«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2008-10-22 | #195, 2008-10-23 | #196, 2008-10-24


ԼԻՄՈՒԶԻՆ ԴԱՍՂԵԿԻ ՀԱՄԱՐ, ԷԼԻՏԱՐ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պայքարը դրամահավաքության եւ դրամաշորթության դեմ սկսվել է

Դասղեկի երեխայի ծննդյան օրն է, դպրոցի տնօրենի դստեր նշանդրեքն է. այս ամենն առիթ է, որպեսզի ծնողները դրամ հավաքեն եւ գումարը երեխայի ձեռքը դնելով դպրոց ուղարկեն: Օրինակները կրթության եւ գիտության փոխնախարարինն են, իսկ երեւույթը դպրոցներում արմատախիլ անելու որոշումն ու հստակ հանձնարարականը` հանրապետության նախագահինը:

«Պարտադիր դրամահավաքությունը դպրոցներում պետք է վերանա: Երեւույթը դպրոցներում սկիզբ առավ 1990-ական թվականներին, երբ ուսուցիչների աշխատավարձը կազմում էր 5000-6000 դրամ, իսկ դպրոցները բավարար գումար չէին ստանում տնտեսական եւ տեխնիկական կարիքները հոգալու համար: Այն տարիներին տնօրենները հայացքներն ուղղեցին ծնողներին, եւ դա, գուցե, հասկանալի էր: Այսօր երեւույթն անընդունելի է: Դպրոցները բավարար գումար ստանում են, ուսուցիչների աշխատավարձն էլ հետեւողականորեն աճում է», նշում է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը : Եթե երեք տարի առաջ հանրապետության յուրաքանչյուր դպրոց տարեկան ստանում էր 9 մլն դրամ, ապա այս տարի արդեն` 13,5 մլն, 2009-ին այդ թիվը կկազմի 18,5 մլն դրամ: Ուսուցիչների աշխատավարձը այսօր 75 հազար դրամ է կազմում, հաջորդ տարի կառավարությունում նախատեսում են բարձրացնել մինչեւ 116 հազար դրամ: «Դպրոցներին հատկացված գումարները բավական են, որպեսզի աշակերտներից կավիճի, ավելի համար գումար չհավաքեն: Այս երեւույթը դպրոցներում լուրջ ծավալների է հասել, ինչն էլ ոչ միայն խաթարում է երեխայի հոգեբանությունը, այլեւ ազդում նրա դաստիարակության վրա: Սա աննկարագրելի բարոյական վնաս է հասցնում: Մենք հետեւողական ենք լինելու եւ պատժվելու է դրամահավաքության ամեն մի դեպք», հայտարարել է Բագրատ Եսայանը: Իսկ «Ազգի» այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու, փոխնախարարը վստահեցրեց, որ երեւույթի հաստատման դեպքում աշխատանքի հեռացումը հետեւելու է անհապաղ, չբացառելով անգամ դատախազություն դիմելու հնարավորությունը:

ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել են արագ արձագանքման աշխատանքային խմբեր, գործում է թեժ հեռախոսագիծ 527343: Նախարարությունը համագործակցում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ: Բագրատ Եսայանի հավաստմամբ, ամեն առավոտ աշխատանքային խմբերը գնալու են բողոքի հետքերով, անգամ եթե զանգը հեռավոր մարզից է: Շրջաբերականներ են ուղարկվել մարզային վարչություններ` նրանց տեղեկացնելով նախարարության դիրքորոշման մասին: Բագրատ Եսայանը վստահեցնում է` աշխատանքը լինելու է ամենօրյա եւ շարունակական: «Մենք ուսումնասիրելու ենք միայն այն հեռախոսազանգերը, որոնք կլինեն հասցեական եւ ծնողը տեր կկանգնի իր զանգին: Ցավոք, մենք ունենք դեպքեր, երբ ծնողը զանգահարել է, սակայն աշխատանքային խմբի ներկայությամբ կտրականապես հրաժարվել է եւ նշել, որ զանգահարողն ինքը չի եղել կամ դպրոցում գումար չեն հավաքել: Ծնողը վախենալու կամ անհանգստանալու խնդիր չունի: Հանձնարարականը հանրապետության ղեկավարինն է, եւ մենք լինելու ենք հետեւողական: Այսօր, իսկապես, կան բազմաթիվ օրինակելի ուսուցիչներ եւ տնօրեններ, սակայն երբ հարյուրից մեկն այսպիսի գործելակերպ է դրսեւորում, արատավորվում է ողջ համակարգը: Դպրոցի հետ շփվում են հասարակության բոլոր շերտերը, նման երեւույթներն անհնար է գաղտնի պահել: Պատմում են, որ վերջին զանգին դասղեկին լիմուզինով են ճանապարհել, բացվում են էլիտար դասարաններ, ուր կարող ես ընդունվել հավելյալ գումարով: Այս ամենը ոչ միայն ինձ են պատմում, այլեւ նախարարին, նախագահին», ասում է Բագրատ Եսայանը:

Փոխնախարարի հավաստմամբ, միայն երկու դեպքում է թույլատրելի դրամահավաքը: Դրանք դասագրքերի վարձավճարներն են եւ համակարգիչների շրջանառու հիմնադրամին ուղղված միջոցները: Մնացած բոլոր դեպքերում դրամահավաքությունն արգելված է եւ անգամ մեկ դրամ կանխիկ գումար դպրոց մուտք գործելու դեպքում նախարարությունում խոստանում են կիրառել հստակ պատժամիջոցներ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Արձակուրդ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

Երեւանի դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 27-ին եւ կավարտվի նոյեմբերի 2-ին: Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը հաստատել է, որ աշնանային եւ ձմեռային արձակուրդները չեն միացվելու եւ աշնանային արձակուրդը կսկսվի նշանակված ժամկետին:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4