«Երբեք չեմ թողնի իմ մի բուռ հողն ու գնամ Ամերիկաներում ապրելու»: Մի առիթով հեռուստաեթերից հայտարարեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Մեծ ու անգնահատելի է նրա դերը հայ քաղաքական-հասարակական կյանքում: Հենց Քոչինյանի միջնորդությամբ Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմն արժանացավ ՀՍՍՀ պետական մրցանակի, նրա ղեկավարության օրոք կառուցվեցին Սարդարապատի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրները, Էրեբունու թանգարանը, մետրոպոլիտենը, մշակութային կենտրոններ, համալսարաններ...:
Երեկ Թեքեյան մշակութային միությունում ջերմ մթնոլորտ էր: Միության դահլիճում հավաքվել էին ժամանակի հայտնի քաղաքական- հասարակական գործիչներ, արվեստագետներ, գրողներ` տոնելու պետական գործչի ծննդյան 95-ամյակը: Հոբելյանական միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Վլադիմիր Պետրոսյանի խմբագրած «Անտոն Քոչինյան. անավարտ հուշեր» գրքի շնորհանդեսը, որտեղ Քոչինյանի հուշերին զուգահեռ ժամանակի հայտնի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչները պատկերում էին հայտնի քաղաքական գործչի կերպարը:
«Վաղուց անհրաժեշտ էր մեր հանրապետության տարբեր քաղաքներում ունենալ Անտոն Քոչինյան անունը կրող փողոցներ, տարբեր հրապարակներում կանգնեցնել նրա արձանը, մարդուՙ որի կառավարման ընթացքում երկիրն ունեցավ մշակութային հսկայական զարթոնք, գիտական զարգացում: Գրքի հրապարակումը հարգանքի փոքրիկ տուրք է մեծ անհատի հիշատակին, որ իր հողի եւ ժողովրդի մեծագույն նվիրյալն էր», բացման ելույթում ասաց Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը :
«Քոչինյան ազգանունը պարտավորեցնում է ապրել մաքուր, ազնիվ կյանքով, հարգել եւ օգնել դիմացինին», ասում է Անտոն Քոչինյանի դուստրը`Ժենյան:
«Չի կարելի մոռանալ գործերը, որ կատարել է մեր հայրենիքի համար` Երեւանի հետ կապվող մայրուղիների կառուցումը, ծառապատումը, Գառնիի ջրամբարի շինարարությունն ու Ապարանի ջրատարի կառուցումը: Նրա օրոք նշվեց Եղեռնի 50-ամյակը (1965 թ.), որ բացառիկ երեւույթ էր: Մեծ շուքով տոնվեց նաեւ Երեւանի ծննդյան 2750-ամյակը», պատմում է Լյուդվիգ Ղարիբջանյանը :
Սուրեն Օհանյանի հուշերում էլ Անտոն Քոչինյանն այսպես է մնացել. «Խաղաղասեր էր եւ հարգալից մարդկանց նկատմամբ: Խոսքն ու կեցվածքը վերամբարձ չէին, օժտված էր իրեն դիմացինից վեր չդասելու բնատուր խոհեմությամբ: Մարդկանց հետ շփվելիս երբեք չէր ցուցադրում սեփական անձը: Ահա թե ինչու չափազանց հաճելի եւ դյուրին էր նրա հետ աշխատելը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ