Ներդրվող հավաստագրերը քիչ են «հիվանդ» հոգեբանությունը կարգի գցելու համար
Ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրմամբ դրամաշորթության, կաշառակերության դեպքերը ծննդատներում հաղթահարելի կարող են դառնալ: Թերեւս հավաստագրերի ներդրման հաջողության մասին գրեթե լիարժեք գնահատական տալու փոխարեն պիտի այսպիսի որակում տրվեր իրականությանը, որ սակայն չհնչեց «Տեսակետ» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում, որին մասնակցում էին առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը եւ մոր ու մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
2008-ի հուլիսի 1-ից այս նոր ռազմավարության մասին քիչ չի խոսվել, թեեւ ասուլիսի մասնակիցները, ի թիվս այլ երեւույթների, կարեւորեցին նաեւ հանրային իրազեկումը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ներառում են հղիության նախածննդյան հսկողությունը, հղիության ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, ծննդաբերությունը եւ հետծննդյան խնամքը, ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով: Ընդ որում, պետության երաշխավորած անվճար հիվանդանոցային մանկաբարձական օգնությունն ընդգրկում է ծննդալուծման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը:
Թե գնային ինչ տարբերակներ են առաջարկվում այդ հավաստագրերում կախված մարզ ու քաղաք լինելուց, բնավ էլ կարեւոր չէ: Առավել կարեւոր է, որ այդ հավաստագրով ծննդկանը կարողանա ստանալ անհրաժեշտն ու ստիպված չլինի բավարարել բժշկական անձնակազմի «քմահաճույքները»: Սարիբեկյանի ներկայացմամբ, այդ ամենը թույլ չտալու համար էլ մշտապես մոնիտորինգ է իրականացվում, վերլուծվում են հավաքված տվյալները, կատարվում է վերլուծություն:
Հատկապես կարեւորվում է երկու ցուցանիշ. կեսարյան հատումներն ու մարզերից ծննդաբերելու համար Երեւան գալու տվյալները: Առաջինի դեպքում, քանի որ նախատեսվող փոխհատուցումն ավելի մեծ է, հնարավոր է, որ ընտրվի կեսարյան հատումը` առանց դրա անհրաժեշտության: Իսկ մարզերից Երեւան գալու դեպքերը նախորդ ամիսների համեմատ չեն ավելացել, ուրեմն դեռ խնդրահարույց չէ հավաստագրերով բաշխվող գումարների անհամամասնությունը:
Ինչ վերաբերում է մասնավոր ծննդատներին, ապա այս դեպքում էլ Երեւանում գործող 10 ծննդատներից 6 մասնավորներում գործում են նույն հավաստագրերը, եթե կա պայմանագիր պետության հետ: Հետաքրքրական է, որ հուլիսին նախարարության թեժ գծով ստացվել է 138 զանգ, որից 58-ը` բողոքներով, որոնք, սակայն, անանուն են: Հոկտեմբերին արդեն թեժ գծով ստացվել է 166 զանգ, որից միայն 8-ը` բողոք: Մնացյալ զանգերն ավելի շուտ տեղեկատվական են եղել, հարցերով, թե որ դեպքում ինչ պետք է անել եւ ինչպես: Այս վիճակագրության մեջ աչքի է ընկնում Շենգավիթի ծննդատունը, որից բողոքները զգալի շատ են եւ որտեղ երեք խիստ նկատողություն է եղել բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին:
Ինչեւէ, ծննդկանի մահվան դեպքերում պատժի առնչությամբ հարցին առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին, որ ծննդատանը գումարները հատուցվում են, իսկ մահվան դեպքն ուսումնասիրվում է: Ցայսօր միայն մեկ` Բերդի հիվանդանոցի դեպքում է դեպքին առնչված բժիշկը հեռացվել աշխատանքից:
Ասուլիսի ընթացքում այն հիմնական շեշտադրումը, թե նորմալ աշխատավարձ վճարելու դեպքում չի լինի նախկին վիճակը, այնքան էլ չի աշխատում այնպիսի մի միջավայրում, որտեղ սովոր են հիվանդին, հաճախորդին վերաբերվել «տերն ով է» մոտեցմամբ: Կամ էլ պետական հետո վճարելիք գումարները աշխատավարձի տեսքով միշտ էլ կարող են քիչ դիտարկվել հենց այնպես գրպանում հայտնվող գումարներից, որոնք ամենահամեստ հաշվարկների դեպքում անգամ գերազանցում են ուզած աշխատավարձ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ