ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իրանի հետ: Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին վկայակոչելով` այդ մասին հաղորդում են ամերիկյան «Մակ Կլատչի» լրագրողական խմբի հրատարակությունները: Լրագրողների տվյալների համաձայն, Ջորջ Բուշը վարչակազմի մտադրության մասին կհայտարարի նոյեմբերի կեսերին` նախագահական ընտրությունների ավարտից հետո:
Թեհրան վերադառնալու ամերիկացիների մտադրության մասին առաջին հաղորդումներն ի հայտ էին եկել արդեն հունիսին: «Ազգը» եւս գրել է այդ մասին: Իսկ հուլիսին Ժնեւում Իրանի եւ նրա միջուկային ծրագրի հարցով զբաղվող «Վեցյակի» երկրների հանդիպման ժամանակ առաջին անգամ ներկա էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ` պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսը: ԱՄՆ նախագահության դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման նույնպես արտահայտվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ անմիջական բանակցություններ վարելու օգտին:
ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունները խզված են 1980 թվականից` Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման հետեւանքով: