«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՄՐՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

Հովհաննես Թումանյանի թանգարանի յուրօրինակ հնարքներով, հանճարեղ գրողի գրական արժեքները մշտապես մեծարելուն, գեղեցիկն ու բարին տարածելուն ուղղված միջոցառումներից վերջինը Թումանյանի հեքիաթները հայերենի ամենատարբեր բարբառներով ներկայացնող եռօրյա մրցույթ-տոնն էր: Այն Հայաստանում առաջին անգամ իրականություն դարձած բացառիկ մի մտահղացում էր, որ վերնագրված էր «Երկնքից երեք խնձոր ընկավ... » հայտնի տողով: Հեքիաթասացության մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից թանգարան եկած տատիկներն ու պապիկները, կանայք ու տղամարդիկ, պատանիներ: Եվ երկու օր հեքիաթ պատմելու իրենց վարպետությամբ հանդես եկան 19 մասնակիցներՙ Մուշի, Համշենի, Ագուլիսի, Լոռվա, Ուրմիայի, Շիրակի, Բայազետի, Գարդմանքի, Վայոց ձորի, Սյունիքի, Մուսա լեռի, Ջավախքի, Արագածոտնի եւ Արցախի բարբառներով: Ընդ որում, նրանց շարքում գիտության թեկնածուներ եւս կային: Յուրաքանչյուր պատումից առաջ ակնարկային հանելուկների տեսքով եւ Հայկական լեռնաշխարհը պատկերող քարտեզի օգնությամբ ներկայացվում էր ամեն մի բարբառի «ծննդավայրը», վերջինիս անվան ծագումնաբանությունը, նշանակությունը եւ տեղանքի հետ կապված հետաքրքրական որոշ մանրամասներ: Մրցողների բանավոր խոսքը գնահատում էր ժյուրիիՙ համապատասխան 7 մասնագետներ ընդգրկող կազմը, որ մրցանակաբաշխության օրը հանդես եկավ անակնկալ որոշմամբՙ յուրաքանչյուր անվանակարգի (I, II, եւ III տեղեր) համար սահմանելով երկուական հաղթող: Իսկ հրովարտակների տեսքով անվանակարգերը հատուկ մտածված էին: Այսպեսՙ I տեղՙ «Թագավորի փոքր տղեն (աղջիկը)», II տեղՙ «Թագավորի միջնեկ տղեն (աղջիկը)», III տեղՙ «Թագավորի մեծ տղեն (աղջիկը)»: Հաղթողներին տրվեցին նաեւ մետաղադրամներով ծանրացած քսակներ, իսկ բոլոր մասնակիցներինՙ հրովարտակներով «ուղարկված», Հովհաննես Թումանյանի կիսադեմի պատկերով մեդալներ: Հարկ է նշել նաեւ, որ տոն-մրցույթին Թումանյանի մասին պատմող հուշերով ներկա էր դսեղցի մի ծերունի, որը եւս թանգարանի կողմից անակնկալ նվերներ ստացավՙ բանաստեղծի ձեռնափայտի եւ երբեւէ կրած ժիլետի (ցուցադրվում են թանգարանում) կրկնօրինակները, որ կարվել ու պատրաստվել էին հատուկ բանաստեղծի համագյուղացու համար: Հետաքրքրական մի հանգամանք եւս. փառատոնին հրավիրված էին մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններիՙ քուրդ, ասորի, հրեա, ուկրաինացի, հույն, եզդի, վրացի ներկայացուցիչներ, որոնք միջոցառմանը հանդես եկան իրենց հեքիաթներով, նաեւ փոքրիկ բեմադրություններով: Նրանք նույնպես որպես հեքիաթային տոնի գեղեցիկ հուշ տուն տարան հրովարտակներ ու մեդալներ:

Մրցույթը շատ կարեւոր եւ անգնահատելի միջոցառման վերածվեց, քանի որ իրականություն դարձրեց իր առջեւ դրված երկու նպատակՙ հավուր պատշաճի մեկ անգամ եւս ներկայացնել մեծ հեքիաթագրի բանահավաքչական գործը եւ մեկ անգամ եւս հնչեցնել պահպանման կարիք զգացող մեր բարբառները: Ու այս ամենը, ինչպես եւ թանգարանի յուրաքանչյուր նախաձեռնություն, մատուցվեց գեղարվեստական բարձր ճաշակով: Մրցույթը տեղի էր ունենում թանգարանի «աստիճանաբեմին», իրիկնային բաց երկնքի տակ, ապա հեքիաթային կոլորիտ ստեղծած դեկորացիաների առկայությամբ, լուսային էֆեկտների համադրմամբ, հեքիաթների իրական հերոսներ դարձած փոքրիկների դերակատարմամբ. մայթեզրին կանգնածՙ «Էստի համեցե՜ք, էստի համեցե՜ք» վանկարկումներով մարդկանց թանգարան էին հրավիրում, հետո գեղեցիկ ու ճիշտ հայերենով ներս մտնելու համար գաղտնաբառը պահանջում, չիմանալու դեպքումՙ հուշում, պատասխանը ստանալուց հետո ներս թողնում:

Ի դեպ, երբ մրցույթը հայտարարվեց փակվածՙ գալիք տարում վերսկսելու ակնկալիքով ու համոզվածությամբ, երկնքից իրապես խնձորներ ընկան... Շատ գեղեցիկ էր:

ԱՐՄԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆ

Հ. Գ. Թանգարանն առաջիկայում կազմակերպելու է բանահավաքչական մրցույթներՙ ներգրավելով արդեն համապատասխան մասնագիտություն ստացող ուսանողների, մարզերի երիտասարդների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4