«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՉԱԽԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ ՊԱՀԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Վրաց իշխանություններին (գուցե ոչ միայն նրանց) հարմար է չդժգոհող Ջավախքը

Վահագն Չախալյանի գործը գնալով առավել ակնհայտորեն քաղաքական է դառնում, ընդ որում, այնպիսի մի երեւույթի հոլովույթում, ինչպիսին բողոքի ակցիաների կազմակերպումն ու անցկացումն է, որոնցում Չախալյանի մասնակցությունը խուլիգանություն ու զանգվածային անկարգություն է որակվում, այն էլ ժողովրդավարության «հսկայական քայլերով» մարտնչող Վրաստանում:

Այս տարվա հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում պայթյունից հետո, որից ոչ ոք չտուժեց ու չվնասվեց անգամ ոստիկանապետի գույքը, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի 10-ից ավելի ակտիվիստների վրաց իրավապահները հարցաքննեցին, ոմանց ծեծեցին: Ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանի փախուստից հետո ձերբակալվում ու Թբիլիսի են տեղափոխվում նրա հայրն ու հորաքույրը, տան խուզարկության ընթացքում էլ չպարզված հանգամանքներում սպանվում է ոստիկաններից Արթուր Բերուջանյանը:

Մի քանի օր անց, իբր Ախալքալաքի ձորում խուզարկություն իրականացնելիս ինքնասպան է լինում մեկ այլ ոստիկան` Արմեն Գաբրիելյանը: Նույն օրը գիշերն արդեն երկրորդ անգամ խուզարկություն է տեղի ունենում «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի հոր տանը, ձերբակալում են ոչ միայն Վահագնին, այլեւ նրա հորը, մորն ու անչափահաս եղբորը` տղամարդկանց նկատմամբՙ զենք, զինամթերք ձեռքբերելու ու պահելու մեղադրանքով: Մորը շատ չանցած ազատ են արձակում, մյուսներին տեղափոխում Թբիլիսի:

Օգոստոսի 8-ին Ախալցխայի դատարանը Չախալյանի եւ նրա հոր գործին ավելացնում է նոր մեղադրանքներ` 2006-ի հոկտեմբերին ՏԻՄ ընտրությունների արդյունքում բողոքի ցույցի առնչությամբ` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման, ոստիկանին խմբակային դիմադրություն ցույց տալու եւ խուլիգանության հոդվածներով: Նույն օրը գործն ուղարկվում է Ախալքալաքի շրջանային դատարան:

Եվ եթե մինչ այդ պատմության ընթացքը անհասկանալի շատ պահեր ուներ, ապա այդ օրվանից սկսվում են դատական կազուսները, իսկ որ ավելի ճիշտ է` դատական գործընթացի բացակայության անհասկանալի դրսեւորումները: Օգոստոսի 8-ին Ախալքալաքի շրջանային դատարանի նախագահ Արարատ Եսոյանը հընթացս որոշում է շարունակել կալանքի տակ պահել Չախալյանին ու եղբորը, հորն ազատ արձակել գրավի դիմաց: Եսոյանը գնում է արձակուրդ, օգոստոսի 12-ին դատավոր Նոդար Գվարամաձեն էլ ինքնաբացարկ է հայտարարում` Չախալյանի հետ լարված հարաբերություններ ունենալու հիմքով:

Թբիլիսիի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 10-ին որոշում է Չախալյանների գործն ուղարկել Ախալցխայի դատարան, իսկ մինչեւ այդ վերջապես վրաց իշխանությունները թույլ են տալիս, որ Չախալյանների շահերը ներկայացնի հայաստանցի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Սեպտեմբերի վերջին Վահագն Չախալյանին ներկայացվող մեղադրանքին մի երկու նմանօրինակ հոդված էլ են ավելացնում:

Գործի քննությունը սեպտեմբերի 17-ից անցել է Ախալցխայի շրջանային դատարան` դատարանի նախագահ Ցիրա Մայսուրաձեի մոտ, սակայն ցայսօր քննության օր չի նշանակվել, չնայած փաստաբան Ստեփան Ոսկանյանի բազմաթիվ միջնորդություններին: Ըստ փաստաբանի, փաստորեն, Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում իրականացված խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ վերջիններիս նկատմամբ դրսեւորվում է խտրական մոտեցում. Վահագն Չախալյանին առաջադրվում են նոր շինծու մեղադրանքներ, ինչը պայմանավորված է նրա քաղաքական գործունեությամբ:

Հոկտեմբերի 21-ի դատավորին ուղղված իր հայտարարության մեջ Վահագն Չախալյանը նշել է, որ բացի կալանքներից, ձերբակալությունից անմիջապես հետո Ախալցխայի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները նախաձեռնել են նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին պատկանող փոքր արտադրամասերի ստուգումներ: Ներկա դրությամբ դադարել է գործել Վահագնի հորը պատկանող «եվրո» դուռ-լուսամուտների պատրաստման արտադրամասը: «Ազգի» տեղեկություններով, Վահագնի հոր նկատմամբ նաեւ այլ ճնշումներ են գործադրվում, սպառնալիքներ:

Ըստ Չախալյանի, իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են, ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ եւ բխում են Վրաստանում բնակվող հայ էթնիկ փոքրամասնության սոցիալական, կրոնական, լեզվական եւ մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով իր ծավալած քաղաքական գործունեությունից:

Փաստաբանի տվյալներով, դատավոր Դիրա Մայսուրաձեն հեռախոսազրույցում հայտնել է, թե հավանաբար նոյեմբերին լինի գործի քննություն, իսկ մինչ այդ գործի երկու հատորներից բացակայում են փաստաբանի միջնորդությունները եւ դատարանի որոշումները, եթե այդպիսիք ընդհանրապես կայացվել են:

Ոսկանյանի ներկայացմամբ, կալանավայրում բավականին ծանր են Վահագն Չախալյանի պայմանները, ինչպես նաեւ անչափահաս եղբոր, որն ունի առողջական խնդիրներ, սակայն բուժօգնություն չի ստանում: Սնունդը կալանքի տակ գտնվողների համար հասցվում է Չախալյանի հոր փոխանցած գումարներով: Չի թույլատրվում անգամ թերթ, գրքեր փոխանցել Վահագն Չախալյանին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4