«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԼԱՎ ԲԱՆ Է, ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԷԼ ՉԵՆՔ ՏԱ

Երեկ տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների երկու հիմնական թեման էլ հրատապ էր` փաստահավաք խումբ ստեղծելու նախագահի հրամանագիրը եւ ղարաբաղյան խնդրի զարգացումները:

Փաստահավաք խումբը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ողջունելով փաստահավաք խմբի ձեւավորման հավասարակշռված ձեւաչափը, հրամանագրի դրույթներից մի քանիսի վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, այն էլ անձնական կարծիքի կտրվածքով, քանի որ վարչության նիստ դեռ չէին արել. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու փաստահավաք խումբը պետք է կարողանա հրավիրել, այդ թվում` Հայաստանի նախագահներին. արտահոսքերը, չբացահայտված անձանցից ստացված տեղեկատվությունը չեն կարող քրեական գործ հարուցելու հիմք լինել. խմբի անդամների անփոփոխելի լինելու կետը եւս խնդրահարույց է, ինչպես նաեւ այն, որ փաստահավաք խմբի անդամը չպետք է հարի որեւէ քաղաքական ուժի, ինչը գործնականում անապացուցելի է: Իսկ որ ֆինանսավորումը նախագահականից է լինելու, ըստ Ստեփան Սաֆարյանի , նախագահը չի վարձատրում, այլ պետական բյուջեի գումարներ են, այնպես որ էական չէ, թե ի՞նչ խողովակով են վարձատրվելու խմբի անդամ փորձագետները: Ըստ նրա եւ Լարիսա Ալավերդյանի , նախագահի այս հրամանագիրը ցույց է տալիս, որ մեթոդաբանության հետ կապված «Ժառանգությունը» ճիշտ էր, քանի որ հրամանագրում ուղղակի նշված է, թե այս խումբը ստեղծվում է օժանդակելու մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, այսինքն` փաստահավաք խմբի ստեղծման եւ ժամանակավոր հանձնաժողովի ժամկետը երկարացնելու հարցերը փոխկապակցված են: Լ. Ալավերդյանն էլ ժամանակավոր հանձնաժողովի մեթոդաբանության փոփոխության առնչությամբ իր ասած մտքի «անխոհեմ» գնահատականի մասին էլ ասաց, թե երկրի նախագահն այլ կարծիք ունի, նրա հրամանագրով ապացուցվում է, որ գործընթացն իրապես փոփոխության է կարոտ. «Ոչ թե խոհեմ, այլ սկզբունքային ընդդիմություն պետք է պահանջվի»:

Ո՞վ է լինելու «Ժառանգությունից» փաստահավաք խմբի անդամը` քննարկելիք հարց է, մոտակա օրերին կորոշվի:

ՕԵԿ-ը նույնպես ողջունեց փաստահավաքի ստեղծումը, նրա անդամ կարող է դառնալ լուրջ իրավագետ, կարեւոր չէ հենց ՕԵԿ-ից կամ կոալիցիայի ո՞ր ուժից լինելը, նրանք լինելու են մասնագետներ, ոչ թե կուսակցականներ:

Փաստահավաք խմբին դրական է վերաբերվում նաեւ ՀՅԴ-ն, օգտակար աշխատանք կանի, բայց, իհարկե, վերջնական տեսակետ ժամակավոր հանձնախումբն է ձեւավորելու ե՛ւ ԺՀ-ի, ե՛ւ փաստահավաք խմբի գործունեության մասին, նկատեց Արտաշես Շահբազյանը : Փաստահավաք խումբը լոկ մասնագիտական աշխատանք է կատարելու, քաղաքական խնդիր էլ չունի, եզրակացություն չի կայացնելու, այլ փաստերը հավաքելով ու դասդասելով ներկայացնելու է հանձնաժողովին, ենթակա չի լինելու վերջինիս: Սա` ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի, որը խմբի անդամ ունենալու հարցում իր տեսակետը շատ չկարեւորեց` խոսքը պետք է լինի մասնագետներինը:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նույնպես ողջունեց փաստահավաք խմբի ստեղծումը` պարիտետը պահպանված է, եւ եվրոպացիները չեն կարող այլեւս վերապահումներ ունենալ: Ըստ նրա էլ կարեւոր չէ, որ հենց իր կուսակցությունն անդամ ունենա խմբում` փորձառու իրավաբաններն են անդամակցելու խմբին:

ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանը , որը նաեւ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, փաստահավաք խմբի ձեւաչափը նկատեց որպես քննադատողների թվի նվազելու պատճառ. լիազորությունները շատ մեծ չեն, բայց ԺՀ-ի փաստահավաք լիազորությունը նրանց տրված է, խումբն արագ կձեւավորվի եւ էական օժանդակություն կլինի հանձնաժողովին. հենց նրա հիմնական նպատակն էլ այն է, որ փաստեր տրամադրի ԺՀ-ին, լրացուցիչ օգնի: Հանրապետականն էլ է պնդում, որ փաստահավաքի անդամը չլինի քաղաքական դեմք, կուսակցական, պետական համակարգում աշխատող չլինի, մասնագետ լինի եւ բավարարի ներկայացվող պահանջներին, նշանակություն չունի, թե ո՞ր կուսակցությունն է դա առաջադրում:

Ղարաբաղյան հարցը

Ստեփան Սաֆարյանը մտահոգ է, մադրիդյան սկզբունքների վերաբերյալ որեւէ մեկը տեղեկատվություն չի տվել, բոլորը խոսում են ինտերնետային փաստաթղթերից, բայց սպրդած տեղեկություններով հնարավոր չէ որեւէ բան մեկնաբանել. մի բան ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման համար պատմական արդարության, ճշմարտության հաշվին զիջումներ-փոխզիջումներ չեն կարող լինել: Ըստ Լ. Ալավերդյանի` այն քաշքշուկը, որը տեղի է ունենում ԼՂՀ հարցում, ընդհանուր բան չունի նորմալ երկխոսություն կամ բանակցություն կայացնելու հետ` առանց ԼՂՀ մասնակցության դրանք կարող են միայն հանդիպումներ լինել:

  Հ. Բիշարյանը վստահ էր, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնալու, անխոհեմ քայլեր չի անելու: Ըստ ՀՅԴ-ից Արա Նռանյանի ` սպասվելիք ՌԴ եռակողմ հանդիպման նախաձեռնությունը Մինսկի խմբից դուրս չէ, քանի որ ՌԴ-ն այդ խմբի համանախագահներից է, այդ հանդիպումը մի նոր շունչ կարող է հաղորդել բանակցություններին, իսկ երեք համանախագահներն էլ տարբեր ժամանակներում հրավիրել են Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց երկրներում հանդիպումների:

Ըստ Ա. Շահբազյանի` ՀՅԴ-ն տեսնում է մրցակցություն գերտերությունների միջեւ հարցի լուծման հետ կապված. քանի մոտենանք խնդրի լուծմանը, այնքան պիտի կարեւորվի` համանախագահող կողմերից ո՞րը կշահի դրա մեջ: Եվ նման միջնորդությունը (Մոսկվայում երեք երկրների նախագահների հանդիպման Մոսկվայի միջնորդությունը) նա համարում է ոչ վնասակար եւ չի կարծում, որ այդպիսի հանդիպումները կարող են շատ շրջադարձային նշանակություն ունենալ: Ա. Նռանյանն ավելացրեց, որ կողմերը չեն կարող ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որն իրենց երկրների հասարակությունները չընդունեն: Նա մտահոգիչ համարեց տարածքները զիջելու պատրաստակամության մասին վերջերս հայտնվող տեսակետները` 1 սմ տալու դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ: «Իրականում աշխարհի համար ղարաբաղյան հարցի կարգավորումն այնքան հրատապ չէ, որքան մեզ թվում է: Եթե մեծ տերություններն ուզենային այս հարցը լուծել` վաղուց արդեն լուծած կլինեին, իրականում Ղարաբաղի ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, եւ զիջել են տալիս նրան, ում կարող են զիջել տալ», ասաց նա:

  Արամ Սաֆարյանը (ԲՀԿ) նկատեց, թե ԼՂՀ կարգավորման օպտիմալ ատյանը Մինսկի խումբն է, մոտակայքում այդ ձեւաչափի փոփոխություններ նա չի ակնկալում: Վերջին մեկ տարվա գործընթացները ցույց են տալիս, որ մոտակայքում աշխուժացում հնարավոր է, դրա նշանները կան: ԵԱՀԿ շրջանակներն ակնկալում են, որ 2009-ին Մինսկի խումբն արձանագրելու է շոշափելի եւ նկատելի առաջընթաց` Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման գործընթացում մադրիդյան սկզբունքների հիման վրա: Աշխուժացումը կարո՞ղ է տանել դժվարին խութերի. 2009-ին սպասվում է դժվարին դիվանագիտական պայքար, քանի որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոխըմբռնման եզրեր նկատելի չեն, բայց եւ` Ադրբեջանի տարբեր հայտարարությունները բանակցությունների տեղ թողնում են:

Սամվել Նիկոյանն էլ էր համաձայն, որ գերտերությունները Հարավային Կովկասում ուզում են ավելացնել իրենց ազդեցությունը, եւ ազդեցության օղակներից մեկն էլ ԼՂ հիմնահարցն է: Մինսկի խմբի ձեւաչափից դուրս որեւէ ձեւաչափ, ըստ նրա, չի կարող դեր խաղալ կարգավորման խնդրում, թեկուզ ամեն երկիր փորձի ինքնուրույն դերակատարում ունենալ. կա հավասարակշռություն Մինսկի խմբում, եթե մեկը խախտի հավասարակշռությունը դեպի իրեն, մյուս երկրները դա թույլ չեն տա: Նա նկատեց, որ մոտակա ամիսներին հազիվ թե հարցը լուծում գտնի, սկզբունքային հարցերում տարբերություններն են մեծ, հասարակությունները պատրաստ չեն, Ղարաբաղի ժողովրդի կարծիքը ոչ մեկը դեռ չի հարցրել: Իսկ որ Ղարաբաղն այժմ լռում է` տարբեր տեսակետների ֆոնին, շատ ճիշտ էլ անում է, ուզում է հասկանալ` ով ինչ է ասում, վերջում իր կարծիքը կասի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4