«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


«ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐԻ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահը երեկվանից մի քանի օր շարունակ հայր Հարություն Պզտիկյանի «Վենետիկյան թափառումների» տրամադրությունների մեջ է լինելու: Նույն խորագրով մի ցուցադրություն հայր Հարությունը կազմակերպեց Սեւրիՙ իր տնօրինությամբ գործող Մխիթարյան Սամուել-Մուրատյան վարժարանի սրահում, անշուշտ, միանգամայն տարբեր բովանդակությամբ: Այնտեղ Վենետիկը ներկա էր արվեստային զանազան վերարտադրություններովՙ քաղաքային կյանքին բնորոշ տեսարաններով, վենետիկյան տարբեր դարաշրջաններին հատուկ դիմակահանդեսային պարագաներով, հնատիպ գրքերով, տպագրություններով:

Այլ է երեւանյան «Վենետիկյան թափառումների» ներկայությունը. այստեղ հայր Հարությունիՙ մեզ արդեն ծանոթ ու անծանոթ գեղանկարչական եւ կոլաժային աշխատանքներն են, իր ասելովՙ փարիզյան ցուցահանդեսի արձագանքները: Իսկ ինչո՞ւ վենետիկյան, հարցնում եմ: Ասում է, թե իր գույները վենետիկյան «մոզաիկների, քրիստալների գույներն ունեն, Վենետիկն իր հոգու թափառումների քաղաքն է», որտեղ ձեւավորվել է ինքըՙ որպես արվեստագետ, Մխիթարյան վարդապետ: «Լույսի ու արվեստների մայրաքաղաքում» է անցկացել գրեթե ողջ կյանքը, «սանտիմ առ սանտիմ չափել փողոցները», ճանաչել եվրոպական կյանքը, մշակույթը, նշանավոր շատ արվեստագետների, մտավորականների, հոգեւորականների: Ինչ-որ տեղ Վենետիկն իր համար նաեւ հայկական քաղաք է. այստեղ ծնվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, Մխիթար Սեբաստացին Վենետիկն է ընտրելՙ որպես հայկական ամենախոշոր հոգեւոր-մշակութային կենտրոնատեղի: Վենետիկում ապրել եւ գործել են նշանավոր շատ հայեր. այս մասին «Հայերը Վենետիկում» խորագրով ֆիլմ է նկարել, որի հայաստանյան առաջին ցուցադրությունը տեղի կունենա մի քանի օրից, Բրյուսովի անվան համալսարանում:

Իր գեղանկարչական արտահայտություններում աշխարհի առարկայական պատկերները խամրում-հեռանում են արվեստագետի հայացքից, փոխարինվում երեւակայության մեջ ծնված իրականությամբՙ լուսավոր հետագծեր, գունային միգամածություններ, լույսի հորձանքներՙ թափանցիկ մակերեսներով: Պատկերների երկրաչափական աղոտ ձեւերը թաղված են գունալուսային այս հեղեղներում: Միտքը հեռանում է արտաքին կերպաձեւերիցՙ սուզվելով դեպի ներս, դեպի հոգու երեւակայության աշխարհ, պատկերացումները եռաչափ տարածությունից դուրս կերպափոխվում, դառնում են երբեմն անձեւ, շարժուն, թրթռուն: Արվեստագետի մտքի երեւակայությունը ձգտում է անհայտին, բացարձակին: Այս ճանապարհը զերծ է թանձրացականությունից. ի հայտ են գալիս երկնային մարմինների, տիեզերական գոյությունների արտացոլանքներՙ աստղաբույլերի, միգամածությունների. նա փորձում է թոթափել կյանքի սահմանափակումները, նյութի դիմադրողականությունը: Այս վերսլացման արտահայտություններըՙ հաճախ եթերային, երբեմն խիտ շերտերով, կտավին հայտնվում են գունախաղացկուն վրձնահարումների, նաեւ ընտրած եւ մշակված նյութիՙ հանքային լուծված փոշու, սոսնձի, ջնարակի, նավթի տարրալուծված խառնուրդի շնորհիվ:

Հայաստանցի արվեստագետներն ու մտավորականները վաղուց արդեն ճանաչում ու գնահատում են հայր Հարությունի արվեստն ու գործը: Կարո Վարդանյանը ներկայացված աշխատանքները բնութագրեց որպես գույնի ու շարժումի շքերթ, որ հոգեւոր ու մտավոր հետաքրքրական լարվածության մեջ է պահում դիտողին:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը հայր Հարությունի աշխատանքների ներգործուն ազդեցությունը պայմանավորում է նրա անձի եւ արվեստի ընդգծված անհատականությամբ, գույնի զգացողությամբ, տեխնիկական վարպետությամբ: «Գույների ներդաշնակություն, գծերի շարժում, աշխուժություն, դինամիզմ, որ խոսում է մարդու բացսրտության, անմիջականության մասին», սա Շահեն Խաչատրյանի կարծիքն է: Արժեքավոր նկատվեց հատկապես հայր Հարություն Պզտիկյանի մշտական կապը Հայաստանի հետ, նրա մտահոգությունն ու սրտացավությունը մեր մշակույթին, մեր ժողովրդի հոգսին, առօրյա կյանքին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4