«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԹԻՄԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ` ՕԲԱՄԱ-ԲԱՅԴԵՆ

«Հայերի, երկրի (ԱՄՆ) եւ աշխարհի համար առավել նախընտրելի է Օբամա-Բայդեն թիմը», վստահեցնում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Վերջապես ավարտին է հասնում ԱՄՆ-ի ամենահակահայկական վարչակազմերից մեկի երկար ու ցավալի պաշտոնավարման ժամկետը: Ամերիկացիների ու աշխարհի մյուս ժողովուրդների մեծամասնության հետ ամերիկահայերը եւս մինչեւ կոկորդը կշտացել են Բուշ-Չեյնի թիմից եւ նրանց ռազմատենչ նեո-կոնների գործունեությունից:

Այդ վարչակազմի գործած կոպիտ սխալների ցանկը չափազանց երկար է. կեղծ պատճառաբանություններով ներխուժում Իրաք, տնտեսության սխալ կառավարում, որի հետեւանքով ազգային պարտքը հասել է 10 տրիլիոն դոլարի, խիստ վիրավորական հակահայ քաղաքականություն եւ այլն:

Իր առաջին ընտրապայքարի օրերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տալուց հետո Բուշը ոչ միայն չպահեց խոստումը, այլեւ անձամբ միջամտեց, որ Ներկայացուցիչների պալատը չընդունի այդ առթիվ հիշատակի համապատասխան որոշումներ: Ավելին, նա հետ կանչեց դեսպան Ջոն Էվանսին սոսկ ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը ասելու համար եւ ութ տարիների ընթացքում գեթ մի անգամ չհոժարեց հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելու որոշակի հարցեր:

Ամերիկահայերն ունեն ընտրության հստակ տարբերակ. կամ Մակքեյնի հետ շարունակել նույն հակահայ քաղաքականությունը առաջիկա չորս կամ ութ տարիներին, կամ էլ, պաշտպանելով Օբամային, նախընտրությունը տալ փոփոխություններին:

Նույնիսկ նախքան նախագահական ընտրապայքարին մասնակցելը սենատոր Օբաման քանիցս հանդես է եկել հայկական հարցերին զորակցելու հայտարարություններով: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քննադատել է պետքարտուղարությանը դեսպան Էվանսի պաշտոնազրկման առիթով, եւ հայտարարել, որ ընտրվելու դեպքում հրապարակայնությունն ու անկեղծ մոտեցումը գերիշխող դեր կունենան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նաեւ խոստացել է ուղիներ որոնել վերջ տալու Հայաստանի թուրքական եւ ադրբեջանական շրջափակումներին եւ հարատեւ խաղաղությամբ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հիմնվելով ժողովրդավարության եւ ինքնավարության սկզբունքների վրա:

Նրա թիմակից Բայդենը, որը 1972-ից Մ. Նահանգների Սենատի անդամ է, հայկական հարցերին նեցուկ կանգնելու նույնիսկ ավելի երկար կենսագրություն ունի: Նա պաշտպանել է 1984-ից սկսած Սենատին ներկայացված ամեն մի հայանպաստ նախագիծ: Նա Հայաստանի եւ հայերի ամենաանկեղծ ու անխոնջ պաշտպաններից մեկն է:

Ի հակադրություն այս երկուսի, սենատոր Մակքեյնը տարիների ընթացքում դեմ է եղել հայկական հարցերի վերաբերյալ կոնգրեսական ամեն մի որոշման եւ լուռ է մնացել Արցախի, շրջափակման, Հայաստանին ամերիկյան օժանդակության, ամերիկա-հայկական հարաբերությունների եւ շատ այլ հարցերի վերաբերյալ: Այնպես որ նրա օգտին քվեարկելը կնշանակի քվեարկել Բուշի հակահայ քաղաքականության օգտին:

Հակառակ, որ ամերիկահայերից շատերը արդարացիորեն սկեպտիկ են դարձել, հաշվի առնելով նախկինում թեկնածուների տված խոստումներից իրենց հիասթափությունը, նրանք կարող են հանգիստ խղճով քվեարկել Օբամա-Բայդեն թիմի օգտին, քանի որ նրանք բազմիցս հաստատել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Մակքեյնը համառորեն եւ կտրականապես մերժել է այդ հարցի քննարկումը: Եթե նախագահական թեկնածուների հայտարարությունները քաղաքական նշանակություն չունեն, ինչո՞ւ են այդ դեպքում որոշ թուրք եւ ադրբեջանցի մեկնաբաններ դատապարտում սենատորներ Օբամային եւ Բայդենին եւ գովաբանում սենատոր Մակքեյնին: Եվ ինչո՞ւ են արդյոք հույներն ու հույն կիպրոսցիները գոհ Օբամայից եւ Բայդենից, իսկ դժգոհ` Մակքեյնից եւ Պեյլինից:

Բայց նույնիսկ եթե Օբաման եւ Բայդենը իրենց խոստումները պահեն ընտրվելուց հետո, ամերիկահայերը ձեռքները ծալած չպետք է նստեն եւ սպասեն, թե առաջիկա ապրիլի 24-ին ինչ է ասելու Օբաման: Նրանք պետք է պատրաստվեն դիմակայելու թուրք կառավարության եւ նրա վաշինգտոնյան քարոզիչների անխուսափելի «գրոհին»: Ինչպես անցյալում, ակնկալվում է, որ Թուրքիան այս անգամ էլ սպառնալիքների հսկայական արշավ կսանձազերծիՙ համոզելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, որ «դեռ ժամանակը չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Թուրքական սպառնալիքների դեմն առնելու եւ նոր վարչակազմին համոզելու համար, որ ճանաչման հետեւանքներից չվախենա, ամերիկա-հայկական կազմակերպությունները պետք է կարողանան վստահեցնել Օբամային եւ Բայդենին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով, նրանք պարզապես վերահաստատում են նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվի պաշտոնական հաղորդագրությունը:

Իսկ նման վերահաստատումը անհրաժեշտ է մեզ, որպեսզի ի չիք դարձնենք պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը, որի նպատակն է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման գործընթացը` երրորդ երկրների կողմից:

Օբամա-Բայդեն թիմի հաղթանակը իր հեռագնա դրական ազդեցությունն է ունենալու նաեւ ԱՄՆ-ի ազգային եւ միջազգային շատ հարցերի վրա: Ամերիկյան զորքերը դուրս են գալու Իրաքից, պայքարն Աֆղանստանում ահաբեկչության դեմ առավել արդյունավետ է լինելու, հակաամերիկյան տրամադրություններն աշխարհով մեկ փոխվելու են, քանի որ նոր վարչակազմի քաղաքականությունը նվաճողական չի լինելու եւ տասնյակ միլիարդի հասնող գումարները խնայվելու են ստեղծելու նոր աշխատատեղեր, նվազեցնելու համար քաղաքացիների վճարած հարկերը եւ վերջապես բարելավելու երկրի տնտեսությունը: Իսկ այդ ամենից շահելու է ոչ միայն Ամերիկան, այլեւ ամբողջ աշխարհը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4