայց լրագրողները երկրում ամեն տեղ դեռ մուտք չունեն:
2007-ին Ադրբեջանը ամենաշատ (ինը) ձերբակալված լրագրողներով եվրոպական երկրի տխուր ճանաչում ձեռք բերեց: Այսօր ընդամենը չորսն են: «Մեր միջամտությունը հաջողություն է գրանցել», ուրախությունը չի թաքցրել Հարաշտին: Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումները, ծեծը, ձերբակալությունը, ավտոմեքենաների դեմ հրձիգների կիրառումը դեռեւս շարունակվում են:
«Երեք երկրների լրագրողների համար էլ չափազանց դժվար է անկախ լրատվություն հաղորդելը: Այն մեծ քաջություն է պահանջում», ասել է ժյուրիի խոսնակ Ռոհանը: Ամենահամարձակները կարող են մրցանակին արժանանալու հույս տածել, նաեւՙ իրենց կյանքի համար երկյուղել, գրում է «Դի փրեսսեն»: