«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ԽՂՃԱԼԻ ԵՎ ԲՈԼՈՐՍՙ ՄԵՂԱՎՈՐ»

- Խմորումների, կործանումների, նորոգումների, փլուզումների ու կառուցումների ժամանակաշրջան ենք ապրում: Եվ առավել բարդ է արվեստի ոլորտում, քանի որ թվարկվածն այստեղ շոշափելի չէ եւ վտանգներն էլ հստակ տեսանելի չեն, բայց նշանակալի են: Շատ մեծ խնամք է պահանջվում արվեստի ոլորտի հանդեպ:

Մերօրյա իրավիճակն այսպիսին է տեսնում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը , որը երեկ «Հայելի» ակումբում հետեւյալ գնահատականը տվեց. «Չափազանց տխրում ու շատ ցավում եմ մեր ապրած ու դեռ ապրվող իրավիճակի գոյության համար, որում բոլորս ենք խղճալի եւ բոլորս ենք մեղավորՙ մի անտառի ծառեր ենք, բայց մեր երկիրն է ու մենք պետք է սիրենք այն»: Կոմպոզիտորը, որ մեծ համարում ունի Հայաստանից շատ ավելի տարբեր եւ հեռու երկրներում, հստակորեն տեսնում է նկարագրված իրավիճակի պատճառները. «Հիվանդագին, գավառական հիմքով կառուցվող հարաբերությունները մերժողական են ու հետ են քաշում մեզ: Ժամանակին Չարենցը «Երկիր Նաիրի» է գրել, որը նորից ու նորից պետք է կարդանքՙ հասկանալու, չկրկնելու համար»:

1980-ականներից կինոյի համար երաժշտություն գրելու առաջարկները մերժող կոմպոզիտորն այդկերպ փորձել է խուսափել ստեղծագործական իր ամպլուան նեղացնելու հեռանկարից. «Մղում էին դեպի կինո, որը սպառում էր ինձ, բայց կինոյի համար գրելը նաեւ միջոց էր ստեղծագործողի իմ ազատությունն ապահովելու: Սահմանները բացվեցինՙ կարողանում եմ լինել այնտեղ, ուր անհրաժեշտ է իմ ներկայությունը»: Վերջինը ազգայինից վեր արվեստի արժեքներ ստեղծողների դասի գոյացման առհավատչյա է շնորհիվ ֆինանսավորման այն տեսակի, որը վեր է գիտնականից միայն պատվիրատուին անհրաժեշտ զենքը ստեղծելու պատվերի մակարդակից: Սա էլ Մանսուրյանի պարզաբանումն է. «Զարհուրանք էՙ Արտավազդ Փելեշյանն արդեն շուրջ 20 տարի ֆիլմ չի նկարահանում: Եվ դրա համար ոչ ոք պատասխանատու չէ: Զարհուրանք է»:

Ելքը, Տիգրան Մանսուրյանի կարծիքով, իմաստային ճնշման դաշտ ստեղծելն է, որի եղանակները մշակելն ու ներդնելը արվեստագետի գործը չէ. «Չգիտեմ ինչպես պետք է կայացնել, բայց, վստահ եմ, առկախ ու ինքնահոսի թողնել նույնպես չի կարելի: Արվեստի այս կամ այն մակարդակում գործող, ստեղծողների եւ ընդհանրապես հասարակության տարբեր շերտերի միջեւ կապ գոյություն չունի, այսինքնՙ չկա իմաստային ճնշման դաշտ»:

Հասարակության լայն շերտերին մատուցվող երաժշտությունը, կոմպոզիտորի կարծիքով նույնն է թե գրականության փոխարեն լրագրական հոդված մատուցելը. «Ցավով եմ ասում, իսկ ցավի միջից խոսելը սխալվելու հավանականությունն է մեծացնում, բայց կարծում եմՙ շուկան ձեւավորում են բիզնեսի սկզբունքով եւ ձեւավորողի անհատական ճաշակի շրջանակներում, որը պարզապես ո՛չ ընդգրկուն է, ո՛չ էլ բարձր»:

Սակայն, ամեն ինչից անկախ, Տիգրան Մանսուրյանը յուրաքանչյուր ստեղծագործողի մշտապես աշխատելն անհրաժեշտ է համարում. «Անվերջ աշխատում եմ: Այս տարի Բոստոնում եղավ «Արարատին բացված պատուհանից նայելիս»ՙ 3 արիայի պրեմիերան: Իսկ հենց այդ պատուհանից դեպի դուրս, դեպի նոր հորիզոնները նայել ձգտելը հայության համընդհանուր հոգեվիճակն է, որը փորձել եմ ներկայացնել: Հաջորդ պրեմիերան Բաղդասար Դպիրի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի միմյանց լրացնող երկուական բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգաշարինն էր, որ Մոնպելիեյում հիանալիորեն ներկայացրեց Հասմիկ Պապյանը: Թողարկվել են CD-ները, բայց Հայաստանում չեն վաճառվումՙ թանկ են եւ ես չեմ տնօրինում»: Իսկ վերջերս բացառության կարգով հոլիվուդյան մի ֆիլմի համար Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը համարվել է ֆիլմի լավագույն աշխատանք:

Լրագրողների հետ հանդիպմանը որպես Տիգրան Մանսուրյանի «հակառակորդ» հրավիրված գրող Վիոլետ Գրիգորյանը , որ ըստ էության կոմպոզիտորի հետ համակարծության մասին հայտնեց, նույնպես ստեղծագործում է եւ բացի «Ինքնագրի» հերթական համարից, շուտով ընթերցողին կներկայացնի հայ ժամանակակից գրողների գործերի անթոլոգիան անգլերենով: Նրա կարծիքով այսօր չարչրկվող ազատություն բառը բովանդակազրկել ենք եւ հարկավոր է հակառակն անելՙ նկատի առնելով անհատի անկախությունը. «Ստեղծագործողը լիովին անկախ պետք է լինի ու դա պետք է լինի առաջին հերթին հենց տնտեսական անկախությունը: Վաղուց ժամանակն է ձերբազատվել մտայնությունիցՙ թե արվեստագետը ստորադաս է քաղաքական գործչին: Ամենեւին, եթե հիերարխիա է անհրաժեշտ, ապա ոչ այդկերպ արտահայտված, այլ առաջարկի ավելացման սկզբունքով պիտի գործի»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4